Սրտային ցիկլՍրտային ցիկլ, նրա փուլային վերլուծությունը
Նախասրտերի և փորոքների մկանաթելերի հաջորդական ռիթմիկ կծկումների շնորհիվ սիրտը կատարում է արյան մղիչի ֆունկցիա։ Նրա մեխանիկական գործունեությունը հսկվում է դրդման պրոցեսներով։ Նախասրտերի և փորոքների համար սրտամկանի ընդհանուր շերտերի առկայությունը, Հիսի խրձի ոտիկներով ու Պուրկինեի թելերով դրդման միաժամանակյա մուտքը դեպի փորոքներ գործնականում միաժամանակյա են դարձնում նախասրտերի և փորոքների կծկումները։ Սրտի աշխատանքն իրենից ներկայացնում է անընդհատ, իրար հաջորդող կծկումների՝ (սիստոլա) և թուլացումների (դիաստոլա) պարբերություններ։ Նախասրտերի և փորոքների մեկը մյուսին փոխարինող սիստոլան ու դիաստոլան կազմում են սրտային ցիկլը։ Քանի որ հանգստի ժամանակ սրտի կծկումների հաճախականությունը միջին հաշվով կազմում է 75 զարկ/րոպե, ապա մեկ ցիկլի տևողությունը հավասար կլինի 0,8 վրկ։ Այդ դեպքում 0,1 վրկ զբաղեցնում է նախասրտերի սիստոլան, որի ընթացքում փորոքները գտնվում են դիաստոլայի մեջ, 0,33 վրկ՝ փորոքների սիստոլան, որի ընթացքում նախասրտերը գտնվում են դիաստոլայի մեջ և 0,37 վրկ` ընդհանուր դիաստոլան, երբ նախասրտերն ու փորոքները թուլացած են։

Նախասրտերի սիստոլայի սկզբում սրտամկանը թուլացած է, իսկ սրտի խոռոչները լցված են արյունով, որր մուտք է գործում երակներից։ Նախասիրտ-փորոքային փականները այդ պահին բացված են, իսկ կիսալուսնաձև փականները փակ են և ճնշումը նախասրտերում և փորոքներում գործնականում միանման է։ Ծոցնախասրտային հանգույցում ծագած գրգիռը առաջացնում Է նախասրտերի սիստոլա, որի ժամանակ արյան ճնշումը ձախ նախասրտում կազմում Է 5-7 մմ ս.ս, իսկ աջում՝ 2-4 մմ ս.ս: Նախասրտերի սիստոլայի ժամանակ փորոքներ Է մուտք գործում մոտ 40 մլ արյուն։ Այսպիսով նախասրտերի սրտամկանի մղիչ ֆունկցիան արյան շրջանառության գործում համեմատաբար մեծ չէ։ Նախասրտերը հանդիսանում են ներհոսող արյան ընդունարաններ, որոնց պատերի ոչ մեծ հաստության շնորհիվ հեշտությամբ փոփոխում են իրենց տարողությունը։ Այդ տարողությունների ծավալը կարող է մեծանալ ի հաշիվ լրացուցիչ ծավալների՝ նախասրտերի ականջիկների առկայության շնորհիվ, որոնք հարթվելու դեպքում ի վիճակի են տեղավորելու արյան զգալի ծավալներ։ Նախասրտերի սիստոլայի ժամանակ տեղի է ունենում սիներակների ու թոքային երակների մուտքը շրջապատող օղակաձև մկանների կծկում, որը արգելում է արյան հետադարձ հոսքը նախասրտերից դեպի երակներ։ Միաժամանակ նախասրտերի սիստոլան ուղեկցվում է սիներակներում արյան ճնշման որոշ բարձրացմամբ։

Գրգիռը նախասրտերից հասնում է նախասիրտփորոքային հանգույց և սկիզբ տալիս փորոքների սիստոլային (0,33վրկ)։ Ընդունված է վերջինս բաժանել երկու շրջանի` լարվածության (0,08վրկ) և արտամղման՝ (0,25վրկ)։ Շրջաններից յուրաքանչյուրն իր հերթին կազմված է երկու փուլերից։ Լարվածության շրջանն իր մեջ ընդգրկում է անհամաժամանակյա (ասինխրոն) կծկման (0,05վրկ) և նույնաչափական (իզոմետրիկ) կծկման (0,03 վրկ) փուլերը։ Արտամղման շրջանն իր հերթին բաղկացած է արագ (0,12վրկ) և դանդաղ արտամղման (0,13վրկ) փուլերից։ Ասինխրոն կծկման փուլում միաժամանակ գրգռվում և կծկվում են ոչ բոլոր կարդիոմիոցիտները կախված հաղորդող համակարգից նրանց ունեցած հեռավորությունից։ Պարզ է, որ մոտ գտնվող կարդիոմիոցիտները կծկվում են ավելի շուտ։ Շնորհիվ արյան հոսքի փոթորկող (տուրբոլենտ) բնույթի, որը մուտք է գործում փորոքներ կծկման ասինխրոն փուլի վերջում, տեղի է ունենում փեղկավոր փականների փակում։ Սկսվում է իզոմետրիկ կծկման փուլը, որը բնութագրվում է մկանների լարվածության մեծացմամբ առանց կարդիոմիոցիտների երկարության փոփոխության։ Այս փուլում, երբ կիսալուսնաձև փականները դեռևս փակ են, կարդիոմիոցիտների շարունակվող կծկման հետևանքով արյան անսեղմելիությունը բերում է ճնշման բարձրացմանը, որը ձախ փորոքում աճում է հասնելով 70-80 մմ ս,ս իսկ աջում մինչև 15-20 մմ ս.ս։ Արդյունքում բացվում են կիսալուսնաձև փականներն ու սկսվում է արտամղման շրջանը։ Սկզբում արտամղման պրոցեսն իրականանում է արագ, քանի որ ճնշումը փորոքներից սկսվող անոթներում (աորտա, թոքային ցողուն) համեմատաբար փոքր է, իսկ փորոքներում շարունակվում է աճել՝ հասնելով առավելագույն արժեքի՝ 130-140 մմ ս.ս. ձախ փորոքում և 25-30 մմ ս.ս. աջում։ Գրեթե այդպիսի ճնշում է ստեղծվում նաև աորտայում և թոքային զարկերակում։
Աորտան և թոքային զարկերակը փորոքներից արտամղվող արյունով լցվելուն զուգընթաց աճում է արյան արտահոսքին ցույց տրվող դիմադրությունը, ուստի և արյան արագ արտամղումը փոխարինվում է դանդաղ արտամղմամբ։

Փորոքների սիստոլայի ավարտից հետո փորոքները հաղորդող համակարգից այլևս գրգիռ չեն ստանում և սիստոլան փոխարինվում է ընդհանուր դիաստոլայով։ Այն սկսվում է նախադիաստոլային փուլով։ Դա փորոքներում արյան ճնշման անկումից մինչև կիսալուսնաձև փականների փակումն ընկած ժամանակն է և կազմում է 0,04 վրկ։ Փորոքներում ճնշման անկման պատճառով արյունը ձգտում է գլխավոր անոթներից դեպի փորոքներ՝ առաջացնելով այսպես կոչված «հետադարձ ալիք»։ Իր ճանապարհին այդ ալիքը հանդիպում է կիսալուսնաձև փականներին, լցնում նրանց գրպանիկները և այդ փականները փակվում են։ Սկսվում է իզոմետրիկ թուլացման փուլը, երբ փեղկավոր փականները դեռ չեն բացվել, իսկ կիսալուսնաձև փականները արդեն փակվել են։ ճնշումը փորոքներում շարունակում է արագ ընկնել և երբ այն մոտենում է զրոյի, փեղկավոր փականները բացվում են, սկսվում է արյունալցման շրջանը (0,25 վրկ), որը բաժանվում է երկու փուլերի՝ արագ լցման փուլ (0,08վրկ), և դանդաղ լցման (0,17վրկ) փուլ։ Այդ շրջանում սկզբում նախասրտերից ապա անմիջապես երակներից արյունը ծծվում է փորոքների մեջ։ Այսպես, ընդհանուր դիաստոլայի ժամանակ փորոքների մեջ ներհոսում է արյան մոտ 70%-ը, իսկ մնացած արյունը լցվում է հաջորդ ցիկլի նախասրտերի սիստոլայի ժամանակ։ Այսպիսով, մեկ ցիկլի ընթացքում նախասրտերի սիստոլայի տևողությունը կազմում է 0,1 վրկ, իսկ դիաստոլայինը՝0,7 վրկ, փորոքների սիստոլայի տևողությունն է 0,33 վրկ, դիաստոլայիեը՝ 0,47 վրկ։ Այս թվերը խոսում են այն մասին, որ նախասրտերը սրտային ցիկլի մեծ մասում գտնվում են դիաստոլայի վիճակում, իսկ փորոքների հանգստի շրջանն շատ ավելի կարճ է։ Փորոքների վրա մեծ ծանրաբեռնվածության և նրանց կարճատև հանգստի հետանքով վերջիններս ավելի հաճախ, քան նախասրտերը ենթակա են ախտահարումների՝ սրտամկանի մեռուկ (ինֆարկտ), սրտի իշեմիկ հիվանդություններ և այլն։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին