Բնորոշվում է բոլոր տիպի գրգռիչների նկատմամբ դրդման շեմի բարձրացմամբ, հոգեկան ողջ գործունեության դժվարացմամբ, դանդաղմամբ, աղքատացմամբ։Հիվանդները հարցերը հասկանում են ուշացումով, դժվարությամբ, պատասխանում են միայն բարձր ձայնով տրված հարցերին, սովորաբար հարցը մի քանի անգամ կրկնելուց հետո։ Պատասխանները կարճ են, պարզունակ։ Հանձնարարությունները կատարում են մասնակիորեն, դանդաղ, ուշացումով։ Բարձր է նաև այլ գրգռիչների նկատմամբ ընկալման շեմը՝ հիվանդները չեն գանգատվում աղմուկից, անհարմար կամ թաց անկողնուց և այլն։ Դեմքի արտահայտությունը անորոշ է, զգացմունքները թորշոմած։ Շարժումները ևս պասիվ են, սակավ։ Մակերեսային կողմնորոշումը պահպանված է, սակայն նուրբ դիֆֆերենցված կողմնորոշումը խանգարված է։ Պրոդուկտիվ սիմպտոմատիկան բացակայում է։Շշմածության տևողությունը տարբեր կարող է լինել վայրկյաններից րոպեներ, ժամեր, օրեր։ Այդ վիճակից դուրս գալուց հետո իրադրությունը հիշում են մասամբ, պայմանավորված շշմածության աստիճանով։

Շշմածության թեթև աստիճան է օբնուբիլյացիան։Այս դեպքում գիտակցությունը ժամանակ առ ժամանակ կարճատև կարծես մշուշապատվում է և պարզվում։

Սոմնոլենտ վիճակ, հիվանդները ողջ ժամանակ պառկած են փակ աչքերով, կարծես քնած են։ Ուժեղ ազդակներից կարող են սթափվել, կարճ պատասխանել տրված հարցին, հարցեր տալը դադարեցնելուց հետո նորից ընկղմվում են քնի վիճակի մեջ։Շշմածության ավելի ծանր աստիճան է սոպորը :Հիվանդի հետ վերբալ շփումը բացակայում է, ոչ պայմանական ռեֆլեքսները պահպանված են, ընդ որում ուժեղ գրգռիչների դեպքում հիվանդները ցուցաբերում են թույլ ռեակցիա, սովորական գրգռիչների նկատմամբ ռեակցիա չեն ցուցաբերում։ Այս վիճակից դուրս գալուց հետո դրսևորվում է լրիվ ամնեզիա։Ավելի խորը խանգարում է կոման. Այս դեպքում բացակայում են նաև ոչ պայմանական ռեֆլեքսները, դրսևորվում են ախտաբանական ռեֆլեքսներ։ Կոմատոզ վիճակից դուրս գալուց հետո դրսևորվում է լրիվ ամնեզիա։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին