տարբեր նյութերի ներծծումՏարբեր նյութերի ներծծումը ստամոքսաղիքային ուղում.
Սպիտակուց ների ներծծումը: Աղիքների լորձաթաղանթը սպիտակուցների մակրոմոլեկուլների համար անթափանց է, ուստի դրանց ներծծումը հնարավոր է միայն մինչև եռ-, երկպեպտիդների ու ազատ ամինաթթուների ճեղքվելուց հետո: Աղիքից ամինաթթուների ներծծումը ապիկալ թաղանթի միջով մինչ էպիթելիոցիտների ներսը տեղի է ունենում հիմնականում ակտիվ կերպով, փոխադրիչների միջնորդությամբ, էներգիայի էական ծախսով: Պասիվ ճանապարհով ներծծվող ամինաթթուների քանակը շատ չնչին է:

Պեպտիդների կամ ամինաթթուների մեծ մասը կապվում է փոխադրող սպիտակուցների հետ, որոնք փոխազդեցության մեջ են գտնվում նատրիումի իոնների հետ: Վերջիններս, էլեկտրաքիմիական գրադիենտով տեղաշարժվելով ներբջջային միջավայր, իրենց հետևից «տանում են» ամինաթթուն կամ պեպտիդը: էպիթելիոցիտներից ամինաթթուները փոխադրվում են միջբջջային հեղուկ հեշտացված դիֆուզիայի միջոցով:

Ածխաջրերի ներծծում: Ածխաջրերի ներծծումը հիմնականում տեղի է ունենում բարակ աղիքում և իրագործվում է միաշաքարների տեսքով: Հեքսոզների (գլյուկոզ, ֆրուկտոզ և գալակտոզ) ներծծումն արագ է ընթանում, իսկ պենտոզներինը` դանդաղ: Գլյուկոզի և գալակտոզի ներծծումն իրագործվում Է ակտիվ փոխադրման ճանապարհով: Այդ միշաքարները Էնտերոցիտի մեջ են տեղափոխվում Na+-կախյալ փոխադրող համակարգի մասնակցությամբ: Na+-ի առկայության պայմաններում միաշաքարները կապվում են փոխադրիչի և Na- ի հետ: Դրանից հետո փոխադրիչը Na+-ի էլեկտրաքիմիական գրադիենտով դիֆուզվում է թաղանթից ներս, ապա ցիտոպլազմայում անջատվելով Na+-ից և գլյուկոզից՝ դիֆուզվում է հետ, դեպի էնտերոցիտի արտաքին մակերես: Գլյուկոզի ներբջջային խտության մեծացումը պայմաններ է ստեղծում նրա հեշտացված դիֆուզիայի համար էպիթելային բջջի հիմային թաղանթի միջով դեպի միջբջջային տարածություն: Ֆրուկտոզի ներծծումն իրականացվում է հեշտացված դիֆուզիայի ճանապարհով, իսկ մանոզը և պենտոզները բջիջ են անցնում հասարակ դիֆուզիայի մեխանիզմով:

Ճարպերի ներծծում: Ճարպերի հիդրոլիզի արգասիքները առավել ակտիվ ներծծվում են բարակ աղիքի մոտակա բաժիններում: Ճարպաթթուները և մոնոգլիցերիդները լեղաթթուների հետ բարակ աղիքում կազմավորում են փոքրագույն կայուն միցելներ, որոնք կլանվում են էնտերոցիտների թաղանթի կողմից: Այնուհետև միցելի պարունակությունը առանց էներգիայի ծախսի անցնում է էնտերոցիտներ, իսկ լեղաթթուները վերադառնում են աղիքի խոռոչ և մասնակցում են նոր բաժին ճարպաթթուների և մոնոգլիցերիդների ներծծմանը: Էնտերոցիտներում մոնոգլիցերիդներից և ճարպաթթուներից սինթեզվում են մարդու օրգանիզմին բնորոշ ճարպեր, որոնք խոլեսթերինի, ֆոսֆոլիպիդների և գլոբուլինների հետ միասին ձևավորում են խիլոմիկրոններ՝ սպիտակուցային թաղանթում պարփակված փոքրագույն ճարպային մասնիկներ: Վերջիններս էնտերոցիտների հիմային և կողմնային թաղանթների միջով տեղափոխվում են թավիկների միջբջջային տարածություն, այստեղից էլ նրանց հիմնական մասը՝ ավիշ: ՈՒստի ճարպային սնունդ ընդունելուց 3-4 ժամ անց ավշային անոթները լցվում են կաթ հիշեցնող ավշով: Ներծծման նկարագրված մեխանիզմը բնորոշ է երկարաշդթա ճարպաթթուներին: Կարճ և միջին չափի շղթա ունեցող ճարպաթթուները առանց խիլլոմիկրոնների ձևավորման դիֆուզվում են արյան մեջ: Արյան և ավշի մեջ ներծծված ճարպերը, մտնելով արյան ընդհանուր հոսք, տարածվում են օրգանիզմով մեկ, կուտակվում ճարպային պահեստներում և օգտագործվում էներգիական ու կառուցողական նպատակներով:

Վիտամինների ներծծում: Վիտամինների ներծծումը կատարվում է բարակ և հաստ աղիքներում տարբեր մեխանիզմներով: Ճարպալույծ (A, D, E, K) վիտամինների ներծծումը սերտ կապված է ճարպերի ներծծման հետ: Այսպես, վիտամին A-ն ճարպաթթուների հետ ձևավորում է եթերներ և խիլոմիկրոնների կազմում անցնում ավշի մեջ: Ճարպերի ներծծման խանգարումների դեպքում ՛ճնշվում է նաև նշված վիտամինների յուրացումը: Ջրում լուծվող վիտամինները (օրինակ վիտամին C, ռիբոֆլավին) կարող են ներծծվել դիֆուզիայի մեխանիզմով: Վիտամին B12-ը (ցիանկոբալամին) մարդկանց մոտ ներծծվում է զստաղիքում ակտիվ մեխանիզմով: Նրա յուրացման համար անհրաժեշտ է ստամոքսում սինթեզվող մուկոպրոտեին` Կասլի գործոնը:

Ջրի ներծծումը: Ստամոքսաղիքային ուղի ջուրը մտնում է մեծ քանակներով: Չափահաս մարդու օրվա ջրի պահանջը (սննդի և հեղուկների ձևով) կազմում է մինչև 2-2,5 լ: Բացի դրանից, օրվա ընթացքում մարսողական խողովակ է արտազատվում մինչև 6-7 լ հյութ, իսկ կղանքի հետ արտահանվում է ընդամենը 100-150մլ. ջուր: Մնացած քանակը հիմնականում ներծծվում է արյան, մասամբ նաև ավշի մեջ:
Ջրի ներծծումը սկսվում է ստամոքսում, սակայն աոավել ուժգնությամբ այն տեղի Է ունենում բարակ և հաստ աղիքներում' օրվա ընթացքում հասնելով մինչև 8 լ: Ջրի ներծծումը տեղի է ունենում օսմոսի օրենքներով, ընդ որում ջուրը կարող է փոխադրվել աղիքի լորձաթաղանթով երկու ուղղությամբ: Շնորհիվ դրա, աղիքների պարունակությունը արյան պլազմայի նկատմամբ միշտ իգոտոնիկ է: Ստամոքսից դեպի աղիքներ, հիպերօսմոսային խյուսի անցման դեպքում զգալի քանակությամբ ջուր է փոխադրվում պլազմայից դեպի աղիքի լուսանցք: Ընդհակառակի, կապված աղերի, գլյուկոզի, ամինաթթուների և այլ նյութերի ներծծման հետ, արյան օսմոսային ճնշման բարձրացումը պայմաններ է ստեղծում ջրի ներծծման համար: Ջրի ներծծման գործում որոշակի դեր է կատարում նատրիումի իոնների ակտիվ փոխադրումը: Նատրիումի իոնների կողմից ստեղծվող օսմոսային գրադիենտը հանդիսանում է ջրի մոլեկուլների անցման անմիջական շարժիչ ուժը: Ուստի նրա փոխադրման վրա ազդող բոլոր գործոնները փոփոխում են նաև ջրի ներծծման ընթացքը:

Նատրիումի իոևևերի ներծծում: Օրվա ընթացքում ստամոքսաղիքային ուղու կողմից ներծծվում է 25-35 գրամ նատրիում, ընդ որում այդ պրոցեսն առավել ուժգին է ընթանում զստային և հաստ աղիքներում: Նատրիումի իոնների փոխադրումը կարող է ընթանալ ակտիվ և պասիվ մեխանիզմներով: Պասիվն իրականացվում է միջբջջային ճեղքերով, ըստ խտության գրադիենտի, իսկ ակտիվը՝ աղիքային էպիթելիոցիտների միջով և կատարվում է երկու փուլով: Սկզբում նատրիումի իոնները մտնում են էնտերոցիտների մեջ պասիվ ճանապարհով, էլեկտրաքիմիական գրա-դիենտով: Հետագա փոխադրումը էնտերո- ցիտներից արյուն իրականացվում է ակտիվ մեխանիզմով հիմային և կողմնային թաղանթների միջով, այստեղ տեղադրված Na+, K+  պոմպի աշխատանքով:
Աղիքային բջիջներում գոյություն ունի նաև նատրիումի էլեկտրածին փոխադրման լրացուցիչ համակարգ՝  զուգակցված շաքարների և ամինաթթուների տեղափոխման հետ:

Քլորի իոնների ներծծում: Քլորի իոնները հիմնականում ներծծվում են զստաղիքում ակտիվ և պասիվ փոխադրման մեխանիզմներով: Պասիվը կապված է նատրիումի իոնների փոխադրման հետ և իրականանում է էլեկտրաքիմիական գրադիենտի ուժով: Ակտիվ փոխադրման համակարգը տեղադրված է էնտերոցիտների գագաթային թաղանթում և կապված է HCO3- անիոններով դրանց փոխանակման հետ: Կալիումի ներծծում: Կալիումի ներծծումը կատարվում է հիմնականում բարակ աղիքում ակտիվ և պասիվ փոխադրման մեխանիզմներով: Վերջինս իրականացվում է էլեկտրաքիմիական գրադիենտի ուժով և, ըստ երևույթին, էպիթելիոցիտների հիմային և կողմնային թաղանթներում' զուգակցված նատրիումի փոխադրման հետ:
Բիկարբոևատայիև իոնների ներծծում: Բիկարբոնատները ներծծվում են անուղղակի ճանապարհով:Na+ իոնների ներծծման ժամանակ էնտերոցիտներից նատրիումի իոնների փոխարեն աղիքի լուսանցք են անցնում որոշակի քանակի ջրածնային իոններ, որոնք բիկարբոնատի իոնների հետ առաջացնում են ածխաթթու: Վերջինս վերածվում է ջրի և ածխածնի երկօքսիդի: Ջուրը մնում է աղիքախյուսում, իսկ CO2-ը արագությամբ աբսորբցվում է արյուն և արտազատվում թոքերի միջոցով:

Երկարժեք կատիոնների ներծծում: Երկարժեք իոնները (Ca2+, Mg2+,Zn2+,Cu2+, Fe2+) ստամոքսաղիքային ուղում միարժեքների համեմատությամբ ներծծվում են դանդաղ և քիչ չափով: Այդ իոննրը, բացառությամբ Cu2+-ի, փոխադրվում են հիմնականում բարակ աղիքի մոտակա հատվածում, իսկ Cu2+2+-ը ներծծվում է առավելապես ստամոքսից:
Երկարժեք իոնները`  Ca2+, Mg2+,Zn2+,Cu2+ ներծծվում են հիմնականում պարզ ու հեշտացված դիֆուզիայի ճանապարհով, չնայած կալցիումի իոնները կարող են ներծծվել և ակտիվ մեխանիզմով: Կալցիումի փոխադրման վրա խթանիչ ազդեցություն են թողնում լեղին, վիտամին D-ն, որոշ ամինաթթուներ: Մագնեզիումը մրցակցային արգելակման ճանապարհով ճնշում է կալցիումի ներծծումը:

Fe2+-ը փոխադրվում է ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ դիֆուզիայի ճանապարհով: Երկաթի ներծծման մեջ կարևոր նշանակություն ունի ստամոքսահյութի թթվայնության աստիճանը: Երկաթը, էնտերոցիտներում՛ միանալով ապոֆերիտին սպիտակուցի հետ, առաջացնում է ֆերիտին, որը պարունակում է եռարժեք երկաթ: Այդ մետաղապրոտեիդը օրգանիզմում հանդիսանում է երկաթի հիմնական կուտակման ձև:


Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին