Սննդանյութերի խոռոչային ևր թաղանթային հիդրոլիզՍննդանյութերի խոռոչային և թաղանթային հիդրոլիզը բարակ աղիքում

Ի տարբերություն մարսողական համակարգի այլ բաժինների, բարակ աղիքում ընթանում է երկու բնույթի մարսողություն.
1. Խոռոչային, որը բնորոշ է ստամոքսաղիքային համակարգի բոլոր բաժիններին:
2. Թաղանթային կամ առպատային (բացահայտվել է Ա.Մ. ՈՒգոլևի կողմից), որը յուրահատուկ է միայն բարակ աղիքներին:
Խոռոչային մարսողությունը տեղի է ունենում ի հաշիվ բարակ աղիքի խոռոչում ենթաստամոքսային և սեփական աղիքային հյութի ֆերմենտների: Նրանց ազդեցությամբ հիդրոփզվում են ստամոքսում և 12-մատնյա աղիքում նախնական մշակում անցած խոշոր մոլեկուլյար նյութերը: Արդյունքում ձևավորվում են օլիգոմերներ, որոնց հետագա հիդրոլիզը շարունակվում է թաղանթային մարսողության մեխանիզմով:

Մարսողության այս ձևը իրականացվում է բարակ աղիքի պատը կազմող էպիթելային բջիջների (էնտերոցիտների) մակերեսին: Դեպի աղիքի խոռոչ ուղղված էնտերոցիտների մակերեսը պատված է խոզանակավոր երիզ կազմող միկրոթավիկներով, որոնց քանակը յուրաքանչյուր բջջի վրա հասնում է 1700-3000-ի, իսկ աղիքային էպիթելի 1մմ2 վրա` 50-200 միլիոնի: Միկրոթավիկների շնորհիվ աղիքի մակերեսը մեծանում է 15-39 անգամ: Յուրաքանչյուր միկրոթավիկ իրենից ներկայացնում է ցիտոպլազմային ելուստ, որը պարունակում է միկրոթավիկի շարժումները ապահովող ակտինի և միոզինի թելիկներից կազմված կծկողական հարմարանք: Միկրոթավիկները իրենց հերթին պատված են գլիկոկալիքսով, բազմաշերտ նուրբ միկրոֆիլամենտներով, որոնք կազմված են կալցիումական կամուրջներով միացված թթու մուկոպոլիսախարիդներից: Դրանք միկրոթավիկների թաղանթի նկատմամբ տարածվում են ուղղահայաց և անմիջապես միացված են նրա հետ: Գլիկոկալիքսի հաստությունը կազմում է 0,3-0,5 մկմ:

Գլիկոկալիքսը բազմաֆունկցիոնալ կառույց է:
1) Այն խոզանակաերիզի հետ միասին ծառայում է որպես մանրէների հատուկ քամիչ, որի օգնությամբ թաղանթային մարսողությունն ընթանում է մանրէազուրկ միջավայրում: Դա կապված է բարակ աղիքում բնակվող մանրէների և միկրոթավիկների միջև գոյություն ունեցող տարածությունների, ինչպես նաև գլիկոկալիքսի ցանցի չափսերի անհամապատասխանության հետ:
2) Սննդանյութերի համար հանդիսանում է բարձր ընտրողականությամբ օժտված թաղանթային քամիչ, որի թափանցելիությունը հսկվում է ֆերմենտների և կապող սպիտակուցների օգնությամբ:
3) Ծառայում է որպես բուֆերային շերտ և կամավորում է արտաբջջային միջավպյր, որի իոնների կազմը, pH-ը և այլ ֆիզիկաքիմիական հատկությունները էապես տարբերվում են արտաբջջային հեղուկի նույն հատկություններից: Նշանակում է, որ այն կարող է ծառայել որպես հիդրոփտիկ ֆերմենտների ակտիվության կարգավորիչ:
4) Բջիջը պաշտպանում է մեխանիկական և քիմիական վնասումներից:
5) Զգալի չափով ապահովում է խոռոչային, թաղանթային մարսողության և ներծծման պրոցեսների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունը:

Թաղանթային մարսողության ֆերմենտները ծագում են երկու աղբյուրներից`
1)  Բարակ աղիքի խոռոչից կլանված պանկրեատիկ և աղիքային ֆերմենտներ: Նրանք կապվում են միկրոթավիկների գլիկոկալիքսի հետ և մասնակցում սննդանյութերի հիդրոլիզի առավելապես միջանկյալ փուլերին' նրանց բարակ աղիքի խոռոչից դեպի էնտերոցիտների թաղանթ տանող ճանապարհին:
2) Աղիքների սեփական ֆերմենտներ, որոնք սինթեզվում են էնտերոցիտների կողմից և մտնում նրանց գագաթային թաղանթի կազմի մեջ: Այդ ֆերմենտները ապահովում են սննդանյութերի հիդրոլիզի եզրափակիչ փուլերը, այսինքն` ճեղքում են օլիգո- և դիմերները մինչև մոնոմերների` արյուն և ավիշ ներծծվելու համար: Այդ երկու ֆերմենտային համակարգերի գործունեությունը խիստ փոխկապակցված է:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին