Ստամոքսաղիքային ուղու պաշտպանական ռեֆլեքսներ` սրտխառնոց, փսխում

Սրտխառնոցը զգացում է, որի հիմքում ընկած է երկարավուն ուղեղում տեղադրված փսխման կենտրոնի դրդումը, կապված տարբեր օրգանների, այդ թվում ստամոքսաղիքային ուղու օրգանների ընկալիչների գրգռման հետ: Նշանակություն ունեն նաև ԿՆՀ-ի բարձրագույն բաժիններից (տեսողական, հոտառական, անդաստակային վերլուծիչների կեղևային բաժիններ) դեպի այդ կենտրոն ընթացող էֆերենտ ազդեցությունները: Հաճախ սրտխառնոցն ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ, ուժեղացած քրտնարտադրությամբ, առատ թքարտադրությամբ, շնչառության փոփոխություններով, կլլողական շարժումներով, որովայնի շրջանի տհաճ զգացումներով:

Փսխումը ակամա, բարդ ռեֆլեքսային պրոցես է, որի հետևանքով ստամոքսաղիքային պարունակությունը արտանետվում է բերանից: Այն զարգանում է փսխման կենտրոնի գրգռման հետևանքով և իրականանում է նյարդային և հումորալ մեխանիզմներով: Նյարդայինը կապված է տարբեր ռեֆլեքսածին դաշտերից հաղորդվող զգայահոսքի հետ: Այն տեղի է ունենում լեզվի արմատի, ըմպանի, ստամոքսի, աղիքների, որովայնամզի, անդաստակային ապարատի գրգռման հետևանքով: Օրինակ, անորակ սննդից ստամոքսի քիմի¬կան ընկալիչների գրգռումը արագությամբ հեռացնում է նրա պարունակությունը: Նույնը կարող է կատարվել նաև որակյալ, բայց մեծաքանակ սննդի ընդունումից, որի մեծ զանգվածը ձգում է ստամոքսի պատերը և մեխանաընկալիչների արտակարգ գրգռման պատճառ դառնում: Փսխումը կարող է պայմանավորված լինել նաև հոտառական, տեսողական և համային ընկալիչների վրա ազդող գրգռիչներով, որոնք զզվանքի զգացում են առաջացնում: Փսխում են առաջացնում նաև որոշ նյութեր (մանրէների թույներ, դեղանյութեր), որոնք փսխման նյարդային կենտրոնի վրա ազդում են հումորալ ճանապարհով: Փսխման երևույթներ զարգանում են նաև ներգանգային ճնշման բարձրացման դեպքում:

Այդ ժամանակ տեղի է ունենում փսխման կենտրոնի անմիջական գրգռում: Ստամոքսաղիքային համակարգի ընկալիչներից ազդակները դեպի փսխման կենտրոն հաղորդվում են թափառող և լեզվաըմպանային նյարդերի զգացող թելերով: Այդ ռեֆլեքսի կենտրոնախույս նյարդեր են հանդիսանում թափառող և ընդերային նյարդերը, որոնք նյարդավորում են աղիքները, ստամոքսը, որկորը, ինչպես նաև որովայնի պատի մկանների շարժիչ սոմատիկ նյարդերը: Փսխման ալիքն սկսվում է բարակ աղիքի միջին հատվածների (իսկ ծանր դեպքերում նաև հաստ աղիքի) հակագալարակծկանքային շարժումներով, որի հետևանքով աղիքի պարունակության մի մասը մղվում է դեպի ստամոքս: 10-20 վրկ. անց սկսվում է ստամոքսի հակագալարակծկանքը, բացվում է նրա մուտքը, միաժամանակ ուժեղ կծկվում են որովայնի պատի և ստոծանու մկանները, որի հետևանքով ստամոքսի պարունակությունն արտաշնչման պահին որկորի միջոցով մղվում է դեպի բերանի խոռոչ: Սովորաբար փափուկ քիմքը բարձրացնող մկանների կծկման պատճառով այն չի թափանցում քթի խոռոչ, ինչպես նաև շնչափող շնչառության արգելակման, մակկոկորդով կոկորդի լուսանցքի փակման և լեզվի արմատի դեպի հետ ձգման հետևանքով: Որպես պաշտպանական ռեակցիա, փսխման ճանապարհով աղիքներից և ստամոքսից հեռանում է օրգանիզմին վտանգ սպառնացող սնունդը, իսկ երբեմն նաև մանրէների տոքսինների կամ թունավոր այլ նյութերի մի մասը: Հիվանդագին դեպքերում այն հյուծում է օրգանիզմը և ենթարկում ջրազրկման:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին