Սրտամկանի անդրդելիութուն և արտահերթ կծկումԱշխատող սրտին արտահերթ գրգիռներ հասցնելիս միշտ չէ, որ դրանցից տեսանելի պատասխան է ստացվում։ Դա կախված է նրանից, թե գրգիռները սրտի աշխատանքի որ փուլին են համընկնում` սիստոլայի, թե դիաստոլայի։  Սիստոլայի փուլում սիրտը գրգռելիս, անկախ գրգռիչի ուժից, պատասխան չի ստացվում։ Հետևաբար, սրտամկանը սիստոլայի ընթացքում գտնվում է լրիվ կամ բացարձակ անդրդելիության (ռեֆրակտերության) փուլում։ Բացարձակ աեդրդելիության փուլը պահպանվում է արագ նատրիումական անցուղիների ապաակտիվացման ամբողջ ընթացքում և տևում է 270մվրկ։ Այն կմախքային մկանում տևում է ընդամենը 0,01 վրկ (10ս\[րկ)։

Սրտամկանի թուլացման շրջանում նրա դրդունակությունը սկսվում է վերականգնվել։ Դա համընկնում է հարաբերական անդրդելիության վիճակին, որի ընթացքում փորոքներին հասցված վերշեմքային ուժի գրգիռներից ստացվում է արտահերթ լրացուցիչ կծկում՝ էքստրասիստոլա։ Հարաբերական անդրդելիության տևողությունը կազմում է 30մ/վրկ։ Արտահերթ կծկումից հետո նրա և փորոքների հաջորդ սիստոլայի միջև նկատվում է դադարի տևողության երկարում, որը ստացել է հատուցող (կոմպենսատոր) դսդար անվանումը։ Նրա առաջացումը բացատրվում է նրանով, որ ծոց-նախասրտային հանգույցում ծագող հերթական ազդակը փորոքներ է հասնում այն պահին, երբ նրանք գտնվում են բացարձակ անդրդելիության վիճակում, որն առաջացել է սրտում էքստրասիստոլայի ժամանակ։

Փաստորեն առաջին հանգույցից եկող գրգիռը մնում է անպատասխան և սրտային մեկ ցիկլ փոխարինվում է հատուցող դադարով։ Հատուցող դադարին հաջորդող սիստոլան ըստ Ֆրանկ-Ստարլինգի օրենքի ունի ավելի մեծ ամպլիտուդ։ էքստրասիստոլայի այդ բնորոշ պատկերն առաջանում է այն դեպքում, երբ արտահերթ գրգիռը ծագում է փորոքների շրջանում, և կոչվում է փորոքային էքստրասիստոլա: Սակայն արտահերթ գրգիռներ կարող են ծագել նաև փորոքներից վեր նախասրտերի շրջանում, ներառյալ առաջին հանգույցը։ Այդ էքստրասիստոլան կոչվում է վերփորոքային կամ նախասրտային։ Նախասրտային էքստրասիստոլան բնութագրվում է հատուցող դադարի բացակայությամբ։ Դա բացատրվում է նրանով, որ գրգիռը շատ մոտ գտնվելով 1-ին հանգույցին հետընթաց ճանապարհով հասնում է նրան և դառնում նրա հաջորդական, բայց արտահերթ գրգիռը, որից հետո հանգույցը շարունակում է իր ռիթմիկ աշխատանքը :
Սրտամկանի դրդունակության կորը ԳՊ-ի կորի հետ համադրելիս կարելի է նկատել, որ բացարձակ անդրդելիության շրջանը համապատասխանում է ապաբևեռացման, սկզբնական արագ վերաբևեռացման փուլերին, հարթակին, և վերջնական արագ վերաբևեռացման փուլի սկիզբին։ Վերջնական արագ վերաբևեռացման մնացած հատվածը համընկնում է հարաբերական անդրդելիության շրջանին ։

Հարաբերական անդրդելիության փուլին հաջորդում է գերնորմալ դրդունակության կարճատև շրջանը, որը կմախքային մկաններում տևում է շատ ավելի երկար։ Այդ շրջանում սրտամկանն ընդունակ է դրդվել ենթաշեմքային գրգիռներով, որից հետո դրդունակության մակարդակը վերականգնվում է: Այսպիսով, սրտամկանի բնորոշ առանձնահատկություններից մեկն այն է, որ նրա բացարձակ կամ լրիվ անդրդելիության փուլը զգալիորեն երկար է, ինչն արգելք է հանդիսանում ապաբևեռացման նոր ալիքի առաջացման` այնքան ժամանակ քանի դեռ չի ավարտվել նախորդը։ Այն միաժամանակ բացառում է պրկանքի (տետանուսի) հնարավորությունը պայմաններ ստեղծելով սրտամկանի համար աշխատելու մեկական կծկման ռիթմով։ Դրանով իսկ կանխվում է սրտի արտամղման բնականոն ֆունկցիայի խանգարումը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին