Սրտամկանի դրդունակությունՍրտամկանն էլեկտրական,քիմիական, ջերմային և այլ գրգիռների ազդեցության տակ ընդունակ է դրդվելու։ Դրդման պրոցեսի հիմքում ընկած է սկզբնական դրդված հատվածում բացասական էլեկտրական պոտենցիալի առաջացումը։ Կարդիոմիոցիտների թաղանթներն, ի տարբերություն ռիթմավարների, հանգստի վիճակում բնութագրվում են Na+-ի և  Ca2+ իոնների արտակարգ ցածր թափանցելիությամբ և, ընդհակառակը, կալիումի իոնների բարձր թափանցելիությամբ։ Աշխատող կարդիոմիոցիտները օժտված չեն ինքնածին ԴՊ գոյացնելու կարողությամբ։ Նրանք դրդվում են միայն հաղորղող համակարգից եկած գրգռի ազդեցության տակ։

Աշխատող կարդիոմիոցիտների ԳՊ-ն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնցով նա տարբերվում է կմախքային մկանների, ինչպես նաև սրտի հաղորդող համակարգի բջիջների ԳՊ-ից։ Աշխատող միոկարդի բջիջների ԳՊ-ը բաղկացած է արագ ապաբևեռացման, սկզբնական արագ վերաբևեռացման, դրան հաջորդող դանդաղ վերաբևեռացման (պլատո՝ հարթակի փուլ), արագ վերջնական վերաբևեռացման և հանգստի կամ դիաստոլային պոտենցիալի փուլերից։ Արագ ապաբևեռացման շրջանում բացվում են «դասական բնույթի» արագ նատրիումական անցուղիներն ու նրանց միջով բջիջ են թափանցում նատրիումի իոնները։ Երբ թաղանթային պոտենցիալը (ԹՊ) (-90մՎ) այդ պրոցեսի հետևանքով հասնում է -40մՎ-ի, նատրիումական «դասական» անցուղիներր ապաակտիվանում են։ Այդ ապաակտիվացումը պահպանվում է ԳՊ-ի համարյա ամբողջ տևողության ընթացքում և դադարում է միայն այն ժամանակ, երբ թաղանթային պոտենցիալի մեծությունը վերաբևեռացման ընթացքում կրկին հասնում է -70մՎ-ի։ Արագ նատրիումական անցուղիների ապաակտիվացումից հետո բացվում են L բնույթի դանդաղ (բարձրշեմքային, ոչ ապաակտիվացնող) նատրիում-կալցիումական անցուղիները, որոնց միջոցով նատրիումի ու կալցիումի իոնները մուտք են գործում կարդիոմիոցիտ։ Դա նպաստում է ԳՊ-ի ապաբևեռացման հավելումի (օվերշուտ) երևան գալուն։ Քանի որ Լ բնույթի կալցիումական անցուղիները ընղունակ չեն արագ ապաակտիվացման, ապա նրանց բաց վիճակը պահպանվում է երկար մինչև վերջնական վերաբևեռացմաե փուլը։

Այսպիսով, վերաբևեռացմա ընթացքը բաժանվում է երեք փուլերի, արագ սկզբնական վերաբևեռացում, որի ընթացքում ԳՊ-ն ընկնում է մինչև +1015մՎ-ի սահմանը, հարթակ և արագ վերջնական վերաբևեռացում։ Հարթակի շրջանում Լ տիպի կալցիումական անցուղիներով շարունակվում է նատրիումի և կալցիումի իոնների մուտքը բջիջ։ Միաժամանակ այդ շրջանում բացվում են կալիումական անցուղիներն ու սկսվում է կալիումի իոնների արտահոսքը։ Քանի որ բջիջ մուտք գործող կատիոնների (նատրիում + կալցիում) քանակը այդ շրջանում հավասար է բջջից դուրս եկող կատիոնների (կալիում) քանակին, ապա թաղանթային պոտենցիալը կարծես թե սևեռվում է տեղում՝ առաջանում է ԳՊ-ի հարթակը։ Վերջնական վերաբևեռացման փուլում արտահոսող կալիումական կատիոնների հոսքը դառնում է ավելի ուժեղ, քան ներհոսող կատիոններինը։ Կարդիոմիոցիտների ԳՊ-ի ամպլիտուդը հասնում է 110 մՎ-ի, տևողությունը 300-400 մվրկ-ի, որը համապատասխանում է սրտամկանի կծկման տևողությանը։ Վերջնական վերաբևեռացմանը հաջորդում է հանգստի փուլը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին