Սրտի գործունեության հումորալ կարգավորումՍրտի գործունեության հումորալ կարգավորումը կատարվում է արյան մեջ շրջանառող կենսաբանական ակտիվ նյութերի ուղղակի կամ միջնորդված ազդեցությամբ, ինչպես նաև արյան և հյուսվածքային հեղուկի իոնային կազմի փոփոխությամբ և այնտեղ գոյացող նոր նյութերի ներգործությամբ։ Հումորալ կարգավորումը առավելապես հատուկ է կատեխոլամիններին (ադրենալին, նորադրենալին, դոֆամին)։ Դրանց ազդեցությունն իրականացվում է կարդիոմիոցիտների բետա-ադրենընկալիչների միջնորդությամբ։ Սրտամկանի վրա նրանց թողած ազդեցությունը նման է սիմպաթիկ նյարդի ազդեցությանը։ Կատեխոլամինների ազդեցությունը պայմանավորված է ադենիլատցիկլազա ֆերմենտի ակտիվացմամբ ու ցԱՄՖ-ի սինթեզի ուժեղացմամբ։

Իր հերթին ցԱՄՖ-ն ակտիվացնում է ֆոսֆորիլազ ֆերմենտը։ Ակտիվացած ֆոսֆորիլազը ներբջջային գլիկոգենի ճեղքման ճանապարհով ապահովում է սրտամկանի մատակարարումն էներգիայով։ Ադրենալինը միաժամանակ բարձրացնում է բջջային թաղանթի թափանցելիությունը Са2+ իոնների հանդեպ։ Այդպիսի ազդեցությունը ռիթմավար հանգույցի վրա թողնում է դրական խրոնոտրոպ, իսկ աշխատող սրտամկանի բջիջների վրա՝ դրական ինոտրոպ ազդեցություն։ Կարևոր նշանակություն ունի ենթաստամոքսային գեղձի գլյուկագոն հորմոնը։ Այն ադենիլատցիկլազի խթանման ճանապարհով սրտամկանի վրա թողնում է դրական ինոտրոպ ազդեցություն։ Սրտի վրա դրական ինոտրոպ ազդեցություն են թողնում նաև մակերիկամների կեղևի հորմոններն ու անգիոտեnզինը, սերոտոնինը։ Վահանագեղձի յոդ պարունակող հորմոնները ուժեղացնում են սրտի գործունեությունը։ Նրանք մեծացնում են սրտի կծկումների հաճախականությունը և բջիջների թաղանթների վրա թողած ապաբևեռացնող ազդեցության շնորհիվ նպաստում են ազդակների ավելի հաճախակի առաջացմանը։ Վահանագեղձի հորմոնները մեծացնում են սրտի կծկողական ուժը, ուժեղացնում Са2+ի փոխադրումը, ինչը ապաբևեռացման ընթացքում նպաստում է ցիստերներից նրա մեծ քանակով արտահոսքին։ Թիրեոիդ հորմոնները բարձրացնում են սրտի զգայնությունը կատեխոլամինների նկատմամբ։ Պրոստագլանդինները պսակային արյան շրջանառությունը և մետաբոլիզմը ուժեղացնելու ճանապարհով մեծացնում են սրտի կծկողական ուժն ու հաճախականությունը։ Կինինները կատեխոլամինների արտադրության շնորհիվ նույնպես առաջացնում են սրտի գործունեության հաճախացում։

Սրտամկանի գործունեության վրա մեծ ազդեցություն է թողնում արյան իոնային բաղադրությունը։ Կալցիումի կատիոնները ֆոսֆորիլազի ակտիվացումով բարձրացնում են մկանաթելերի դրդունակությունն ու հաղորդականությունը, ապահովում դրդման և կծկման զուգակցումը։ Միջբջջային միջավայրում K+-ի պարունակության բարձրացումը ճնշում է սրտի գործունեությունը։ Նման դեպքում իոնի խտության գրադիենտի փոփոխության հետևանքով մեծանում է թաղանթի թափանցելիությունը K+-ի համար, ընկնում է սրտամկանի դրդունակությունը, հաղորդականությունը և ԳՊ-ի տևողությունը։ Նման պայմաններում ծոց-նախասրտային հանգույցը դադարում է ռիթմավար լինելուց։ Այդ երևույթի վրա է հիմնված սրտալուծանք (կարդիոպլեգիկ) առաջացնող լուծույթների ազդեցությունը, որոնք կիրառվում են սրտի վիրահատությունների ժամանակ նրա աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու նպատակով։ Սրտամկանի բնականոն կծկողական ֆունկցիայի համար անհրաժեշտ է նաև բավարար քանակի Na իոնների ներկայություն։ Նրանց ներբջջային խտության պակասեցման դեպքում փոքրանում է Са2+ի փոխադրումը ինչպես սարկոպլազմային ցանցի ցիստերնից, այնպես էլ հյուսվածքային հեղուկից։ Արյան մեջ լեղաթթուների ավելացած քանակը բացասաբար է ազդում սրտի հաճախության վրա, իսկ հիպերկապեիան, թերթթվածնարյունությունը և ացիդոզը փոքրացնում են սրտամկանի կծկունակությունը։ Սյսպիսով, չնայած ազդեցության մեխանիզմների բազմազանությանը, սրտի հումորալ գործոնները կարելի է բաժանել երկու խմբի։ Առաջին խմբի նյութերի վերջնական արդյունքը նման է սիմպաթիկ նյարդի ազդեցությանը (սիմպաթիկոտրոպ նյութեր)։ Մյուս խմբի նյութերը գործում են թափառող նյարդի նման (վագոտրոպ նյութեր):

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին