Կենդանիների թուքը կարող է ստացվել սուր և խրոնիկ փորձերում։ Առաջին դեպքում թուքը ստանում են թքային ծորանի մեջ ապակյա ծայրակի, իսկ երկրորդ դեպքում՝ հատուկ թքային խուղակի տեղադրումով, որն առաջարկվել է Ի.Պ. Պավլովի լաբորատորիայում, Դ.Պ.Գլինսկու կողմից 1895թ.։ Մարդու թքազատության ուսումնասիրությունը կատարվում է Ն.Ի.Կրասնոգորսկու պատիճի օգնությամբ, որն իրենից ներկայացնում է փոքրիկ մետաղյա ձագարիկ ծծիչ և տեղադրվում է բերանի խոռոչի լորձաթաղանթի այն հատվածներում, որտեղ բացվում են թքագեղձերի ծորանները։