Սրտի գործունեությունը կարգավորող վագուսային նեյրոնները սրտի ու անոթների ընկալիչներից եկող ինֆորմացիան գնահատող նեյրոնների հետ միավորվում են մի կենտրոնի մեջ, որն ստացել է սրտի գործունեությունը կարգավորող կենտրոն, կամ սրտային պարասիմպաթիկ կենտրոն։ Այդ կենտրոնը փոխներգործության մեջ է գտնվում անոթաշարժ կենտրոնի հետ և դրա հետ միասին կոչվում է շրջանառական (ցիրկուլյատոր) կենտրոն։
Սովորական պայմաններում այդ կենտրոնը գտնվում է լարված (տոնուսի) վիճակում։ Դա տևական, չափավոր դրդված վիճակ է, որը չի ուղեկցվում հոգնածությամբ։ Հանգիստ վիճակում թափառող նյարդի կենտրոնի լարվածությունը գերակշռում է սիմպաթիկ լարվածությանը։ Դրանում հեշտ է համոզվել հատելով կենդանու զույգ թափառող նյարդերը։ Այդ դեպքում սրտի կծկումների հաճախականությունը մեծանում է մոտ երկու անգամ։ Զույգ աստղային հանգույցների հեռացումը (որոնցից դեպի սիրտ են գնում սիմպաթիկ նյարդերը), սրտային կծկումների կայուն և զգալի սակավացում չի առաջացնում։ Լրիվ նյարդազերծմաn դեպքում սիրտը սկսում է կծկվել այն ռիթմով, որը նրան հաղորդում է ծոց-նախասրտայիn հանգույցը։ Սրտի այդ սեփական ռիթմը ավելի բարձր է քան անվնաս (ինտակտ) սրտի ռիթմը։ Այստեղից պետք է եզրակացնել, որ սրտի ինքնավար գործունեությունը անընդհատ ենթարկվում է ճնշման այն ազդակների կողմից, որոնք դեպի սիրտն են գալիս թափառող նյարդի թելերով։ Այդ պարպումների առկայությունը հեշտությամբ կարելի է բացահայտել գրանցելով թափառող նյարդի ԳՊ-ը։ Թափառող նյարդերի կենտրոնների լարվածության ազդեցությունը ժամանակավորապես կարելի է վերացնել ատրոպին ալկալոիդի միջոցով։ Նորածինների մոտ թափառող նյարդի կենտրոնի լարվածությունը դեռևս բացակայում է։ Դա երևում է նրանից, որ նորածին կենդանիների սրտային նյարդերի հատումը, ինչպես նաև ատրոպինի ներարկումը, չեն ազդում սրտի կծկումների հաճախականության վրա, որը բավականին մեծ է։
Այսպիսով, թափառող և սիմպաթիկ նյարդերի հատումը, ինչպես և նրանց գրգռումը, առաջացնում է սրտի գործունեության տարբեր ցուցանիշների հակադիր փոփոխություններ։ Սակայն այդ նյարդերի ազդեցությունը սրտի վրա փոխադարձաբար չի չեզոքանում։ Ընդհակառակը, սրտի բնականոն աշխատանքը որոշվում է թափառող և սիմպաթիկ նյարդերով դեպի սիրտ ընթացող փոխհակադարձ ազդեցություններով։
Թափառող նյարդերի կենտրոնների լարվածության պահպանումը պայմանավորված է ռեֆլեքսային ազդեցություններով, այսինքն նրանց կորիզի գրգռումով այնպիսի ազդակներով, որոնք տարբեր ընկալիչներից կենտրոնաձիգ նյարդերով ընթանում են դեպի կորիզ։ Այստեղ առանձնապես մեծ է այն ազդակների դերը, որոնք գալիս են աորտայի աղեղի և կարոտիսյան ծոցի ընկալիչներից։ Այդ նյարդերի հատումը բերում է թափառող նյարդի կորիզների լարվածության անկման, որի հետևանքով տեղի է ունենում սրտի կծկումների հաճախականության այնպիսի մեծացում, ինչպես դա տեղի է ունենում թափառող նյարդի հատման հետևանքով։ Ձախ փորոքի յուրաքանչյուր սիստոլայի ժամանակ աորտայի աղեղի և կարոտիսյան ծոցի ճնշումընկալիչներից եկած չափավոր գրգռումը մեծացնում է թափառող նյարդի կենտրոնի լարվածությունը։ Նախասրտերից, սիներակներից, թոքերից, ակնագնդերից, մարսողական օրգաններից սկիզբ առնող չափավոր գրգիռները նույնպես հասցեագրվում են ո. vagus-ի կենտրոնին և մասնակցում նրա լարվածության կարգավորմանը։ Ռեֆլեքսածին այդ գարիների ուժեղ գրգռումը համապատասխան զգացող ուղիներով հաղորդվում է թափառող նյարդի կենտրոնին և դրսևորվում սրտային ռեֆլեքսի ձևով։
Թափառող նյարդի կորիզների լարվածությունը կախված է նաև շնչառության փուլերից։ Արտաշնչման ժամանակ այն բարձրանում է, որը բերում է սրտային կծկումների հաճախության նվազմանը։ Նորմալ պայմաններում այդ սովորական երևույթը կոչվում է շնչառական առիթմիա։ Շնչառական առիթմիան անհետանում է կենդանիների ատրոպինիզացիայից, ինչպես նաև նրանց մոտ թափառող նյարդի հատումից հետո։
Թափառող նյարդի կորիզների լարվածության վրա ազդում են նաև որոշ քիմիական գործոններ։ Այդ ազդեցությունը կարելի է ուսումնասիրել արյան խաչաձև շրջանառության Հեյմանսի առաջարկված մեթոդով։ Մեթոդի էությունը կայանում է հետևյալում, երկու շների արյունատար անոթները միացնում են այնպես, որ առաջին շան մարմնի արյունն անցնի երկրորդ շան գլխի անոթներով։ Ապա երկրորդ շան գլուխն անջատում են մարմնից՝ անվնաս թողնելով միայն թափառող նյարդերը։
Տվյալ պայմաններում առաջին շանը ադրենալին ներարկելիս նրա մոտ դիտվում է սիմպաթիկ ազդեցություն՝ սրտի աշխատանքի ամպլիտուդի և հաճախության մեծացումով, իսկ երկրորդ շան մոտ՝ պարասիմպաթիկ ազդեցություն՝ սրտի աշխատանքի դանդաղեցում, ամպլիտուդների փոքրացում և, հնարավոր է, կամ սրտի աշխատանքի դադար։ Նշանակում է ադրենալինի ազդեցությունը իրականանում է երկու ճանապարհով՝ ծայրամասային ազդեցություն անմիջապես սրտի վրա և կենտրոնական ազդեցություն՝ թափառող նյարդի կենտրոնի տոնուսը բարձրացնելու միջոցով։ Թափառող նյարդի կենտրոնի վրա տոնուսը բարձրացնող ազդեցություն ունեն նաև Са2+ իոնները և այլ սիմպաթիկոտրոպ նյութեր։
Դեպի ուղեղ հոսող արյունը գրգռում է թափառող նյարդի կորիզները ոչ միայն իր քիմիական բաղադրությամբ, այլ նաև սեփական զանգվածով՝ փոփոխելով ներգանգային ճնշումը և մեխանիկորեն ներգործելով թափառող նյարդի կորիզների վրա։
Ներգանգային ճնշումը բարձրանալիս, օրինակ, երբ պառկած վիճակում գլուխը մարմնից ավելի ցածր դիրք է գրավում, սրտի աշխատանքը դանդաղում է։ Իսկ պառկած դիրքից կտրուկ կանգնելու դեպքում, ընդհակառակը, թափառող նյարդի կենտրոնի լարվածության իջեցման պատճառով սրտի աշխատանքը հաճախանում է (օրթոկլինոստատիկ փորձանմուշ)։
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին