Տեկտիումի շրջանՄիջին ուղեղի մեջքային բաժինը ներ-կայացված է քառաբլուրների թիթեղով, որը բաղկացած է երկու զույգ թմբերից՝ վերին և ստորին։ Քառաբլուրներն ու նրանց տակ գտնվող բջջային մարմինները, ընդհուպ մինչև Սիլվիյան ջրանցք, ձևավորում են այսպես կոչված միջին ուղեղի տանիքը կամ տեկտալ շրջանը։ Այն նեյրոնային կառուցվածքով իրենից ներկայացնում է շատ բարդ գոյացություն։ Նրա մեջ բջջային մարմինները տեղակայված են մակերեսի վրա, ձևավորելով կեղևային շերտը։ Սպիտակ նյութը գտնվում է ներսում։ Տարբեր տեսակի նյարդային բջիջներն ունեն ճիշտ կողմնորոշված ելուններ և տեղադրված են տարբեր խորությունների վրա, ձևավորելով շերտեր, որոնց ընդհանուր թիվը հասնում է 14-ի։ Առբերիչ թելերը ձևավորելով խիտ ծայրային (տերմինալ) ճյուղավորումներ, աքսոդենդրիտիկ սինապսներով ավարտվում են տանիքի կեղևի բջիջների վրա։ Տեկտումի նեյրոնների աքսոնները պրոեկտվում են դեպի ցանցանման գոյացություն, ուղեղաբնի և երկարավուն ուղեղի շարժիչ կորիզներ, ձևավորելով տանիք-ողնուղեղային (տեկտոսպինալ) ուղին։ Վերին երկբլրակում տեղադրված է առաջնային տեսողական կենտրոնը։ Այն հանդիսանում է դեպի միջանկյալ ուղեղի կողմնային ծնկային մարմիններ և ապա ուղեղի կեղև ընթացող տեսողական ուղիների փոխարկման տեղ։ Ստորակարգ ողնաշարավորների (ձկներ, երկկենցաղներ) վերին երկբլրակը հանդիսանում է բարձրագույն վերհատվածային, բարձրագույն տեսողական կենտրոն, որը, փաստորեն տեսողական ընկափչների հետ միասին ներկայացնում է մի ամբողջություն։ Ուստի ձկների և երկկենցաղների միջին ուղեղի այղ բաժինը ստացել է տեսաթմբեր անունը:

Ստորին երկբլրակում տեղադրված են նեյրոններ, որոնք ազդակներ են ստանում լսողական ուղիներով։ Ձկների գանգուղեղային նյարդերի ութերորդ զույգը լսողական ֆունկցիա չի կատարում։ Այն ազդակներ է ստանում անդաստակային ընկալիչներից, ինչպես նաև կողագծի բարդ առբերիչ համակարգից։ Վերջինս իրենից ներկայացնում է խողովակների համակարգ, որն ընթանում է մարմնի կողմնային մակերեսով և կապ ունի հավասարակշռության պահպանման հետ։ Ողնաշարավորների ցամաք դուրս գալու հետ կողագծի համակարգը անհետանում է։ Ստորին երկբլրակը ձևավորվում է ցամաքային կենդանիների (սողուններ, թռչուններ) մոտ, կապված լսողական օրգանների զարգացման հետ, իսկ կաթնասունների մոտ դառնում է ենթակեղևային լսողական կենտրոն։ Այսպիսով, տանիքի շրջանը կրում է նկատելի էվոլյուցիոն փոփոխություններ, որոնք առաջին հերթին վերաբերում են առբերիչ համակարգին։

Կաթնասունների աչքի ցանցենուց ուղիղ ընթացող ուղիներն ավարտվում են կողմնային ծնկաձև մարմիններում։ Առավել քիչ տեսողական առբերիչներ ճյուղավորվելով ընթանում են դեպի քառաբլուրների առջևի (վերին) բլրակները։ Նույնը վերաբերում է նաև լսողական առբերիչ ուղիներին, որոնց մեծ մասը չընդհատվելով միջին ուղեղում, ընթանում է դեպի միջանկյալ ուղեղի միջային ծնկաձև մարմիններ։ Ուղիների ընթացքի նկարագրված առանձնա հատկությունները ցույց են տալիս, որ առբերիչ ազդակների հիմնական վերլուծությունը կաթնասունների մոտ միջին ուղեղից տեղափոխվում է վերջնային ուղեղ (տելենցեֆալոն)։ Այդ առաքումների վերլուծության ժամանակ քառաբլուրներին մնում է կատարել կողմնակի ֆունկցիաներ։ Դրա հետ մեկտեղ քառաբլուրները մասնակցում .են մի շարք կենսականորեն կարևոր անպայման ռեֆլեքսներին։ Առջևի երկբլրակի նեյրոնները կարգավորում են շարժողական ռեակցիաները, որոնք անհրաժեշտ են տեսողական գրգիռներն ընկալելու համար։ Նրանք ապահովում են երկակնային տեսողության բնականոն իրագործումը, աչքի մկանների հարմարումը, բբային ռեֆլեքսը։ Հետին երկբլրակը կառավարում է այն շարժումները, որոնք անհրաժեշտ են ձայնի բնականոն ընկալման համար (գլխի թեքում դեպի ձայնի աղբյուր, արտաքին ականջի ռեֆլեքսային դիրքավորում դեպի ձայնի կողմը)։ Բացի նշված կողմնորոշման ռեակցիաներից տեկտումի շրջանի միջոցով իրականացվում է հսկողական և մի շարք պաշտպանական ռեակցիաներ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին