Սրտի տամպոնադա ասելով հասկանում են կյանքին սպառնացող վիճակ, որն առաջանում է ճնշման տակ պերիկարդիալ արտաքիրտի կուտակմամբ, ինչի հետևանքով նվազում է սրտի խորշերի լեցունությունը և սրտային արտանետման ծավալը:
Սրտի տամպոնադան կարող է լինել նախորդող պերիկարդիտի շարունակություն և բարդություն (սրտի մետաստատիկ ախտահարում, երիկամային անբավարարություն, սրտամկանի սուր ինֆարկտ, վիրուսային կամ իդիոպաթիկ պերիկարդիտ), սրտի մեխնիկական վնասվածքի հետևանք (կրծքին հարված, պայթյունային վնասվածք), նրա կաթետերացման կամ արհեստական ռիթմավար տեղադրելիս սրտի պերֆորացիայի՝ ծակելու արդյունք:
Կլինիկական պատկերում առաջին պլան է մղվում անսպասելի զարգացող հիպոթենզիան. թուլություն, հևոց, գլխապտույտ, գիտակցության խառնաշփոթ:
Օբյեկտիվ հետազոտելիս երևան են գալիս տախիկարդիա, լայնացած լծերակներ, ցածրացած զարկերակային ճնշում, պարադոքսալ պուլս (շունչ քաշելիս սիստոլիկ զարկերակային ճնշման նվազում 10 մմ սնդ. սյունից ավելի, որը շոշափելիս որոշվում է որպես պուլսի լեցունության հստակ նվազում): Սրտի տոները խուլ են: Սրտի տամպոնադայի ենթասուր զարգացման դեպքում նրան են միանում հեպատոմեգալիան, ասցիտը և ստորին վերջույթների ասցիտը:
ԷՍԳ-ի վրա ստանդարտային արտածումներում գրանցվում են ցածրամպլիտուդային («ցածրվոլտաժային») կոմպլեքսներ: Մեծ ծավալի արտաքիրտի դեպքում կարող է որոշվել սրտի էլեկտրական փոփոխականություն /ալտերնացիա/՝ QRS փոփոխվող կոմպլեքսների առաջացման տեսքով (QRS բարձր- և ցածրամպլիտուդային կոմպլեքսների հերթագայում): Նման փոփոխականությունը պայմանավորված է «արտաքիրտի մեջ լողացող» սրտի տատանումներով:
Ռենտգենաբանորեն որոշվում է սրտի ստվերի մեծացում՝ շշի ձևով բնորոշ ուրվապատկերով/կոնֆիգուրացիայով/ 250 մլ-ից ավելի արտաքիրտի դեպքում:
Էխոսրտագրական հետազոտությունը հնարավորություն է տալիս տեսնել մեծ ծավալի արտաքիրտի մեջ սրտի ամպլիտուդային տատանումները, նկատվում են շնչելիս աջ սրտի ծավալի զգալի փոփոխություններ, դիաստոլայի փուլում գրանցվում են աջ նախասրտի և աջ փորոքի իջեցում/արտանկում/:
Բարդ դեպքերում ախտորոշումը հաստատելու համար կատարում են ներսրտային կաթետերացում. սրտի տամպոնադայի դեպքում սրտի բոլոր չորս խորշերում դիաստոլիկ ճնշումը դառնում է պերիկարդիալ արտաքիրտի ճնշմանը հավասար:
Սրտի տամպոնադայի դեպքում նրա ֆունկցիան հարաճուն/շեշտակի/ վատանում է, ինչի համար էլ անհրաժեշտ է սրտապարկի խոռոչից հեղուկի շտապ տարհանում: Պերիկարդիալ արտաքիրտի ասպիրացիան/արտածծումը/ կատարում են բուժիչ (սրտի տամպոնադայի ժամանակ) կամ ախտորոշիչ նպատակով: Կարճ թեքությամբ/թեքվածքով/ հաստ ասեղի աշխատանքային ծայրը մտցնում են թրաձև ելուստի շրջան և ուղղում աջ անրակի մեդիալ/միջային երրորդի/ ուղղությամբ: Շարունակ հսկում են ԷՍԳ-ն. ST հատվածի բարձրացումը ցույց է տալիս, որ ասեղը հասել է էպիկարդին: Դա կարևոր է տարբերակելու համար հեմոռագիկ արտաքիրտը արյան խառնուրդից, որը բուն սրտամկանի վնասվածքի հետևանք է: Այս բուժգործողության բարդություններից են առիթմիան, վազովագալ ուշագնացությունը, պնևմոթորաքսը: Ասպիրացիոն/արտածծվող /հեղուկի հետազոտությունը կարող է օգնել պարզելու հիվանդության պատճառը և ընտրելու բուժման հետագա տակտիկան:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին