ՍՐտամկանի կծկելիությունՉնայած նրան, որ սրտամկանը կազմված է մեծ թվով մկանային բջիջներից, ֆունկցիոնալ առումով այն միշտ արձագանքում է որպես մեկ ամբողջություն։ Ի տարբերություն կմախքային մկանի, սրտամկանը գրգռման ուժի և պատասխան ռեակցիայի մեծության միջև կախվածություն չի դրսևորում։ Կմախքային մկանին աճող ուժգնությամբ գրգիռներ հասցնելիս նրա կծկման ամպլիտուդն այնքան բարձր է, որքան մեծ է գրգռման ուժը (ուժի հարաբերության օրենք)։ Կմախքային մկանը բաղկացած է իրարից անկախ մեծ թվով մկանաթելերից, որոնցից յուրաքանչյուրն ունի գրգռման իր շեմքը։ Ենթաշեմքայիn գրգռին ոչ մի մկանաթել կծկումով չի արձագանքում։ Շեմքային ուժի գրգռիչը պատասխան ռեակցիա է առաջացնում այն թելերում, որոնք օժտված են ամենաբարձր դրդուեակությամբ։ Գրգռի ուժեղացմանը զուգընթաց ավելի շատ թվով թելեր կընդգրկվեն դրդման մեջ, իսկ պատասխան ռեակցիան կաճի այնքան, մինչև որ կծկմանը մասնակցեն տվյալ մկանի բոլոր թելերը։ Ակնհայտ է, որ գրգռի հետագա ուժեղացման հետ կծկման ամպլիտուդան այլևս չի մեծանա։

Սրտի մկանի կծկելիությունն ունի մեկ առանձնահատկություն, որը հայտնի է «ամեն ինչ կամ ոչինչ» կամ Բոուդիչի օրենք անունով։ Ենթաշեմքային գրգռին սիրտը ընդհանրապես չի արձագանքում («ոչինչ»), իսկ սկսած շեմքային գրգռից սրտամկանը տալիս է առավելագույն պատասխան, որը չնայած գրգռող խթանիչի ուժի մեծացմանը, մնում է ամփոփոխ՝ («ամեն ինչ»)։ Սրտամկանի «ամեն ինչ կամ ոչինչ» օրենքը բացատրվում է նրա կառուցվածքային առանձնահատկությամբ։ Սրտամկանում առանձին մկանաթելեր իրար միացված են ներդիր սկավառակներով (նեկսուսներ)` շատ փոքր էլեկտրական դիմադրություն ունեցող պրոտոպլազմային կամրջակներով, որոնց շնորհիվ կարդիոմիոցիտներն օժտված են միանման դրդունակությամբ։ Այդ պատճառով գրգիռը շեմքային մեծությանը հասնելու դեպքում, այն տարածվում է մկանաթելերի ցանցով մեկ և համաձայնեցված կերպով ընդգրկում ամբողջ սրտամկանը։ Կծկվում են բոլոր մկանաթելերը, առաջացնելով առավելագույն կծկում։ Այսպիսով, կարդիոմիոցիտների կծկելիությունը չի կարող կարգավորվել մեկական կծկումների գումարման ճանապարհով, ինչպես այն տեղի է ունենում կմախքային մկանում։

Դրա հետ մեկտեղ «ամեն ինչ կամ ոչինչ» օրենքը բացարձակ չէ։ Եթե սրտամկանը գրգռել միևնույն ուժի հոսանքով, սակայն աճող հաճախականությամբ, ապա յուրաքանչյուր հաջորդ գրգռման նկատմամբ կստանանք աճող պատասխան։ Այդ երևույթը Բոուդիչը անվանվել է trappe` սանդուղք։ Սանդուղքի երևույթ կարող է զարգանալ նաև սրտամկանի թթվածնաքաղցի և գերհոգնածության դեպքերում։ Ենթադրվում է, որ յուրաքանչյուր հաջորդ գրգիռ համընկնում է բարձր դրդունակության փուլին առաջացնելով պատասխան ռեակցիայի ուժեղացում։ Հնարավոր է «ուժեղացման» երևույթը կապված մկանաթելի շրջանում կալցիումի իոնների կուտակման հետ։ Իսկ եթե ենթաշեմքային գրգիռը սրտամկանին հաղորդվի որոշակի հաջորդականությամբ, ապա տեղային պատասխանների գումարը կհասնի ապաբևեռացման կրիտիկական մակարդակի՝ առաջացնելով տեսանելի դրդում։ 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին