Սրտամկանի կծկման գործարկողը, ինչպես և կմախքային մկանում, հանդիսանում է ԳՊ-ը, որը տարածվում է կարդիոմիոցիտների մակերեսային թաղանթի երկարությամբ։ Այնուամենայնիվ դրդման և կծկման միջև գոյություն ունեցող ժամանակային հարաբերությունները այդ երկու տիպի մկաններում տարբեր են։ Կմախքային մկաններում ԳՊ-ի տեսողությունը կազմում է միայն մի քանի մվրկ, իսկ նրանց կծկումը սկսվում է այն պահին, երբ դրդումը գրեթե ավարտվում է։ Իսկ սրտամկանում դրդումն ու կծկումն, ըստ էության, ժամանակային առումով համադրվում են։ Կարդիոմիոցիտների թաղանթը նույնպես ունի ներփքումներ, այսպես կոչված ընդլայնական խողովակիկներ (T-խողովակիկներ), որոնց հպվում են կալցիումի ներբջջային շտեմարան հանդիսացող սարկոպլազմային ցանցի ցիստերնները։ Սրտամկանում սարկոպլազմային ցանցն ավելի թույլ է արտահայտված, քան կմախքային մկանում։

Հաճախ ընդլայնական T-խողովակիկին հպվում են ոչ թե երկու, ինչպես կմախքային մկանում, այլ մեկ ցիստերն։ ԳՊ-ն տարածվում է կարդիոմիոցիտի թաղանթի մակերեսով և Т- խողովակիկի երկարությամբ դեպի մկանաթելի խորքը, առաջացնելով սարկոպլազմային ցանցի ցիստերնի ապաբևեռացում, որը հանգեցնում է ցիստեռնից Са2+ իոնների դուրս մղմանը։ էլեկտրամեխանիկական կապակցման հաջորդ փուլում կալցիումի իոնները տեղափոխվում են դեպի կծկվող նախաթելիկներ։ Սրտամկանի մկանաթելերի կծկման մեխանիզմը նման է կմախքայինին և տեղի է ունենում սահող թելերի մեխանիզմով, միոզինի թելերի վրայով ակտինի թելերի սահքի միջոցով։

Կծկման գործում վճռական դեր է խաղում ԳՊ-ի ընթացքում Са2+ իոնների մուտքը բջիջ։ Կալցիումը մեծացնում է ԳՊ-ի տևողությունը և, որպես հետևանք, անդրդելիության շրջանի տևողությունը։ Միջբջջային հեղուկից դեպի կարդիոմիոցիտ Са2+ի փոխադրումը հանդիսանում է «կծկման ուժի» կարգավորման հիմքը։ Միջբջջային տարածության մեջ Са2+ բացակայության դեպքում խզվում է սրտամկանի դրդման և կծկման միջև եղած կապը։ Այդ դեպքում ԳՊ-ն մնում է անփոփոխ, իսկ կարդիոմիոցիտների կծկում տեղի չի ունենում։ ԳՊ-ի առաջացման ժամանակ կալցիումի ներհոսը շրջափակող նյութերը նմանատիպ ազդեցություն են թողնում։ Կալցիումական հոսքը ճնշող նյութերը փոքրացնում են հարթակի փուլի և ԳՊ-ի տևողությունն ու իջեցնում սրտամկանի կծկողական ունակությունը։ Միջբջջային տարածության մեջ կալցիումի պարունակության ավելացման և դեպի բջիջ այդ իոնի ներհոսին նպաստող նյութերի ներմուծման դեպքում սրտի կծկումների ուժը մեծանում է։ Կփնիկայում սրտի կծկելիության ուժեղացման համար օգտագործում են սրտային գլյուկոզիդներ, որոնք ուժեղացնում են կալցիումի մուտքը կարդիոմիոցիտներ։ Այսպիսով, ԳՊ-ը կծկման մեխանիզմում մի կողմից ապահովում է ցիստերններից կալցիումական իոնների դուրս մղման պրոցեսը, իսկ մյուս կողմից՝ հյուսվածքային հեղուկից կարդիոմիոցիտի մեջ այդ իոնների թափանցումը, որը հանդիսանում է սրտամկանի ԳՊ-ի և կծկման, այսինքն էլեկտրամեխանիկական պրոցեսների կապող օղակը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին