Սրտի գործունեության ռեֆլեքսային կարգավորումՍրտի գործունեության ռեֆլեքսային կարգավորումն իրականացվում է ԿՆՀ-ի բոլոր բաժինների՝ ողնուղեղի, երկարավուն ուղեղի, ենթատեսաթմբի, մեծ կիսագնդերի կեղևի մասնակցությամբ ։
Ռեֆլեքսային ռեակցիաները կարող են ինչպես արգելակել, այնպես և դրդել սրտի աշխատանքը։ Բոլոր այն ռեֆլեքսները, որտեղ էֆեկտոր օղակ է հանդիսանում սիրտը, կոչվում են սրտային ռեֆլեքսներ։

Նրանց կարելի է բաժանել երկու խմբի՝ սեփական ռեֆլեքսներ, որոնք առաջանում, են սիրտանոթային համակարգի ընկալիչների գրգռման հետևանքով և զուգակցված ռեֆլեքսներ, որոնք պայմանավորվում են այլ ոեֆլեքսածին դաշտերի ակտիվությամբ։ Առավելապես մեծ ֆիզիոլոգիական նշանակություն ունեն սիրտանոթային համակարգի սեփական ռեֆլեքսները, որոնց ընկալիչները տեղադրված են աորտայի աղեղում, կարոտիսյան ծոցում, սիներակների բացվածքների շրջանում։ Դրանք մեխանա– կամ ճեշումընկալիչներ են, քանի որ գրգռվում են արյան անոթի պատի վրա ազդող ճնշումից և նրա ձգումից։ Աորտայի ճնշումընկալիչնեից սկսվող զգացող նյարդը ըստ իր ֆունկցիայի կոչվում է ապաճնշող (դեպրեսոր), Լյուդվիգ-Ցիոնի նյարդ։ Կարոտիսյան ծոցից սկսվող նյարդի զգացող ճյուղը ըստ ֆունկցիայի նույնպես ապաճնշող է, որը կոչվում է Հերինգի նյարդ։ Այդ ընկալչական դաշտերում կենտրոնացված են հսկայական քանակությամբ մեխանա– և քիմիաընկալիչներ, որոնք զգայուն են հեմոդինամիկայի տարբեր փոփոխությունների նկատմամբ։ Այդ ընկալիչներում ծագող ազդակները զգացող նյարդաթելերով մուտք են գործում երկարավուն ուղեղի շրջանառության կենտրոններ, որտեղից պարասիմպաթիկ նյարդերով հասնում են սրտին՝ փոփոխելով նրա տոնուսը կամ գործունեության մակարդակը։     
Քանի դեռ զարկերակներում գոյություն ունի արյան ճնշման որոշակի մակարդակ, կարոտիսյան ծոցի և աորտայի աղեղի մեխանաըեկալիչները գտնվում են դրդված վիճակում։ Նրանց դրդման չափը կախված է արյան ճնշման մակարդակից։ Որքան այն բարձր է, այնքան ուժեղ են դրդվում ընկալիչները և այնքան ինտենսիվ է թափառող նյարդի սրտային թելերի ռեֆլեքսային գրգռումը և, որպես հետևանք, սրտի գործունեության արգելակումը։

Ճնշումընկալիչներ տեղադրված են նաև թոքային ցողունում, հետևաբար ճնշման բարձրացումը արյան շրջանառության փոքր շրջանում նույնպես հանգեցնում է սրտի ռիթմի դանդաղեցմանը (Պարինի ռեֆլեքս)։
Սիներակների բացվածքում գտնվում են ձգման ընկալիչներ՝ ճնշումընկալիչներ, որոնք ինչպես և նախասրտերում բաժանվում են A և В տեսակների։ Նրանցից սկիզբ է առնում ճնշող (պրեսոր) նյարդը։ Ընկալիչների այս երկու տեսակներն էլ գրգռվում են ներանոթային արյան ծավալի չնչին տատանումներից։ Առաջինները գրգռում են նախասրտերի ակտիվ կծկման, երկրորդները՝ նախասրտերի մկանների պասիվ ձգման ժամանակ։ Նշված շրջանը հանդիսանում է ընկալչական դաշտ Բեյնբրիջի ռեֆլեքսի համար։ Այս ռեֆլեքսի էությունը կայանում է նրանում, որ սիներակներում արյան ճնշման բարձրացման դեպքում առաջանում է նշված երկու տեսակի ըեկալիչների գրգռում, որի հետևանքով տեղի է ունենում թափառող նյարդի լարվածության ռեֆլեքսային իջեցում և սիմպաթիկ նյարդի լարվածության բարձրացում։ A-ընկալիչներից ընթացող ազդանշանները բարձրացնում են սիմպաթիկ լարվածությունը։ Նշված երկու ազդեցություններն էլ առաջացնում են սրտի ռիթմի արագացում և նրա կծկողական ուժի մեծացում։ Դրանով իսկ դեպի նախասրտեր արյան ինտենսիվ հոսքի դեպքում արյունատար համակարգի երակային բաժինը նախապես պաշտպանվում է չափից ավելի լայնացամից։

Սրտի սեփական ռեֆլեքսների շարքում կարևոր նշանակություն ունեն այն ռեֆլեքսները, որոնք ծագում են էնդոկարդից, միոկարդից և էպիկարդից։ Պերիկարդի խոռոչի կոկաինացման դեպքում դիտվում է արյան ճնշման կայուն բարձրացում, որը տեղի է ունենում էպիկարդի ընկալիչներից ընթացող ապաճնշող ազդակների վերացման հետևանքով։
Արյան հիդրոստատիկ ճնշման տատանումներից բացի որոշակի նշանակություն ունեն նաև արյան քիմիական բաղադրության փոփոխությունները (թերթթվածնություն, գերածխաթթվություն և այլն), որոնց նկատմամբ զգայուն են զարկերակներում, մասնավորապես աորտայի աղեղում և կարոտիսյան ծոցում գտնվող քիմիաընկալիչները։ Այդ ընկալիչների գրգռման ազդակները՝ ուղղվելով դեպի երկարավուն ուղեղ, փոքրացնում են սրտային կծկումների հաճախությունը։

Զուգակցված սրտային ռեֆլեքսները հանդիսանում են արյան շրջանառության կագավորմանը անմիջականորեն չմասնակցող ռեֆլեքսածին շրջանների գրգռման արդյունք։ Այդ ռեֆլեքսներին են պատկանում Հոլցի, աչք-սրտային և այլ ռեֆլեքսները։
Հոլցի ռեֆլեքսը ի հայտ է գալիս բրադիկարդիայի ձևով մինչև սրտի լրիվ կանգ առնելը՝ ի պատասխան որովայնի պատի և որովայնամզի մեխանաընկալիչների գրգռմանը։ Ռեֆլեքսային աղեղի զգացող ուղին ընթանում է ընդերային նյարդերի միջով, որոնցով ազդակները ողնուղեղից հասնում են թափառող նյարդի կենտրոն և վերջինիս շարժիչ թելերով՝ դեպի սիրտ։ Հոլցի ռեֆլեքսով է բացատրվում բռնցքամարտիկների սրտի դադարը նոկաուտի ժամանակ։ Որովայնի խոռոչի վիրահատությունների ժամանակ այս հանամանքը հաշվի է առնվում։
Աչք-սրտային, կամ Աշների ռեֆլեքս առաջանում է փակ ակնագնդերը սեղմելիս։ Զգացող ուղին եռվորյակ նյարդի ակնային ճյուղն է, որով ազդակները հասնելով թափառող նյարդի կենտրոնին, սրտի հաճախությունն իջեցնում են 10-20 զարկով։ Ռեֆլեքսն ունի կլինիկական նշանակություն։

Թոք-սրտային ռեֆլեքսն ընկած է շնչառական առիթմիայի հիմքում՝ ներշնչման ժամանակ սրտի աշխատանքը արագանում է, արտաշնչման ժամանակ՝ ընդհակառակը։ Այսպիսով, կապված շնչառության փուլերի հետ, սիրտն առիթմիկ է աշխատում, որը հատկապես նկատվում է պատանեկան տարիքում։

Սրտի գործունեության նման փոփոխությունները դիտվում են նաև որոշ արտաընկալիչների գրգռման ժամանակ։ Այսպես, օրինակ, սրտի ռեֆլեքսային դադար կարող է առաջանալ որովայնի շրջանի կտրուկ սառեցման դեպքում։ Հաճախ նման բնույթ են կրում սառը ջրում սուզվելու ժամանակ դժբախտ պատահարները։

Կմախքային մկանների պրոպրիոընկալիչներից ընթացող ազդակները ևս ազդեցություն են թողնում սրտի ռիթմի վրա։ Լարված մկանային աշխատանքի ժամանակ ծագող ազդակների հոսքն արգելակում է երկարավուն ուղեղի սրտի աշխատանքը կարգավորող կենտրոնները, ինչն ուղեկցվում է սրտի ռիթմի հաճախացումով և անոթային լարվածության փոփոխումով։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին