Թոքեր (լատ.՝ pulmo, հին հուն.՝ πνεύμων), մարդու, ցամաքային ողնաշարավորների և որոշ ձկների շնչառության օրգան են: Հիմնական ֆունկցիան գազափոխանակությունն է: Մարդու թոքերը գտնվում են կրծքի խոռոչում՝ ստոծանու համապատասխան գմբեթների վրա` սրտից, արյան խոշոր անոթներից և միջնորմի օրգաններից աջ ու ձախ` պարփակված կրծքամզային պարկերի մեջ: Թոքերը կիսակոնաձև են, գագաթով՝ ուղղված վեր, իսկ հիմքով՝ վար, ունեն 3 մակերևույթ. առաջինը կողերին հպվող ուռուցիկ մակերևույթն է, դարձած է դեպի միջնորմը, երկրորդը ստորին գոգն է, որը կիպ հպվում է ստոծանուն, երրորդը միջային մակերևույթն է, որի վրա կա ռոմբաձև կամ օվալաձև մի փոս՝ թոքի դրունքը, որով անցնում են թոքի արմատը կազմող գլխավոր բրոնխը, թոքային զարկերակը, թոքային 2 երակները, ավշային անոթները և նյարդերը: Աջ թոքն ավելի լայն է ու կարճ և 2 ակոսներով բաժանվում է վերին, միջին ու ստորին, իսկ ձախը՝ 1 ակոսով՝ վերին և ստորին բլթերի:
Գլխավոր բրոնխը թոքի դրունքում բաժանվում է բլթային բրոնխների, որոնք, թոքանյութի մեջ ծառանման ճյուղավորվելով, հաջորդաբար բաժանվում են հատվածային, բլթակային, ապա` ավելի փոքր տրամաչափերի սահմանային և շնչառական բրոնխիոլների: Վերջիններս առաջացնում են 2 կամ 3 թոքաբշտիկային պարկիկներ, որոնց նուրբ պատերի արտափքումները կոչվում են թոքաբշտիկներ: Թոքային զարկերակի և երակների ճյուղերն իրենց ընթացքով ուղեկցում են բրոնխներին և բրոնխիոլներին: Թոքերում գազափոխանակությունը կատարվում է թոքաբշտիկներում պարունակվող օդի և թոքային զարկերակով հոսող արյան միջև: Թոքերը նյարդավորվում են թափառող նյարդի և սիմպաթիկ ցողունի ճյուղերից կազմված թոքային հյուսակով: Թոքերի հիմնական ֆունկցիան գազափոխանակությունն է: Թոքերի միջոցով օրգանիզմը ստանում է թթվածին, իսկ արյունը մաքրվում է ածխաթթու գազից Գազափոխանակությունից բացի, թոքերը կատարում են նաև արտաթորման գործառույթ. արտաշնչման փուլում արտազատում են ջրի գոլորշիներ և նյութափոխանակության այլ արգասիքներ: Թոքերը մասնակցում են մարմնի հաստատուն ջերմաստիճանի պահպանմանը, արյան մակարդման կարգավորմանը, իմունային հակամարմինների մշակմանը, սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի փոխանակությանը:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին