Տեղաշարժում տերմինի անվան տակ հասկացվում է մարմնի տեղափոխությունը տարածության մեջ։ Տեղաշարժման առավել տարածված օրինակ են քայլքն ու վազքը, որոնք պատկանում են պարբերական շարժողական գործողություններին, այսինքն այնպիսիների, որոնց դեպքում շարժման հաջորդական փուլերը պարբերաբար կրկնվում են, ընդ որում տեղաշարժման յուրաքանչյուր ձևի բնորոշ է քայլվածքի երկու փուլեր՝ հենման և տեղափոխման։ Տեղաշարժումը բնութագրվում է քայլվածքով, որն իրենից ներկայացնում է մակերեսի վրա տեղաշարժման յուրհատուկ ձև, որի գնահատումը ըստ ժամանակի բաժանման, հիմնվում է վերջույթների պարբերական շարժումների հենման փուփ տևողության և հենվող վերջույթների տեղափոխման հաջորդականության վրա։

Ողնուղեղում նկարագրված է նեյրոնային շղթա, որը կոչվում է քայլքի ողնուղեղային գեներատոր։ Այն պատասխանատու է տարբեր շարժանեյրոնների դրդման և արգելակման ցիկլերի հաջորդականության համար և կարող է աշխատել իեքնավար ռեժիմով։ Այդպիսի գեներատորի տարրական միավոր է հանդիսանում տեղաշարժի կենտրոնը մեկ ծայրանդամի համար։ Այդ կենտրոնների համաձայնեցված գործունեությունն ապահովվում է պրոպրիոսպինալ համակարգերով և ուղիներով, որոնք հատում են ողնուղեղը յուրաքանչյուր հատվածի սահմաններում։ Առբերիչ ազդակները, որոնք մկանային իլիկներից, Գոլջի ջլային ընկալիչներից, ինչպես նաև մաշկից ընթանում են դեպի ողնուղեղ, լոկոմոցիայի առաջացման համար անհրաժեշտ պայման չեն հանդիսանում։ Այնուամենայնիվ, նրանք մասնակցում են միջավայրի նկատմամբ լոկոմոտոր շարժումների առավել ճշգրիտ հարմարմանը։ Հետևաբար, նշված շարժողական ծրագրերը կարող են իրագործվել հետադարձ աֆերենտացիայի բացակայության պայմաններում։ Դա խոսում է այն մասին, որ նույնիսկ ողնուղեղի մակարդակում գոյություն ունեն ոչ միայն ռեֆլեքսային, այսինքն արտաքին ազդակով  արձակվող, այլև ծրագրավորված շղթայական շարժողական գործողություններ, որոնք ընդունակ են իրականացվելու առանց որեէ արտաքին ազդեցության։

Ողնուղեղի կառույցներն անընդհատ գտնվում են վերողնուղեղային հսկողության տակ։ Պարզված է, որ ուղեղաբնի որոշակի մասերի գրգռումն ընդունակ է առաջացնել համաձայնեցված տեղաշարժ, որը պայմանավորված է ողնուղեղային գեներատորի ռիթմային ակտիվության արձակումով։ Մեծ դեր է հատկացվում ուղեղիկին, որը տեղեկատվություն ստանալով վերընթաց ողնուղեղ-ուղեղիկային ուղիներով ողնուղեղային գեներատորի աշխատանքի և շարժումների իրական պարամետրերի մասին, ստացած լրատվության համեմատության հիման վրա ապահովում է վերջույթների կարգավորված ու ճիշտ տեղադրումը։ Էական դեր է հատկացվում մեծ կիսագնդերին իրենց տեսաթմբային կորիզներով,   ստրիոպալիդար   համակարգով   և գլխուղեղի կեղևի համապատասխան շրջաններով։ Բարդ շարժումների ուսուցման համար պահանջվում է ունենալ նախնական ծրագիր։ Դրանց իրականացման համար անհրաժեշտ է հետադարձ լրատվությունը բաղդատել շարժման այն զգացող պատկերի հետ, որը ձևավորվել է համաձայն ծրագրի։

Արագ, արդեն սովորած բալիստիկ տեսակի շարժումներում (օրինակ՝ բռնցքամարտի ժամանակ) մարմնական հետադարձ կապը չի մասնակցում, քանի որ ինքը՝ շարժումն ավարտվում է ավելի շուտ, քան շարժողական ապարատից եկող տեղեկատվությունը կհասցնի հասնել համապատասխան ուղեղային կենտրոններ։ Շարժողական ակտիվության ժամանակ միջային լեմինսկը հանդիսանում է հիմնական ներքին ուղի հետադարձ տեղեկատվության հաղորդման համար, որն ամբողջականացված ազդակ է հաղորդում ողնուղեղի հետին սյուների կորիզներից։ Դրա շնորհիվ, գլխուղեղի բազմաթիվ մակարդակներ տեղեկատվություն են ստանում կատարվող շարժման և նախնական ծրագրի համապատասխանության մասին։ Շարժողական ապարատից ընթացող սոմատիկ տեղեկատվությունն անհրաժեշտ է շարժումները նախաձեռնող գեներատորի աշխատանքի և նրանց համաձայնեցված կատարման համար։ Հետին սյուներն այն կենտրոններից են, որտեղ տեղի է ունենում շարժողական ցիկլի արդյունքների բաղդատումը շարժողական ծրագրի հետ և, եթե կա անհամաձայնեցվածություն, ապա այդ մասին հաղորդվում է զգայաշարժ կեղև՝ հերթական շտկման համար։ Վերջինս իրականացվում է բրգային ուղու նյարդաթելերով, որոնց մեծ թվով կողմնային ճյուղերն ընթանում են դեպի երկայնաձիգ ուղեղում տեղակայված մեջքային սյուների կորիզները։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին