Սրտամկանի հաղորդականությունը սրտամկանի գործողության պոտենցիալ հաղորդելու ունակությունն է։ Սրտամկանում գոյություն ունի դրդումը հաղորդելու երկու մեխանիզմ` հատուկ հաղորդող համակարգի օգնությամբ և առանց նրա գրգիռը մեկ կարդիոմիոցիտից անմիջապես մյուսին հաղորդելու միջոցով։ Ծոց-նախասրտային հանգույցում ծագող ազդակները նախասրտերի մկանունքով հաղորդվում են մինչև 1 մ/վրկ արագությամբ, իսկ նախասիրտ-փորոքային հանգույցում նրանց արագությունը նվազում է մինչև 0,2 մ/վրկ։ Դա այսպես կոչված նախասիրտ-փորոքային ուշացումն է։ Այդ ուշացման պատճառը կայանում է նրանում, որ ծոց-նախասրտային և նախասիրտ-փորոքային հանգույցների միջև հյուսվածքները հպման մեջ են մտնում ոչ թե անմիջականորեն, այլ սրտամկանի աշխատող միոկարդի թելերի միջոցով, որոնց բնորոշ է դրդումը հաղորդելու ցածր արագությունը։

Նախասիրտ-փորոքային ուշացման ընթացքում նախասրտերը հասցնում են ավարտել սիստոլան։ Նախասիրտ-փորոքային հանգույցի տվյալ հատկությունն ունի հսկայական ֆիզիոլոգիական նշանակություն, քանի որ ապահովում է գրգռի հաղորդման ուղղվածությունը, հետևաբար նաև նախասրտերի և փորոքների կծկումների հաջորդականությունը։ Հետո դրդման ալիքը տարածվում է Հիսի ընդհանուր խրձով, ապա խրձի ոտիկներով` մվրկ արագությամբ դեպի սրտի գագաթը, իսկ այստեղից Հիսի խրձի ոտիկների ճյուղերով և Պուրկինեի թելերով` դեպի սրտի հիմքը։ Փորոքների մկանունքով ազդակների հաղորդման արագությունը կազմում է 0,5մ/վրկ։ Պուրկինեի թելերի դասավորվածության առանձնահատկության շնորհիվ պտկաձև մկանների դրդումը մի փոքր ավելի շուտ է տեղի ունենում, քան փորոքների պատերինը։ Այդ պատճառով փորոքների գագաթի պատերի արտաքին մակերեսը մի փոքր ավելի շուտ է դրդվում, քան պատի այն հատվածները, որոնք հիմքին մոտ են տեղադրված։ Սրտի մեկ ցիկլի ընթացքում կծկումները կատարվում են որոշակի հերթականությամբ. սկզբում կծկվում են նախասրտերը, ապա փորոքների գագաթները, իսկ հետո՝ նրանց հիմքերը։ Այսպիսով, սրտի հաղորդող համակարգը ապահովում է նրա այնպիսի կարևորագույն ֆունկցիաներ, ինչպիսիք են՝ ռիթմիկ դրդման առաջացումը, նախասրտերի և փորոքների կծկման հաջորդականությունը (կոորդինացիան) և աշխատող սրտամկանի տարբեր թելերի կծկման համաժամանակեցումը (սինխրոնացում)։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին