Սրտխփոց ասելով հասկանում են հիվանդի կողմից սրտի գործունեության (աշխատանքի) զգալը: Այն գտնվում է ինքնավար նյարդային համակարգի վերահսկողության տակ և չի արտացոլվում մարդու գիտակցության մեջ, սակայն սեփական օրգանիզմի ֆունկցիաների բարձր ընկալմամբ օժտված անձինք, օրինակ՝ տագնապի վիճակում գտնվողները, սկսում են զգալ սեփական սրտի աշխատանքը: Սրտի գործունեության ընկալում նկատվում է նաև առողջ մարդկանց մոտ՝ հարվածային ծավալի կամ սրտի ռիթմի հաճախության ավելացման դեպքում զգալի ֆիզիկական ծանրաբեռնվածությունների հետևանքով, աորտալ ռեգուրգիտացիայով (աորտային փականի անբավարարություն) հիվանդների մոտ, թիրեոտոքսիկոզի և առավել հաճախ սրտի ռիթմի խանգարումների դեպքում: