Սպի (լատ. cicatrix, -icis, f.) խիտ շարակցահյուսվածքային գոյացություն է, որն առաջանում է վնասվածքից կամ բորբոքումից հետո հյուսվածքների ռեգեներացիայի (վերականգնման) հետևանքով: Օրինակ` մաշկի վերքից, տասներկումատնյա աղիքում խոցից, սրտամկանի վրա` ինֆարկտից հետո և այլն: Սպիական հյուսվածքը կազմված է առավելապես կոլագենից և տարբերվում է ֆունկցիոնալ առումով այն հյուսվածքից, որը փոխարինում է: Օրինակ, մաշկի սպիները ավելի զգայուն են ուլտրամանուշակագույն ճառագայթման հանդեպ և նրանցում չեն վերականգնվում քրտնագեղձերն ու մազարմատները, իսկ սրտամկանում առաջացած սպին չի մասնակցում կծկման գործընթացին և կարող է հանգեցնել սրտային անբավարարության զարգացման: Որոշ հյուսվածքներ, օրինակ՝ ոսկրայինը, ունակ են նշանակալից չափով վերականգնել իրենց կառուցվածքը և ֆունկցիան վնասումից հետո: