Սիրտը արյան շրջանառության կենտրոնական օրգանն է, որը հիմնականում կատարում է դատողական կամ կուտակման և արտամղման ֆունկցիաներ։ Մարդու և բարձրակարգ ողնաշարավորների սիրտը քառախորշ է, կազմված 2 նախասրտից և 2 փորոքից։ Հոծ միջնապատով սիրտը բաժանվում է աջ և ձախ կեսերի։ Ձախ (համակարգային) և աջ (թոքային) կեսերը իրենց համապատասխան նախասրտով և փորոքով գործում են  որպես մեկ ամբողջություն։ Յուրաքանչյուր նախասիրտ և փորոք իրար միանում են նախասիրտ-փորոքային բացվածքներով, որոնք օժտված են ձախ կեսում երկփեղկ, իսկ աջում` եռփեղկ փականներով։

Փականները ջլակազմ լարերի միջոցով ամրանում են փորոքների պտկաձև մկաններին, որը նրանց թույլ է տալիս բացվելու միայն դեպի փորոքները։ Ձախ փորոքից սկիզբ է առնում աորտան, որով սկսվում է արյան շրջանառության մեծ շրջանը և վերին և ստորին սիներակներով ավարտվում է աջ նախասրտում։ Աջ փորոքից թոքային ցողունով սկսվում է փոքր շրջանը, որը 4 թոքային երակներով ավարտվում է ձախ նախասրտում։ Փորոքների զարկերակային բացվածքների շրջանում աորտան և թոքային ցողունը օժտված են կիսալուսնաձև փականներով, որոնք բացվում են միայն փորոքների կծկման ժամանակ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին