ՍՏԱՄՈՔՍԱՂԻՔԱՅԻՆ ՈՒՂՈՒ ԱՐՅՈՒՆԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ
Մարսողական համակարգի օրգանների բավականաչափ լարված աշխատանքը հնարավոր է միայն նրանց ինտենսիվ աբյունամատակարարման պայմաններում։ Նույնիսկ հարաբերական հանգստի վիճակում, սննդի ընդունումից դուրս, ստամոքսաղիքային ուղու անոթներով անցնում է ընդհանուր արյունահոսքի 15-20%-ը։ Մարսողական ապարատի ինտենսիվ գործունեության ժամանակ, կապված սննդի ընդունման հետ, արյան հոսքը նրանցում ուժեղանում է 8-10 անգամ։ Մարսողական օրգանների պատը կազմող բոլոր շերտերից առավել ինտենսիվ արյունամատակարարվում է լորձաթաղանթը, ինչը պայմանավորված է նրա առավել ֆունկցիոնալ ակտիվությամբ։ Լորձաթաղանթ-ենթալորձաթաղանթային շերտում արյան հոսքը կազմում է ընդհանուրի մոտ 80%-ը, իսկ մնացած 20%-ը բաժին է ընկնում մկանային շերտին։

Անհրաժեշտության դեպքում տեղային արյունահոսքի զգալի մեծացումը հնարավոր է դառնում մարսողական ուղու տարողունակ անոթներում արյան մեծ ծավալի պահեստավորման ունակության շնորհիվ։ Ֆունկցիոնալ գերարյունությունը իրականանում է ինչպես նյարդահումորալ, այնպես էլ տեղային մեխանիզմներով։ Սննդի ընդունումից 5-30 րոպե անց զարկերակային ճնշման բարձրացման հետևանքով, որն իրականացվում է վեգետատիվ նյարդային համակարգի սիմպաթիկ բաժնի միջոցով, մեծանում է միջընդերային զարկերակի արյունահոսքը։ Մարսողական օրգանների աբյունամատակարարման հետագա մեծացումը տեղի է ունենում.հումորալ և տեղային նյարդային մեխանիզմներով։ Հումորալ գործոնների թվում կարևոր նշանակություն ունեն գաստրինը, հիստամինը, սեկրետինը,խոլեցիստոկինին-պանկրեոզիմինը։ Տեղային կարգավորող մեխանիզմները, որոնք իրականացվում են նյարդային հյուսակների միջոցով, խթանվում են ստամոքսաղիքային ուղու մեխանա- և քիմիաընկալիչների գրգռումով։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին