Մարդու թուքը մածուցիկ, պղտորավուն հեղուկ է 1,001-1,007 տեսակարար կշռով։ Խառը թքի pH-ը տատանվում է 5,8-7,4-ի սահմաններում։ Թքազատության ընթացքին զուգընթաց pH-ը մեծանում է՝ հասնելով մինչև 7,8-ի։ Օրվա ընթացքում արտազատվում է 0,5-2 լիտր թուք, որի երկու երրորդը արտադրվում է ենթածնոտային գեղձերի կողմից։ Խառը թուքը պարունակում է 99,5% ջուր և 0,5% չոր մնացորդ՝ կազմված օրգանական և անօրգանական նյութերից։ Անօրգանական նյութերին են պատկանում նատրիումի, կալիումի, կալցիումի, մագնեզիումի, լիթիումի, քլորի, երկաթի, ֆոսֆատի, բիկարբոնատի, սուլֆատի իոնները։ Օրգանական նյութերի պարունակությունը թքում 2-3 անգամ ավել է, քան հանքային աղերինը։ Օրգանական նյութերից թքի մեջ գտնվում են սպիտակուցներ, ազատ ամինաթթուներ, որոշ ածխաջրատներ, ոչ սպիտակուցային բնույթի ազոտ պարունակող միացություններ (միզանյութ, միզաթթու, կրեատինին), մանրէասպան նյութ՝ լիզոցիմ (մոտամիդազա), մուցին, որը նրան տալիս է մածուցիկություն, կալիկրեին, որը նպաստում է անոթալայնիչ նյութերի՝ կինինների սինթեզին ու ֆերմենտներ։

Թքի հիմնական ակտիվ ֆերմենտ¬երն են կարբոհիդրազները՝ а- ամիլազը և մալտազը։ а- ամիլազը ճեղքում է պոլիսախարիդները (օսլա, գլիկոզեն) սկզբից դեքստրինների, ապա մալտոզի աստիճանի։ Մալտազը հիդրոլիզի է ենթարկում մալտոզին՝ առաջացնելով միաշաքարներ։ Թքի կարբոհիդրազների ազդեցությունը բերանի խոռոչում մեծ չէ, քանի որ այնտեղ սնունդը երկար չի մնում։ Թքի ֆերմենտների կողմից ածխաջրատների հիդրոլիզը շարունակվում է ստամոքսում, սննդագնդի խորքերում, որտեղ դեռ չի թափանցել ստամոքսահյութի աղաթթուն։ Թքի մեջ ոչ մեծ քանակով կան և այլ ֆերմենտներ՝ պրոտեազներ, լիպազներ, հիմնային և թթվային ֆոսֆատազներ, ՌՆԹ-ազ, նուկլեազներ և այլն, որոնք մարսողության պրոցեսում էական դեր չեն կատարում։ Թքի կազմն ու հատկությունները կապված են սննդի ռեժիմից և տեսակից։ Սննդանյութերի ընդունման ժամանակ արտադրվում է առավել մածուցիկ թուք, իսկ նրա քանակը կախված է սննդի չորությունից (ինչքան չոր է, այնքան շատ է)։ Մերժվող նյութերի նկատմամբ արտադրվում է մեծ քանակի հեղուկ թուք, որն ունի պաշտպանական նշանակություն։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին