տեսաթումբ (թալամուս)Տեսաթումբը (թալամուս) ուղեղի բարդ, բազմաֆուեկցիոնալ բաժինն է։ Թլամուսը յուրահատուկ դարպաս է, որով ուղեղի կեղև է հասնում, մշակվում և գիտակցվում մեզ շրջապատող աշխարհի, մեր մարմնի վիճակի մասին տեղեկատվությունը։ Թալամուսի նյարդային բջիջները խմբավորվելով ձևավորում են մեծ քանակությամբ կորիզներ։ Առանձնացվում է շուրջ 40 կորիզ։

Ֆունկցիոնալ առումով տարբերում են յուրահատուկ կամ պրոեկցիոն (զգայական և շարժիչ), ոչ յուրահատուկ և զուգորդող (ասոցիատիվ) կորիզներ։ Պրոեկցիոն կորիզներում տեղի է ունենում երկար վերընթաց առբերիչ համակարգերի նեյրոններից թալամիկ նեյրոններին եկող զգայական տեղեկատվության սինապսային փոխարկում, որոնք իրենց աքսոններն ուղարկում են անմիջականորեն ուղեղի մեծ կիսագնդերի կեղևի համապատասխան պրոեկցիոն բաժիններ։ Բոլոր առբերիչ ուղիները, բացի հոտառականից, միեչև կեղև մուտք գործելը, թալամուսի պրոեկցիոն կորիզներում անպայմանորեն սինապսային ընդհատում են ունենում։

Հիմնական կորիզներից կարելի է առանձնացնել փորահիմնային (վենտրոբազալ) կորիզը, որը մարմնազգայական համակարգի յուրահատուկ կորիզն է։ Տեսողական զգայական համակարգի պրոեկցիոն կորիզ է կողմնային ծնկաձև մարմինը, որն ուղղակի կապեր ունի ուղեղի մեծ կիսագնդերի կեղևի ծոծրակային (տեսողական) պրոեկցիոն շրջանի հետ։ Կողմնային ծնկաձև մարմնի նեյրոնների վրա ավարտվում է տեսողական ուղու նյարդաթելերի հիմնական զանգվածը, որոնք իրենցից ներկայացնում են տեսողական նյարդի (գանգուղեղային նյարդերի 2-րդ զույգ) շարունակությունը։ Լսողական համակարգի վերընթաց ուղիները ուրվագծվում են թալամուսի պրոեկցիոն կորիզ` միջային ծնկաձև մարմնի վրա, որտեղից սկսվում է քունքային բլթի վերին մասում գտնվող առաջնային լսողական կեղևին հասնող ուղին։

Պրոեկցիոն շարժիչ կորիզների շարքին է դասվում փորակողմնային (վենտրոլատերալ) ռելեային կորիզը, որը ուղեղիկից և հիմնահանգույցներից մուտք ունի ու ուրվագծվում է ուղեղի մեծ կիսագնդերի կեղևի շարժիչ շրջանի վրա։ Ֆունկցիոնալ առումով թալամուսի պրոեկցիոն կորիզները հիմնական առբերիչ համակարգերի միակ բաղկացուցիչ մասն են կազմում, որն ապահովում է տեղեկատվության հաղորդումն ու մշակումը, քանի որ նրանց վնասումը հանգեցնում է զգացողության համապատասխան տարատեսակների լիովին և անվերադարձ կորստին:

Թալամուսի պրոեկցիոն կամ յուրահատուկ կորիզները կողմնորոշված են տարածքային (տոպիկ) սկզբունքով, տվյալ զգայական համակարգի ընկալիչ դաշտի յուրաքանյուր կետ ուրվագծվում է փոխարկող կորիզի նեյրոնների որոշակի խմբի վրա, այդ պատճառով էլ բոլոր կորիզները կարելի է պատկերացնել էկրանի ձևով, որի վրա վերաստեղծվում է ընկալիչ դաշտը։ Միաժամանակ մարմնի զգայության տարբեր տեսակները տարածականորեն նույնպես տարանջատված են։ Այսպես, հոդային և մաշկային ընկալիչների ազդակայնությունից ակտիվանում են տարբեր բջջային խմբեր։ Հարկ է նշել, որ ընկալիչ դաշտերի պրոեկցիան իր չափերով ոչ լիովին է համապատասխանում ընկալիչ դաշտի ֆիզիկական մեծությանը, ընկալիչ դաշտի շրջանները, որտեղ նրանց մակերեսի խտությունը մեծ է, համապատասխանաբար տեսաթմբի կորիզներում ունեն ավելի լայն ներկայացություն, իսկ այն շրջանները, որոնց մակերեսը քիչ է հագեցված վերջույթներով` համապատասխանաբար ավելի նեղ։ Նույն պատկերը կրկնվում է նաև մեծ կիսագնդերի կեղևի պրոեկցիոն դաշտերում։ 

Տեսաթմբի յուրահատուկ կորիզների նեյրոնային կազմակերպման ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այստեղ գոյություն ունի մուտք գործող տեղեկատվության մշակման բարդ համակարգված գործընթացների առկայություն։ Այդ գոյացությունների բջջային մեխանիզմներում մեծ դեր է կատարում հետսինապսային արգելակումը։ Ենթադրվում է, որ արգելակումը ճնշում է թույլ դրդող ազդեցությունները, որի շնորհիվ տարածականորեն և ժամանակի մեջ առանձնացվում է առավել կարևոր տեղեկատվությունը։
Տեսաթմբի կորիզների հաջորդ ֆունկցիոնալ խումբը նրա ասոցիատիվ (զուգորդական) կորիզներն են։ Ի տարբերություն յուրահատուկ կորիզների, նրանք չեն կարող դասվել որեէ առանձին զգայական համակարգի մեջ և առբերիչ ազդակներ են ստանում յուրահատուկ պրոեկցիոն կորիզներից։ Այդ կորիզները ուրվագծվում են ուղեղի կեղևի գլխավոր զուգորդական շրջաններ ու լիմբիական կեղև և, հավանաբար, մասնակցում են բարձրագույն ամբողջականացնող գործընթացներին։

Մեծ խումբ են կազմում թալամուսի ոչ յուրահատուկ կորիզները։ Նրանք ուղեղի բոլոր բաժինների վրա բնութագրվում են սփռուն պրոեկցիայով և կարգավորող ազդեցություն են թողնում կեղևային նեյրոնների վրա։ Դա դրսևորվում է նրանում, որ թալամուսի ոչ հատուկ կորիզների վերընթաց ազդեցությունները հիմնականում վախում են կեղևային նեյրոնների դրդունակությունը։ Պատկերացում կա, որ թալամուսի ոչ յուրահատուկ կորիզներն ընդգրկված են վերընթաց ակտիվացնող համակարգում ու միջնորդ են հանդիսանում ուղեղի կեղևի և ուղեղաբեի ցանցանման գոյացության միջև, որը տեղեկատվություն է ստանում բոլոր զգայական օրգաններից։ Այդ մասին են վկայում նաև կլինիկական տվյալները այդ գոյացությունների քայքայումն անմիջապես հանգեցնում է գիտակցության կորստի։ Եզրակացվել է, որ թալամուսի ոչ յուրահատուկ վերընթաց համակարգը շատ կարևոր է կեղևային նեյրոնների բարձր մակարդակի դրդունակության ապահովման համար, որն անհրաժեշտ է գիտակցության պահպանման գործում (այսպես կոչված «ցենտրոէնցեֆալիկ համակարգ»)։

Ցույց է տրված, որ ուղեղի կեղևն իր հերթին արգելակող և դրդող ազդեցություն է ունենում տեսաթմբային կորիզի վրա, ինչը վկայում է տեսաթմբի և ուղեղի կեղևի միջև գոյություն ունեցող երկկողմանի ցիկլային կապերի առկայության մասին, որոնք կարևոր դեր են կատարում ամբողջականացման գործընթացներում։ Տեսաթումբը կապեր ունի ենթատեսաթմբի հետ, որտեղ համախմբված են գլխավոր վեգետատիվ կենտրոնները։ Նկարագրվածով չի սպառվում տեսաթմբի կորիզների ֆունկցիաները։ Տեսաթմբային կենդանիների վրա կատարված փորձերը (հեռացված կեղևով և բագալ հանգույցներով) հիմք են տվել ենթադրել, որ ներտեսաթմբային փոխհարաբերություններն ապահովում են բարդ տեղաշարժման գործողությունների, ինչպես նաև շարժողական ֆունկցիաների և վեգետատիվ գործընթացների ամբողջականացումը: Տեսաթմբի հետ սերտորեն կապված են նաև ցավային զգացողությունն ու ցավային ռեակցիաները։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին