Մինչև անցյալ դարի վերջը գոյություն ուներ այն կարծիքը, որ սննդի ընդունումից դուրս մարսողական գեղձերը գտնվում են «հանգստի» վիճակում, և միայն բերանի խոռոչ մուտք գործող սննդի ազդեցությամբ սկսվում է ստամոքսաղիքային ուղու հյութազատությունն ու շարժական գործունեությունը: Ի.Պ.Պավլովի լաբորատորիայում կատարված հետազոտություններում ցույց է տրվել, որ անոթի վիճակում գտնվող շան ստամոքսում և աղիքներում տեղի են ունենում հյութազատության և շարժական պրոցեսներ, որոնք կրկնվում են պարբերաբար, որոշակի ընդմիջումներով: Հետագայում մարսողական օրգանների գործունեության նման պարբերականություն հայտնաբերվել է մարդկանց մոտ և պարզվել է, որ ակտիվ գործունեության շրջանը տևում է 20-50, իսկ հանգստինը' 45-90 րոպե: Ավելի մանրակրկիտ հետազոտությունները պարզել են, որ պարբերական գործունեությունը հիմնականում բնորոշ է ստամոքսին, ենթաստամոքսային գեղձին, լյարդին, նրա լեղատար ուղիներով, բարակ աղիքի մոտակա բաժիններին, որտեղ նկատվում են համապատասխան հյութերի արտադրություն, շարժումների ակտիվացում, ներծծման և արտազատման պրոցեսներ:

Ընդ որում, արտադրվող հյութերը իրենց քանակով և կազմությամբ որոշ չափով տարբերվում են մարսողության պրոցեսում արտադրվող հյութերից: Օրինակ, պարբերական գործունեության ժամանակ արտազատվող ստամոքսահյութի քանակը քիչ է, ունի հիմնային pH, աղքատ է ֆերմենտներով և լորձով: Պարբերական գործունեությունը դադարում է սննդի ընդունման և մարսողությունը սկսվելու պահից: Ցույց է տրվել, որ պարբերական գործունեությունը չի սահմանափակվում միայն մարսողական ապարատով: Միաժամանակ պարբերական փոփոխություններ են դիտվում նաև օրգանիզմի այլ ֆունկցիոնալ համակարգերում: Ակտիվ փուլում նկատվում է սրտի աշխատանքի, շնչառության հաճախացում, ընդհանուր անհանգստություն, մի շարք ռեֆլեքսների ուժեղացում, որը հանդիսանում է տարբեր սոմատիկ և վեգետատիվ կենտրոնների դրդունակությաե բարձրացման հետևանք: Փոփոխություններ են հայտնաբերվում նաև արյան կազմում՝ ավելանում է լեյկոցիտների, էրիթրոցիտների, հեմոգլոբինի քանակը, ինչպես նաև ֆիզիոլոգիական այնպիսի ակտիվ նյութերի պարունակությունը, որպիսիք են ացետիլխոլինը, կատեխոլամինները, որոշ գաստրոինտեստինալ հորմոններ, բարձրանում է մի շարք ֆերմենտների ակտիվությունը, տեղի է ունենում նաև մակարդելիության արագացում:

Քաղցած կենդանիների մարսողական ապարատի «աշխատանքի» և «հանգստի» վիճակի պարբերական փոփոխությունը ուղեկցվում է օրգանիզմի նյութափոխանակության տեղաշարժերով: «Աշխատանքի» ժամանակ բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, ուժեղանում են թոքերի օդափոխությունը, գազափոխանակությունն ու հիմնական փոխանակությունը:
Համաձայն համընդհանուր ճանաչում ստացած պատկերացման, ստամոքսաղիքային ուղու պարբերական գործունեությունը կարգավորվում է ենթատեսաթմբի քաղցի և հագեցման կենտրոնների կողմից: Դա պարզվել է ենթատեսաթմբի այդ բաժինների անմիջական գրգռման փորձերով, որոնցում հայտնվել են «աշխատանքի» և «հանգստի» շրջաններին բնորոշ վեգետատիվ և սոմատիկ ռեակցիաների համալիրներ: Ենթատեսաթմբի այդ ազդեցությունները իրագործվում են երկարավուն ուղեղի և ողնուղեղի պարասիմպաթիկ և սիմպաթիկ համապատասխան կենտրոնների միջնորդությամբ:

Քաղցի կամ սննդի հայթայթման կենտրոնը, դրդվելով տարբեր ընդերային ընկափչներից, արյան քիմիական բաղադրությունից և այլ փոփոխություններից, իր հերթին ակտիվացնող ազդեցություն է թողնում'
1) ուղեղի այն վերենթատեսաթմբային կառույցների վրա, որոնք մասնակցում են սննդային վարքի ձևավորմանն ու իրագործմանը:
2) ֆերմենտային համակարգերի ն հյուսվածքներում ընթացող նյութափոխանակության պրոցեսների վրա, որի շնորհիվ տեղի է ունենում օրգանիզմի կողմից սեփական պաշարների օգտագործում և սննդանյութերի անցում արյան մեջ: Օրինակ, գլյուկագոնի արտադրության ակտիվացումը նպաստում է գլիկոգենի քայքայմանը և գլյուկոզի առաջացմանը:
3) մարսողական օրգանների գործունեության վրա' նպաստելով հյութարտադրությանը և շարժումների ակտիվացմանը: Արտադրված մարսողական հյութերի կազմում գտնվող սննդային արժեք ունեցող տարբեր նյութեր (այդ թվում' սպիտակուցներ) ներծծվում են արյան մեջ:
Նշված պրոցեսների շնորհիվ սննդանյութերով հարստացած արյունը դրդում է ենթատեսաթմբի հագեցման կենտրոնը: Քաղցի կենտրոնն արգելակվում է' դադարեցնելով «աշխատանքի» փուլը: Երբ հյուսվածքներն օգտագործում են արյան մեջ թափանցած սննդանյութերը, ցիկլը կրկնվում է:

Այսպիսով, մարսողական ուղու պարբերական գործունեության ֆիզիոլոգիական նշանակությունը կայանում է նրանում, որ դրա շնորհիվ՝
1) «աշխատանքի» փուլում առաջանում է քաղցի զգացում, որը օրգանիզմին մղում է սննդի հայթայթման:
2) արյունը հարստանում է սննդանյութերով, որոնք օգտագործվում են օրգանիզմում որպես էներգիական և կառուցողական նյութ:
3) կատարվում է նյութափոխանակության արգասիքների արտազատում արյունից մարսողական ուղու խոռոչ, որը կարևոր է հոմեոստազի պահպանման համար:
4) շարժումների շնորհիվ մարսողական ուղին մաքրվում է խյուսի մնացորդներից ե քայքայված էպիթելային բջիջներից, ինչպես նաև կանխվում է միկրոֆլորայի տեղափոխման հնարավորությունը դեպի մարսողական ուղու վերին հատվածներ:
5) աղիքի խոռոչ մարսողական հյութերի արտազատման շնորհիվ պահպանվում է լորձաթաղանթի, թավիկային ապարատի և խոզանակաերիզի բնականոն վիճակը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին