Ուղեղի սիֆիլիսը պայմանավորված է մեզոդերմի (ուղեղի թաղանթներ և անոթներ) ախտահարմամբ։ Հանդիպում են կլինիկական հետևյալ ձևերը.

Սիֆիլիսային նևրասթենիան նեյրոսիֆիլիսի ամենավաղ դրսևորումն է, որի առաջացման հիմքում մի կողմից ընկած է սիֆիլիսային ինտոքսիկացիա, մյուս կողմից՝ պսիխոգեն գործոնը, որն առաջ է գալիս սիֆիլիսով վարակվելու դեպքում հիվանդի հոգեկան ապրումներից։

Կլինիկական պատկերը բնորոշվում է ընդհանուր թուլությամբ, գլխացավով, քնի խանգարմամբ, հուզական անկայունությամբ, դյուրագրգռությամբ, կենտրոնանալու և հիշելու անկարողությամբ։ Կաթվածանման (անոթային) ձևը բնորոշվում է ուղեղի մանր ու մեծ անոթների վնասվածքով, որը կարող է հասցնել կաթվածների առաջացնելով պարալիզներ, պարեզներ, ապրաքսիա, աֆազիա և այլ օջախային երևույթներ։ էպիլեպսանման ձևի դեպքում տեղ են գտնում ինչպես Էպիլեպսանման ցնցումային նոպաները, այնպես էլ գիտակցության մթնշաղային վիճակներ։ Գամային ձևը իր կլինիկական պատկերով հիշեցնում է ուղեղի ուռուցք։ Ուղեղում առաջացած դումաների մեծությունից ու տեղակայումից կախված կարող են դիտվել նյարդաբանական զանազան խանգարումներ՝ ներգանգային ճնշման բարձրացում, ուժեղ գլխացավեր, շշմածություն, թորշոմածություն, անտարբերություն, երբեմն նույնիսկ էպիլեպսանման ցնցումային նոպաներ։ Աչքի հատակի քննության դեպքում հայտնաբերվում են տեսողական նյարդերի կանգային պտկիկներ։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին