Շնչառություն (բարձր մթնոլորտային ճնշում)Շնչառությունը բարձր մթնոլորտային ճնշման պայմաններում

Բարձր մթնոլորտային ճնշման պայմաններում են հայտնվում ջրասույզներն ու ակվանավտները խորջրյա սուզումների դեպքում։ Խորության մեծացման ժամանակ ջրի յուրաքանչյուր 10 մետրի դեպքում ճնշումն աճում է մեկ մթնոլորտով։ Հետևաբար, ջրի 100 մ խորության պայմաններում մարդու վրա ազդում է ճնշում, որը մթնոլորտայինին գերազանցում է 10 անգամ։ Ուստի ջրի տակ սուզվելիս առանց հիդրոստատիկ ճնշման մեկուսացման, մարդու կողմից շնչվող խառնուրդի ճնշումը պարտադիր կերպով պետք Է համապատասխանի տվյալ խորության ջրի հիդրոստատիկ ճնշմանը։ Հակառակ դեպքում շնչառությունը դառնում Է անհնարին։
Բարձր ճնշման պայմաններում մեծանում Է գազերի մասնական ճնշումը (բշտիկային օդում այն աճում Է համապատասխանաբար 2-3 անգամ), որը սպառնում Է արյան մեջ գազերի, հատկապես թթվածնի ու ազոտի լուծելիության բարձրացմամբ։

Համապատասխանաբար աճում Է նաև գազային խառնուրդի խտությունը, որը բերում Է օդատար ուղիների դիմադրության մեծացման, ուստի 60-80 մետրից ավելի խորություններում աշխատելիս շնչառության համար օգտագործում են գազային խառնուրդ, որտեղ ազոտը մասնակի կերպով կամ ամբողջությամբ փոխարինվում Է հելիումով։ Քանի որ հելիումը համարյա չի լուծվում արյան մեջ և նրա խտությունը 7 անգամ փոքր Է, քան ազոտինը, ուստի հելիումով շնչելու դեպքում ընկնում Է դիմադրությունը շնչառության նկատմամբ։ Ազոտի փոխարինումը հելիումով կարևոր Է նաև այն պատճառով, որ ազոտը ճնշման տակ մարդու մոտ առաջացնում Է թմրաբեր ազդեցություն՝ խորության թունավորում։
Նշանակություն ունի նաև ներշնչվող գազային բաղադրության մեջ թթվածնի խտությունը, քանի որ օրգանիզմի համար վտանգավոր Է ինչպես թթվածնի անբավարարությունն, այնպես և նրա բարձր մասնական ճնշումը, այսինքն գերթթվածնությունը։ Այսպես, օրինակ, նույնիսկ սովորական մթնոլորտային ճնշման պայմաններում մաքուր թթվածնով շնչելը 12-14 ժամվա ընթացքում առաջ Է բերում օդատար ուղիների լորձաթաղանթի գրգռում, սոտֆակտանտի ֆունկցիայի խախտում, թոքերի բորբոքում։ Իսկ ճնշման բարձրացման դեպքում (2-3 մթնոլորտից ավել) մաքուր թթվածնով շնչառությունը բերում Է ԿՆՀ-ի ֆունկցիայի ծանր խանգարումների՝ զարգանում Է ցնցումներով ուղեկցվող թթվածնային թունավորում։ Ուստի մեծ խորություններում սուզվելիս թթվածնի պարունակությունը շնչառական խառնուրդում իջեցվում Է այն չափով, որպեսզի նրա մասնական ճնշումը պահպանվի բնականոնի սահմաններում։ Շնչառության համար օգտագործելով հելիումաթթվածնային խառնուրդ հնարավոր Է աշխատանք կատարել մինչև 700 մետր խորության վրա։

Մարդուն մեծ վտանգ Է սպառնում նաև բարձր ճնշումից դեպի բնականոն ճնշման անցումը՝ ապաճնշումը։ Այդ խնդրի հետ են բախվում ջրասույզները, երբ մեծ խորությունների վրա աշխատելուց հետո մեծ արագությամբ բարձրանում են դեպի ջրի մակերես։ Այդ դեպքում արյան և հյուսվածքների մեջ ֆիզիկապես մեծ ծավալով լուծված գազերն անցնելով գազային վիճակի, չհասցնելով հեռանալ օրգանիզմից, առաջացնում են անոթների խցանում՝ գազային էմբոլիա։ Թթվածինն ու ածխածնի երկօքսիդը ձևավորում են քիմիական կապեր, որի պատճառով Էլ օրգանիզմի համար Էական վտանգ չեն ներկայացնում։ Իսկ ազոտը քիմիական կապեր չի ստեղծում և առաջացնում Է գազային Էմբոլիա, որը բերում Է արյան շրջանառության խանգարումների, հատկապես ուղեղում։ Արագ ապաճնշման դեպքում առաջանում են մկանային ցավեր, փսխում, հևոց, գլխապտույտ, գիտակցության կորուստ, ծանր դեպքերում՝ նաև լուծանք։ Այդ վիճակն ստացել Է կեսոնային հիվանդություն անվանումը։ Կեսոնային հիվանդության բուժման համար անհրաժեշտ Է մեծացնել ազոտի լուծելիությունը արյան մեջ, որի համար անհրաժեշտ Է մարդուն կրկին ենթարկել բարձր ճնշման ազդեցության, ապա իրականացնել դանդաղ ապաճնշում։ Օրինակ, 300 մետր խորությունից բարձրացնելիս պահանջվում է երկշաբաթյա ապաճնշում։ Այդ պատճառով էլ առաջարկվում է ջրասույզների աշխատանքի հերթափոխային մեթոդ, այսինքն որ նա ապրի և աշխատի ճնշախցիկում ջրի տակ շաբաթով, որպեսզի հաճախակի չենթարկվի ճնշման անկումներին։ Աշխատանքներն ավարտելուց հետո նրան ենթարկում են դանդաղ ապաճնշման։
Որոշ հիվանդությունների ժամանակ հյուսվածքները թթվածնի մեծ պահանջ են ունենում։ Այդ նպատակով կիրառում եե գերճնշումային թթվածնացման մեթոդը, այսինքն հիվանդին որոշակի ժամանակով տեղավորում են ճնշախցիկում, որտեղ թթվածնի ճնշումը բարձրացվում է մինչև 3-4 մթնոլորտ, որը մեծացնում է թթվածնի լուծելիությունը արյան մեջ և հյուսվածքներում։ Օրինակ, թթվածնի 3 մթնոլորտ ճնշման դեպքում արյան 100 մլ-ը կպարունակի մոտավորապես 7 մլ լուծված թթվածին։ Իսկ արյան մեջ թթվածնի բարձր լարվածությունը կմեծացնի նրա թափանցելիությունը դեպի բջիջ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին