Կաթետերի օգնությամբ սրտի խոռոչների զոնդման մեթոդը բավականաչափ լայնորեն կիրառվում է սրտի գործունեության ուսումնասիրության նպատակով, հատկապես սիրտանոթային վիրաբուժության մեջ։ Սրտի խոռոչների զոնդումը հղի է մի շարք հետևանքներով և կիրառվում է միայն խիստ ցուցումների դեպքում։ Այն կարևոր նշանակություն ունի սրտի արատների ախտորոշման համար և կատարվում է վիրահատական միջամտությունից առաջ։ Զոնդումը կատարվում է զոնդի տեղափոխման ռենտգենազննման պատկերի հսկողության տակ։ Սրտի խոռոչների զոնդման միջոցով կարելի է ոչ միայն արյուն ստանալ առանձին խոռոչներից (հետազոտության համար), այլև գրանցել սրտի առանձին բաժինների ճնշումը։