Սնման տեսություններըՀավասարակշռված սնման տեսություն: Սննդանյութերի ասիմիլացիայի քանակական և որակական պրոցեսների մասին ժամանակակից պատկերացումները հիմնված են հավասարակշռված սնման դասական տեսության դրույթների վրա, որոնք ձևակերպվել են անցյալ դարի վերջում և կենսաբանության և բժշկագիտության մեջ իշխում են մինչև օրս: Հավասարակշռված սնման տեսության հիմքում ընկած են մի շարք դրույթներ, որոնցից հիմնականներն են.
-իդեալական է համարվում սնունդը, եթե սննդանյութերի ներմուծումը հավասարակշռում է նրա ծախսին, այստեղից տեսության անվանումը` հավասարակշռված սնման տեսություն,
-սնունդը կազմված է մի քանի բաղադրիչներից` նուտրիենտներից և ոչ սննդային նյութերից: Նուտրիենտները օգտակար սննդային նյութերն են` սպիտակուցները, անփոխարինելի և փոխարինելի ամինաթթուները, պեպտիդները, ածխաջրատները, պոլիսախարիդները, հեշտ յուրացվող ածխաջրատները, ճարպերը, ճարպաթթուները, ֆոսֆոլիպիդները, վիտամինները, աղերը, միկրոտարրերը, ջուրը:

Ոչ սննդային նյութեր են բալաստային (թավանային) նյութերը ցելյողոզան, հեմիցելյուլոզան, պեկտինը, համեմունքներ, վնասակար և թունավոր նյութեր, այդ թվում նաև քաղցկեղածին նյութեր, օրգանիզմի նյութափոխանակությունը որոշվում է սննդային ռացիոնում ամինաթթուների, մոնոսախարիդների, ճարպաթթուների, վիտամինների մակարդակով, որի հիման վրա կարելի է կառուցել մոնոմերային կամ տարրային դիետաներ: Հավասարակշռված սնման տեսությունը թույլ տվեց մշակել սննդանյութերի օգտագործման գիտականորեն հաստատված նորմեր: Ստեղծվել են սննդային օրաբաժիններ բնակչության բոլոր խմբերի համար:

Սակայն հավասարակշռված սնման տեսության դրույթներում անտեսված է բալաստային նյութերի դերը սննդի մեջ, որը լուրջ սխալների տեղիք է տվել: Սնունդը նուտրիենտներով հարստացնելու համար նրանից հեռացվել են բալաստային և վնասակար նյութերը: Ուստի, ժամանակակից հացը, ճարպը, շաքարը զտված են: Դա նպաստել է քաղաքակրթության հիվանդությունների' աթերոսկլերոզի, սրտամկանի ինֆարկտի, թրոմբոզների, երակների լայնացման, թոքերի էմֆիզեմայի, խրոնիկ բրոնխիտի, հղիների տոքսիկոզի, շաքարային դիաբետի, ցրված սկլերոզի, դեպրեսիայի և այլ հիվանդությունների առաջացմանը: Այս տեսության հիման վրա առաջարկվեց մոեոմերային կամ տարրային սնում, որը կարելի է կիրառել միայն բացառիկ դեպքերում, հիվանդի բուժման ժամանակ, իսկ առօրյա կիրառման դեպքում նման սնումը առաջացնում է դիսբակտերիոզ, ախտածին միկրոֆլորայի աճ աղիքներում:

Ելնելով հավասարակշռված սնման տեսության հիմնական թերությունից' բալաստային նյութերի դերը թերագնահատելուց Ա.Ս.Ուգոլևը առաջարկեց ադեքվատ (համարժեք) սնման տեսությունը, որտեղ հաշվի է առնված լիզոսոմսւյին և թաղանթային մարսողության տվյալները, էնտերինային հորմոնների նշանակությունը, տարրային դիետաների վնասակար ազդեցությունը, ինչպես նաև մանրէազերծ կենդանիների ֆունկցիոնալ առանձնահատկությունների հետազոտությունների տվյալները: Ըստ ադեքվատ տեսության նուտրիենտների հետ միասին սննդի անհրաժեշտ բաղադրիչներ են նա բալաստային նյութերը, բնական սնումը ապահովում են ոչ միայն սննդի հետ ներմուծված նուտրիենտները, այլն սնող և կարգավորող նյութերի' հորմոնների և ֆիզիոլոգիական այլ ակտիվ նյութերի մի շարք հոսքեր, որոնք ունեն կենսական կարևոր նշանակություն, գոյություն ունի տերօրգանիզմի էնդոէկոլոգիա, որն առաջացնում է նրա աղիքների միկրոֆլորան: Սննդանյութերի հաշվեկշիռը հաստատվում է խոռոչային և թաղանթային, մարսողության ընթացքում սննդանյութերից ֆերմենտային ճեղքման ճանապարհով նուտրիենտների ազատման, ինչպես նաև նոր նյութերի, այդ թվում նաև անփոխարինելի նյութերի առաջացման հաշվին:

Սննդի հետ օրգանիզմ են մտնում նաև էկզոգեն հորմոններ և սննդանյութերի հիդրոլիզի արգասիքներից առաջացած ֆիզիոլոգիական ակտիվ նյութեր: Օրինակ, հաստատված է, որ կաթի և ցորենի սպիտակուցների ճեղքումից առաջանում են արտածին մորֆինանման նյութեր' էկզորֆիններ, որոնք օժտված են էնդորֆինների ազդեցության հատկություններով: Ֆիզիոլոգիական ակտիվ նյութեր առաջանում են նաև միկրոօրգանիզմների կենսագործունեության հետևանքով: Դրանք երկրորդային նուտրիենտներ են' օգտակար նյութեր, որոնք անջատվում են սննդից, օրինակ, ամինաթթուներ, ճարպեր, ածխաջրատներ և ձևափոխված նուտրիենտներ, օրինակ, ամիններ: Բալաստային նյութերը սննդի կարևոր բաղադրիչներ են: Դրանք սննդային թելիկներ են, հիմնականում պոլիսախարիդային նյութեր ցելյուլոզա, հեմիցելյուլոզա, պեկտին, լիգնին: Մեծ քանակով բալաստային նյութեր պարունակվում են բանջարեղենում, մրգերում, հատիկներում: Նրանք ուժեղացնում են աղիքների շարժողական գործունեությունը, սնունդ են հանդիսանում միկրոօրգանիզմների համար: Հաստատված է, որ հաստ աղիքի քաղցկեղը, լեղաքարային հիվանդությունը, լեղաթթուների, խոլեսթերինի, ստերոիդ հորմոնների փոխանակության խանգարումները ավելի հաճախ զարգանում են սննդային ռացիոնում բջջանյութի բացակայության պայմաններում: Բալաստային նյութերը ունեն նաև հակաթունային ազդեցություն: Նրանց .ներմուծումը սննդի հետ մի շարք դեպքերում բուժում է մարսողական ուղիների հիվանդությունները:

էևղոէկոլոգիա: Համաձայն ադեքվատ սնման տեսության, մարսողական ուղու մանրէները անհրաժեշտ են և օգտակար: Նրանց ընկճումը անտիբիոտիկների ազդեցությամբ հաճախ խախտում է օրգանիզմի նյութափոխանակային հաշվեկշիռը: Մանրէազերծ կենդանիները իմունոլոգիական, նյութափոխանակային և այլ ֆունկցիաներով ոչ լիարժեք օրգանիզմներ են:
Միկրոֆլորայի խանգարման դեպքում, որը դիտվում է անտիբիոտիկային բուժման, ստրեսների, տարրային դիետայի օգտագործման, պարենտերալ սնման ժամանակ, առաջանում է դիսբակտերիոզ' մանրէների, հատկապես տոքսիկ ձևերի, անհամաչափ զարգացում: Ադեքվատ սնման տեսությունը մեծ նշանակություն է տալիս սննդի հետ տարբեր վնասակար նյութերի և ալերգենների թափանցմանը և օրգանիզմի պաշտպանական համակարգերին, որոնք չեզոքացնում են սննդի հետ ընդունվող ալերգիկ և վնասակար գործոնների ազդեցությունը:
Գոյություն ունեն մի շարք պաշտպանական մեխանիզմներ: 1) մեխանիկական քամիչ խոշոր անտիգենմոլեկուլների համար: Դա իրականացնում են գլիկոկալիքսի էնտերոցիտները, 2) անտիգենների հիդրոլիզ ստամոքսաղիքային ուղու ֆերմենտների ազդեցությամբ և 3) ստամոքսաղիքային ուղու իմունային համակարգը բարակ աղիքի պեյերյան բծերը (չափահաս մարդու օրգանիզմում թվով մոտ 200-300) և որդանման ելունի ավշային հյուսվածքը: Ստամոքսաղիքային ուղին հարուստ է լիմֆոցիտներով' միջինը 100 էպիթելային բջիջներում պարունակվում է մոտ 6-40 լիմֆոցիտ: Այսպիսով, սնունդը ռացիոնալ է համարվում, եթե այն օգտակար է տվյալ մարդուն, տվյալ պայմաններում ադեքվատ է մարդու առողջական և ֆունկցիոնալ վիճակին:

Սնման ''համապատասխանության'' տեսություն: Այս տեսությունն առաջարկել է ակադեմիկ Ա.Ա. Պոկրովսկին: ''Համապատասխանություն'' տերմինը այստեղ կիրառվում է` նկատի ունենալով օրգանիզմի ֆերմենտային համակարգերի և սննդի քիմիական կառուցվածքի համապատասխանությունը և ձևակերպվում է որպես համապատասխանության կանոն: Այդ կանոնը գործում է սննդանյութերի ասիմիլյացիայի և կերպափոխության բոլոր մակարդակներում' մարսողական ուղիներում սննդանյութերի մարսման և ներծծման, նրանց փոխադրման, բջիջներում և ենթաբջջային կառույցներում նրանց յուրացման, ինչպես նաև օրգանիզմից նրանց արտահանման պրոցեսներում: Նշած մակարդակներից յուրաքանչյուրում համապատասխանության կանոնի խախտումը անպայման հանգեցնում է օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակի էական խանգարումների: Եթե դա ժառանգական հիվանդության հետ է կապված, ապա կտրուկ փոխվում է տվյալ կենսաբանական տեսակին բնորոշ սննդի անփոխարինելի գործոնների համալիրը: Օրինակ, ֆենիլալանինի հիդրօքսիլազայի կենսասինթեզի խանգարման պարագայում այդ ամինաթթուն դադարում է անփոխարինելիի գործոն լինելուց և վերածվում է օրգանիզմի համար խիստ թունավոր նյութի, որը առաջացնում է երեխայի ֆիզիկական և հոգեկան զարգացման խիստ արտահայտված կասեցում: Ոչ հազվադեպ նորածնային մահացության պատճառ է հանդիսանում ժառանգական ֆերմենտոպաթիայի մի տեսակ, որը բնորոշվում է մոնոսախարիդներ գալակտոզայի և ֆրուկտոզայի յուրացման խանգարումով: Նման հիվանդությունը բնորոշվում է որպես էնդոգեն տոքսիկոզ, հարուցված սովորական ֆիզիոլոգիական մետաբոլիտների ոչ բնականոն բարձր խտություններով:

Ժառանգական ինֆորմացիայի խանգարման հետևանքով հյուսվածքներում կարող է խանգարվել որևէ կենսական կարևոր ֆերմենտի սինթեզը: Օրգանիզմը այդ դեպքում կորցնում է տվյալ սննդանյութը յուրացնելու ընդունակությունը և այն սննդի ռացիոնում այլևս կենսաբանական արժեք չի ներկայացնում, նա դառնում է բալաստ: Իսկ եթե նույն ձևով օրգանիզմը կորցնում է որևէ նյութի կենսասինթեզի ֆերմենտային համակարգը, ապա այդ նյութը վերածվում է սնման անփոխարինելի գործոնի: Այսպիսով, սննդանյութերի կենսաբանական արժեքականությունը հետևանք է կենդանի օրգանիզմների մոլեկուլային էվոլյուցիայի: Դրա ապացույցն է հանդիսանում այն, որ որոշ նյութեր, օրինակ, վիտամին C-ն անփոխարինելի է անտրոպոիդների և որոշ կենդանիների համար, իսկ մնացածների համար ոչ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին