Սրտի պատը կազմված է երեք շերտերից` էնդոկարդից, միոկարդից և էպիկարդից, դրանցից առավել բարդ կառուցվածք ունի միոկարդը։ Միոկարդում բացի կծկվող կամ "աշխատող" մկանային բջիջներից կարդիոմիոցիտներից.գոյություն ունի մկանային միավորների՝ միոցիտների հատուկ համակարգ, որն օժտված է ինքնածին ռիթմիկ գրգիռներ առաջացնելու և հաղորդելու, սրտի, խոռոչների կծկման հաջորդականությունը կարգավորելու ունակությամբ։ Մասնագիտացված այդ մկանաթելերը կազմում են սրտի հաղորդող համակարգը, որը կազմված է հանգույցներից ու խրձերից։

Առաջին հանգույցը, որը կոչվում է ծոցնախասրտային կամ Կեյտ-Ֆլակի հանգույց, տեղադրված է աջ նախասրտի պատում, սիներակների թափման տեղում։ Հանգույցից գրգիռր ինչպես սփռուն կերպով, այնպես էլ հատուկ հաղորդող խրձերով (Բախմանի, Թորելի, Քենտի, Պալադինոի և այլն) հասնում է նախասրտերի միոկարդի աշխատող բջիջներին, այնուհետև երկրորդ ատրիվենտրիկոււյար (նախասիրտ-փորոքային), կամ Աշոֆ-Տավարայի հանգույցին, որը տեղադրված է սրտի միջնապատում՝ աջ  նախասրտի և  փորոքի սահմանում։ Այս հանգույցը բաղկացած է գրգռի սեփական հաճախականությամբ օժտված երեք մասերից՝ վերիn-նախասրտային, միջին և ստորին-փորոքային։

Բնականոն պայմաններում գրգիռը նախասիրտ-փորոքային հանգույցից հաղորդվում է միայն մեկ ուղղությամբ։ Նախասիրտ-փորոքային հանգույցից սկսվում է Հիսի խուրձը, որը միջփորոքային միջնապատում բաժանվում է աջ և ձախ ոտիկների։ Վերջիններս Պուրկինեի թելերով ավարտվում են համապատասխան փորոքների պտկաձև մկաններում՝ սերտ հպման մեջ մտնելով կարդիոմիոցիտների հետ։ Սրտի հաղորդող համակարգի բջիջներն իրենց կառուցվածքով ընդհանուր առմամբ նման են աշխատող միոկարդի բջիջներին։ Միաժամանակ դրանք պարունակում են քիչ քանակությամբ միոֆիբրիլներ ու միտոքոնդրիումներ, մեծ քանակով գլիկոգեն, գլիկոլիտիկ ֆերմենտներ և համեմատաբար փոքր քանակությամբ աերոբ օքսիդացման ֆերմենտներ։ Հաղորդող համակարգի բջիջներն աշխատող կարդիոմիոցիտների համեմատությամբ ավելի կայուն են թթվածնային քաղցի (հիպօքսիայի) նկատմամբ։ Սրտի մկանը, ինչպես և կմախքային մկանը, ունի միջաձիգ զոլավորություն և նույնպես օժտված է դրդունակությամբ, հաղորդականությամբ և կծկողականությամբ, սակայն տարբերվում է վերջիններից մի շարք ֆիզիոլոգիական առանձնահատկություններով։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին