Ցանկացած վնասում, որն ուղեկցվում է հոմեոստազի նշանակալի խանգարումներով, առաջացնում է մի շարք բարդ համակարգային ռեակցիաներ, որոնք պայմանավորված են ցիտոկիններով և ընթանում են օրգանիզմի կարևոր պաշտպանական, կանոնավորող համակարգերի ներգրավմամբ: Այդ ռեակցիաների ամբողջությունը ստացել է «սուր փուլի» կամ նախաիմուն պատասխան անվանումը: Ամբողջական օրգանիզմում վնասման հանդեպ համակարգային պատասխանը կազմվում է սթրեսից և սուր փուլի պատասխանից, որն ապա անցնում է իմուն համակարգով իրականացվող իմուն պատասխանի:

Սուր փուլի պատասխանը ձևավորվում է անմիջապես վնասումից հետո և սերտորեն կապված է բորբոքման մեխանիզմների և մասնակիցների հետ: Բորբոքմանը մասնակցելով, իմուն համակարգի բջիջները, տարբեր տեղակայման մակրոֆագերը, անոթների էնդոթելը, արտադրում են պեպտիդային միջնորդներ՝ ցիտոկիններ, որոնց օգնությամբ մնացած սոմատիկ բջիջներին հաղորդվում է վնասման և ագրեսիայի ազդանշանը: Այդ ազդանշանները հասցեագրված են նյարդային և էնդոկրին համակարգերին, շարակցական հյուսվածքին, լյարդին և մնացած ներքին օրգաններին: Այդպիսի հումորալ կոմունիկացիայի արդյունքում, ցանկացած ներխուժում օրգանիզմ և վնասում, մինչև սպեցիֆիկ հակամարմինների կամ լիմֆոցիտների կլոնների սելեկցիայի ավարտը, առաջացնում է նյութափոխանակության, նեյրո-էնդոկրին կանոնավորման և տարբեր օրգանների, համակարգերի արագ կոորդինացված վերակառուցում: Վերակառուցման նպատակը՝ էներգիայի օգտագործման ինտենսիվացումն է, ալտերացիայի մասշտաբների փոքրացումը, պաթոգենների համար անբարենպաստ պայմանների ստեղծումը և այլն: Կլինիկորեն սուր փուլի պատասխանին համապատասխանում են մեծ թվով հիվանդությունների սկզբնական փուլի դրսևորումները, որոնք կրում են պրոդրոմալ համախտանիշ անվանումը (այն համապատասխանում է Ձեր անցած պրոդրոմալ կամ նախանշանների շրջանին):

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին