Շնչառության մեջ գտնվող արյան ծավալի կարգավորումըՇրջանառության մեջ գտնվող արյան ընդհանուր ծավալի տակ հասկացվում է արյան այն քանակությունը, որն ակտիվ կերպով շրջանառում է անոթներով և այն, որը գտնվում է արյան պահեստներում, այսինքն չի մասնակցում արյան շրջանառությանը, սակայն անհրաժեշտության դեպքում մտնում է ընդհանուր շրջանառության մեջ։ Տղամարդու արյան ծավալը կազմում է 4,5-5,5 լիտր, իսկ կնոջը՝ որոշ չափով պակաս։ Օրգանների բնականոն արյան շրջանառության ն կայուն զարկերակային ճնշման պահպանման համար անհրաժեշտ է, որ շրջանառության մեջ գտնվող արյան ծավալը համապատասխանի անոթային համակարգի տարողությանը։

Այդ համապատասխանության խանգարումների ժամանակ սկսում են գործել փոխհատուցող հումորալ և ռեֆլեքսային մեխանիզմները։ Նշած համապատասխանությունը խանգարվում է օրինակ, արյունահոսությունների ժամանակ, երբ փոքրանում է շրջանառության մեջ գտնվող արյան քանակը։ Այդ դեպքում փոքրանում է նաև սիրտ առհոսող արյան քանակը, հետնաբար նաև սրտային արտամղումը և զարկերակային ճնշումը փոքրանում է։ Այդ դեպքում սկսում են գործել հետևյալ ռեֆլեքսային և հումորալ մեխանիզմները, որոնք կոչված են կարգավորելու զարկերակային ճնշումն ու օրգանների արյունամատակարարումը.
1. թուլանում է աորտայի և կարոտիսյան ծոցի ճնշումընկալիչների գրգռումը, որի հետևանքով իջնում է թափառող նյարդի կեետրոնի լարվածությունը, և ուժեղանում են սիմպաթիկ ազդեցությունները սրտի և անոթների վրա։ Դա արտահայտվում է սրտի կծկումների ուժի ու հաճախականության մեծացումով և անոթների նեղացումով, ինչը նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը։
2. Սկսում են գործել կարգավորման ներսրտային մեխանիզմները, մասնավորապես ծայրամասային ռեֆլեքսները, որոնք ուժեղացնում են ձախ փորոքի կծկուները, նպաստելով ճնշման բարձրացմանը։
3. Երիկամների անբավարար արյունամատակարարումը նպաստում է նորմայից ավել քանակով ռենինի և անգիոտենզին-II-ի առաջացմանը։ Անգիոտենզին II-ը նեղացնում է անոթները, բարձրացնելով ճնշումը։ Թողարկվում է նաև ռենին-անգիոտենզինալդոստերոն համակարգը։
Ալդոստերոնը նպաստում է նատրիումի հետներծծմանը երիկամային հեռադիր խողովակիկներում։ Նատրիումը իր հերթին նպաստում է ջրի հետներծծմանը, մեծացնելով շրջանառության մեջ գտնվող արյան ծավալը, հետևաբար նաև զարկերակային ճնշումը։
4. Տեղի է ունենում ադրենալինի և նորադրենալինի (մակերիկամների միջուկից), ինչպես նաև վազոպրեսինի՝ (ենթատեսաթմբի վերտեսաթմբային կորիզից) արտադրության ռեֆլեքսային ավելացում։  Նրանք սեղմում են անոթները և բարձրացնում զարկերակային ճնշումը։
5. Հակամիզամուղային հորմոնի արտադրման ավելացումը ենթատեսաթմբում նպաստում է ջրի հետներծծմանը երիկամների հավաքիչ խողովակիկներում ու միզարտադրության փոքրացմանը։ Ավելանում է շրջանառության մեջ գտնվող արյան քանակը, իսկ դրա հետ մեկտեղ զարկերակային ճնշումը։
6. Շրջանառության մեջ գտեվող արյան քանակի փոքրացումը բերում է մազանոթի զարկերակային ծայրի քամման ճնշման փոքրացման և օնկոսային ճնշման բարձրացման, և որպես հետևանք, հյուսվածքային հեղուկը անցնում է անոթների մեջ՝ ավելացնելով շրջանառող արյան ծավալը։
7. Թթվածնային քաղց առաջացնող արյան կորուստը նպաստում է նաև փայծաղի երակային ծոցերի սեղմանների թուլացմանն ու պահեստային արյան արտամղմանը։ Արյունն արտահոսում է նաև այլ պահեստներից՝ թոքերից, լյարդից և այլն։

Վերը շարադրված բոլոր մեխանիզմները նպաստում են ընկած ճնշման բարձրացմանը՝ կամ շրջանառող արյան ծավալի մեծացման կամ անոթային հունի տարողության փոքրացման հաշվին, վերականգնելով նրանց միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունը։ Սակայն գոյություն ունի արյան կորուստի մի որոշակի սահման, որից այն կողմ փոխհատուցման ոչ մի մեխանիզմ չի կարող վերականգնել զարկերակային ճնշումը։ Դա արյան ընդհանուր ծավալի 40-50 %-ի կորուստն է, որը կարող է բերել մահվան, եթե չկատարվի արյան կամ նրա փոխարինիչների անհապաղ փոխներերկում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին