Սիրտ (լատ. cor ,հուն.καρδιά, kardia) մկանային օրգան է, որի հիմնական գործառույթը մարմնի բոլոր օրգաններին և հյուսվածքներին արյան մատակարարումն է: Սիրտ-անոթային համակարգում այն հանդիսանում է կենտրոնական օրգան, որի ռիթմիկ կծկումները նպաստում են արյունատար անոթներով արյան հոսքին:

Մարդու սրտի կառուցվածքը
Մարդու սիրտը գտնվում է կրծքավանդակի խոռոչում:Այն կշռում է մոտ 250-350 գրամ: Այն տեղակայված է ողնասյան առջևում և կրծոսկրի հետևում, ունի գագաթ և հիմ: Սիրտը հոծ միջնապատով բաժանվում է աջ և ձախ կեսերի: Սրտի աջ կեսով շրջանառում է միայն երակային արյուն(թթվածնով աղքատ), իսկ ձախով կեսով` միայն զարկերակային արյուն (թթվածնով հարուստ):
Մարդու սիրտը քառախորշ է` կազմված է 2 նախասրտերից և 2 փորոքներից:Սրտի աջ կեսում գտնվում է աջ նախասիրտը(atrium dextrum) և աջ փորոքը(ventriculus dexter): Աջ նախասրտի և աջ փորոքի միջև գտնվում է աջ նախասրտափորոքային փականը(եռափեղկ կամ տրիկուսպիդալ փական): Համանմանորեն, սրտի ձախ կեսում ձախ նախասրտի(atrium sinistrum) և ձախ փորոքի(ventriculus sinister) միջև գտնվում է ձախ նախասրտափորոքային փականը(երկփեղկ կամ միտրալ փական): Սրտի պատը կազմված է 3 շերտերից` ներքին շերտ` ներսրտենի(էնդոկարդ), միջին շերտ` սրտամկան(միոկարդ),որն էլ հենց կծկվելով` իրականացնում է սրտի գլխավոր`պոմպային ֆունկցիան, և արտաքին շերտ(էպիկարդ): Սիրտը գտնվում է մի փակ շճային պարկում, որը կոչվում է սրտապարկ(պերիկարդ):
Սրտի պատի շերտերը
Սիրտ-անոթային համակարգի մյուս կարևոր բաղադրիչր արյունատար անոթներն են,որոնցով արյունը շրջանառում է ամբողջ օրգանիզմով մեկ:Անոթները, որոնք սրտից դուրս գալով` արյունը տանում են բոլոր օրգաններին և հյուսվածքներին,կոչվում են զարկերակներ(arteriae):Իսկ երակները(venae) ծայրամասային օրգաններից ու հյուսվածքներից արյունը սիրտ բերող անոթներն են: Սրտից դուրս են գալիս և սիրտ են մտնում օրգանիզմի խոշորագույն արյունատար անոթները: Սրտից դուրս են գալիս թոքային զարկերակացողունը(truncus pulmonaris),որը, սկսվելով աջ փորոքից,երակային արյունը տանում է թոքեր, և աորտան(aorta),որը սկսվում է ձախ փորոքից և զարկերակային արյունը տանում է բոլոր օրգաններին և հյուսվածքներին:Դեպի սիրտ են գալիս վերին և ստորին սիներակները(vena cava superior et inferior),որոնցով եկած երակային արյունը լցվում է աջ նախասիրտ,իսկ թոքային 4 երակները(venae pulmonales dexter et sinister)` թոքերից բերելով զարկերակային արյունը,բացվում են ձախ նախասրտի մեջ:
Սիրտը անոթավորվում է աջ և ձախ պսակաձև զարկերակներով(arteria coronaria dextra et sinistra):Այդ զարկերակները դուրս են գալիս աորտայի սկզբնական հատվածից(աորտայի կոճղեզից):

Սրտի ֆիզիոլոգիան
Սրտի գլխավոր նպատակը արյունը անոթներում շարժման մեջ դնելն է,նրա մղիչ ֆունկցիան:Սիրտն ունի երկու հիմնական ֆունկցիաներ` տարողական և արտամղման:Այն ունի նաև ներզատիչ ֆունկցիա(արյան մեջ է ներզատում ատրիալ նատրիուրետիկ հորմոնը(ԱՆՀ, ANH ),որը խթանելով միզարտադրությունը` իջեցնում է զարկերակային ճնշումը):
Սրտի արտամղիչ ֆունկցիան ապահովվում է սրտամկանի կծկողունակության շնորհիվ:Սրտամկանը ունի բացառիկ կառուցվածք,որի շնորհիվ այն օժտված է ինքնավարությամբ(ավտոմատիզմով):Սրտամկանում բացի կծկվող մկանային բջիջներից` կարդիոմիոցիտներից, առկա են նաև ինքնածին գրգիռներ առաջացնելու ունակությամբ օժտված մկանաբջիջներ` միոցիտներ:Վերջիններս կազմում են սրտի հաղորդչական համակարգը:
Սրտի հաղորդչական համակարգ

Սրտի հաղորդչական համակարգը կազմված է հանգույցներից և խրձերից:Գլխավոր հանգույցը կոչվում է ծոց-նախասրտային(Nodus sinoatrialis) կամ Կեյտ-Ֆլակի հանգույց:Այն գտնվում է աջ նախասրտի պատում:Այնտեղ գտնվող միոցիտները ունակ են առաջացնելու ինքնածին գրգիռներ:Այդ հանգույցում առաջացած գրգիռները հաղորդչական թելերով տարածվում են նախասրտերում,միաժամանակ այդտեղից գրգիռները համանման հաղորդչական թելերով հաղորդվում են երկրորդ` նախասիրտ-փորոքային հանգույցին(Nodus atrioventricularis) կամ Աշոֆ-Տավարայի հանգույցին,որը գտնվում է միջփորոքային միջնապատում:Նախասիրտ-փորոքային հանգույցից սկսվում է Հիսի խուրձը,որը միջնապատում բաժանվում է աջ և ձախ ոտիկների:Վերջինններս բաժանվելով մանր ճյուղերի` գրգիռները հաղորդում են երկու փորոքներին և Պուրկինյեի թելերով ավարտվում են փորոքների պտկաձև մկաններում:Հաղորդչական համակարգում գլխավոր հանգույցի(ռիթմավարի) ավտոմատիզմի ընկճման կամ ամբողջական պաշարման,ինչպես նաև հաղորդչական համակարգի մյուս բաղադրիչներում հաղորդականության խանգարումների պարագայում կարող են զարգանալ սրտի ռիթմի խանգարումներ` առիթմիաներ:

Սրտային ցիկլ
Վերը նկարագրված յուրօրինակ հաղորդչական համակարգի շնորհիվ տեղի են ունենում սրտի ռիթմիկ կծկումները` սկզբում միաժամանակ կծկվում են նախասրտերը(նախասրտերի սիստոլա),այնուհետև միաժամանակ կծկվում են փորոքները(փորոքների սիստոլա),հետո`ընդհանուր հանգիստ(դիաստոլա):Այս հաջորդականությամբ պարբերաբար կծկվելով` սրտամկանն ապահովում է օրգանների և հյուսվածքների նորմալ արյունամատակարարումը: Քանի որ սովորական պայմաններում սրտի կծկումների հաճախականությունը կազմում է 75զարկ/րոպե,հետևաբար մեկ սրտային ցիկլի տևողությունը հավասար կլինի 0.8 վրկ:Այդ ժամանակահատվածում 0.1 վրկ տևում է նախասրտերի սիստոլան,որի ընթացքում փորոքները գտնվում են դիաստոլայի մեջ,0.33 վրկ տևում է փորոքների սիստոլան,որի ընթացքում նախասրտերն են գտնվում դիաստոլայի մեջ,և 0.37 վրկ ընդհանուր դիաստոլա:Այսպիսով,նախասրտերի դիաստոլան տևում է 0.7 վրկ,իսկ փորոքների դիաստոլան` 0.47 վրկ: Հատկապես կարևորվում է դիաստոլայի փուլի նորմալ տևողությունը,քանի որ այդ փուլում սրտամկանը թուլացած վիճակում է և հետևաբար նրան սնող զարկերակները,որոնք կծկման փուլում որոշ չափով սեղմվել էին,այս փուլում լայնանում են,հետևաբար բարելավվում է սրտամկանի արյունամատակարարումը (հատկապես ենթաէնդոկարդիալ հատվածում:

Ֆիլոգենետիկ ակնարկ
Էվոլյուցիայի ընթացքում կենդանիների սիրտը ենթարկվել է մի շարք փոփոխությունների և իր զարգացման գագաթնակետին հասել է կաթնասունների մոտ: Ձկների սիրտը ընդամենը երկխորշանի է` ունի 1 նախասիրտ և 1 փորոք, ձկների սրտով հոսում է միայն երակային արյուն: Երկկենցաղների սիրտը եռախորշ է` ունի 2 նախասրտեր և 1 փորոք: Թռչունների սիրտը քառախորշ է` կազմված է 2 նախասրտերից և 2 փորոքներից, սակայն դրանք դեռևս միմյանցից լիովին առանձնացված չեն: Կաթնասունների սիրտը քառախորշ է և կազմված 2 նախասրտերից և 2 փորոքներից, իսկ սիրտը հոծ միջնապատով բաժանված է 2 կեսերի:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին