Սիմպաթիկ նյարդային համակարգՍիմպաթիկ նյարդային համակարգի հարմարողական-սնուցողական ֆունկցիան
Ջ.Լենգլիի առաջարկված սիմպաթիկ նյարդավորման տարածման գծապատկերը նախատեսում է նրա ազդեցությունը միայն հարթ մկանների ու գեղձերի վրա։ Սակայն Լ.Մ. Օրբելու և Ա.Գ.Գիենցինսկու հետազոտություններում պարզվել է, որ սիմպաթիկ ազդակները կարող են ազդեցություն թողնել նաև կմաղքային մկանների վրա։ Լ.Ա. Օրբելու և Ա.Գ. Գինեցինսկու փորձերում գորտի ողնուղեղի VII և IX առաջնային արմատիկների տևական ռիթմային գրգռման ժամանակ գրանցվել են դրանցով նյարդավորվող ձկնամկանի կծկումները։ Մկանային հոգնածությանը զուգընթաց դիտվել է կծկումների տատանասահմանի աստիճանաբար փոքրացում։ Երբ կծկումները դարձել են շատ փոքր, դրանց առաջնային արմատիկների շարունակական ռիթմային գրգռմանը միացրել են սիմպաթիկ սահմանային ցողունի կարճատև գրգռումը, այն հանգույցների շրջանում, որոնք ապահովում են ձկնամկանի սիմպաթիկ նյարդավորումը։ Նկատվել է, որ շարժիչ արմատիկների ռիթմային գրգռման հետևանքով առաջացած մկանային կծկումների տատանասահմահը սկսում է աստիճանաբար մեծանալ, հասնելով սկզբնական մեծությանը , այսինքն տեղի է ունենում մկանային հոգնածության վերացում։ Սիմպաթիկ նյարդերի գրգռման ժամանակ հոգնած մկանի աշխատունակության վերականգնումը նկարագրվում է որպես Օրբելի-Գինեցինսկու երևույթ։ Սիմպաթիկ թելիկների խթանումն ինքնին մկանի կծկում չի առաջացնում, սակայն փոխում է մկանային հյուսվածքի վիճակը, բարձրացնում նրա զգայնությունը մարմնական թելիկներով հաղորդվող ազդակների նկատմամբ։ Մկանի աշխատունակության այդպիսի բարձրացումը հանդիսանում է նրանում ընթացող նյութափոխանակային գործընթացների խթանիչ ազդեցության հետևանք՝ աճում է թթվածնի կլանումը, մեծանում ԱԵՖ-ի, կրեատինֆոսֆատի, գլիկոգենի պարունակությունը։

Հայտնաբերվել է, որ սիմպաթիկ նյարդային համակարգն ազդեցություն է ունենում զգացական օրգանների, ինչպես նաև ԿՆՀ-ի գործառական վիճակի վրա։ Օրինակ, լեզվի սիմպաթիկ նյարդաթելերի գրգռման ժամանակ ուժեղանում է համային զգացողությունը, սիմպաթիկ նյարդերի գրգռման ժամանակ դիտվում է ողնուղեղի ռեֆլեքսային դրդունակության բարձրացում, փոխվում են երկարավուն ուղեղի ու ենթատեսաթմբի գործառությունները։ Ուղեղի կեղևի էլեկտրական ակտիվության վրա վեգետատիվ նյարդային համակարգի ունեցած ազդեցության էլեկտրաֆիզիոլոգիական մեխանիզմների վերլուծության ժամանակ հայտնաբերվել է, որ կեղևի 10 Հց հաճախությամբ գրգռելու դեպքում դիտվում է կեղևային անմիջական պատասխանների տատանասահմանի աստիճանական իջեցում, ընդհուպ մինչև բացասական ալիքի վերացում: Պարանոցային սիմպաթիկ նյարդի գրգռումը հանգեցնում է կեղևային հրահրված պոտենցիալների չնշման: Է. Հ. Հասրաթյանի փորձերում պարզվել է, որ շների գանգային, պարանոցային սիմպաթիկ հանգույցների հեռացման ժամանակ նկատվում է պայմանական ռեֆլեքսային գործունեության խանգարումներ։

Հենվելով մի շարք հեղինակների ստացած տվյալների վրա, կապված սիմպաթիկ նյարդային համակարգի կողմից զգայական օրգանների, կմախքային մկանների և ԿՆՀ-ի գործառական վիճակի վրա ունեցած ազդեցությունների հետ, Լ.Ա. Օրբելին եզրահանգում է արել սիմպաթիկ նյարդային համակարգի ադապտացիոն–սնուցողական գործառությունների համապարփակության մասին։ Այդ տեսակետի համաձայն սիմպաթիկ համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և հյուսվածքների նյութափոխանակությունը, սնուցումն ու դրդունակությունը, ապահովելով օրգանիզմի հարմարումն ընթացիկ գործունեության պայմաններում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին