Սրտամկանի, առավելապես աջ նախասրտի բջիջները արտադրում են պեպտիդային հորմոն, որը ստացել է ատրիոպեպտիդ կամ նատրիումուրետիկ հորմոն անվանումը։ Հորմոնը հատիկների ձևով կուտակվում է նախասրտերի միոցիտների սարկոպլազմայում և արյան մեջ է անցնում նախասրտերի գերձգման, զարկերակային ճնշման բարձրացման, արյան մեջ նատրիումի քանակի, ինչպես նաև վազոպրեսինի քանակի մեծացման, սրտի սիմպաթիկ նյարդերի ակտիվացման ժամանակ։ Վերջերս այդ հորմոնը հայտնաբերվել է նաև երիկամներում, մակերիկամների միջուկային շերտում, ենթատեսաթմբում։ Հայտնաբերվել են նաև տվյալ հորմոնի սպեցիֆիկ ընկալիչներ։

Դրանք տեղադրված են արյունատար անոթներում, սրտում, գլխուղեղի կեղևում, մակերիկամների կծիկային շերտում, երիկամներում։ Դրանով էլ որոշվում են հորմոնի բազմակողմանի ազդեցությունները, որոնք բաժանվում են անոթայինների և երիկամայինների։ Հորմոնի երիկամային ազդեցությունները բնորոշվում են կծիկային ֆիլտրացիայի մեծացումով, ինչպես նաև խողովակիկներում նատրիումի ու քլորի իոնների հետներծծման խիստ ընկճումով և մեզի հետ նատրիումի ու քլորի արտահանման բարձրացումով։ Նորմայի համեմատությամբ հորմոնը ուժեղացնում է նատրիումի իոնների սեկրեցիան մինչև 90 անգամ, իսկ քլորինը մինչև 50 անգամ։ Ատրիոպեպտիդի նատրիումամիզական և միզամուղ ազդեցությունը համարյա 1000 անգամ գերազանցում է այնպիսի ուժեղ դեղորայքային միզամուղին* ինչպիսին ֆուրասեմիդն է։ Բացի դրանից հորմոնն ընկճում է ալդոստերոնի հյութազատությունը, որը նույնպես իջեցնում է նատրիումի և ջրի հետներծծումը մեծացնելով մեզի քանակը։ Հորմոնի ազդեցությամբ բարձրանում է հյուսվածքարյունային պատնեշի թափանցելիությունը դեպի միջհյոավածքային հեղուկ ջրի փոխադրման մեծացումով։ Ատրիոպեպտիդի անոթային ազդեցությունները արտահայտվում են անոթների հարթ մկանների թուլացումով ու անոթալայնացումով։ Հորմոնի նշված ազդեցությունների ամբողջությունը նպաստում է զարկերակային ճնշման և օրգանիզմի ջրաաղային հաշվեկշռի նորմալացմանը։ Այժմ սինթեզվել են ատրիոպեպտիդի պատրաստուկներ, որոնք կիրառվում են կլինիկական բժշկության մեջ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին