Շնչառական մկաններԿրծքի վանդակի ծավալի պարբերական փոփոխություններն իրականացնող մկանները կոչվում են շնչառական։ Դրանք ինչպես և կմախքային մկանները հանդիսանում են միջաձիգ զոլավոր, սակայն, ի տարբերություն կմախքային մկանների, դրանք պարբերաբար կծկվում են ամբողջ կյանքի ընթացքում և գտնվում են ինչպես կամային, այնպես և ոչ կամային հսկողության տակ։ Կրծքի խոռոչի ծավալի մեծացմանը մասնակցող մկանները կոչվում են ներշնչական, իսկ կրծքի խոռոչի ծավալ փոքրացնողները՝ արտաշնչական։

Տարբերվում են հիմնական և օժանդակ շնչառական մկանները։ Հիմնական ներշնչական մկաններին են պատկանում ստոծանու, միջկողային արտաքին թեք մկանները, ինչպես նաև միջկողային մկանների միջաճառային մասերը։ Ստոծանու և միջկողային արտաքին թեք մկանների կծկման ժամանակ տեղի է ունենում կրծքի խոռոչի ծավափ մեծացում առաջ ե հետ, լայնական և ուղղաձիգ ուղղություններով՝ ապահովելով թոքերի օդափոխությունը բնականոն ֆիզիոլոգիական պայմաններում։ Ստոծանին հանդիսանում է ներշնչման ամենահզոր մկան և ապահովում է թոքերի օդափոխության 70-100 %-ը։ Ստոծանու մկանների կծկման ժամանակ նրա գմբեթը հարթվելով՝ իջնում է մոտ 1,5 սմ -ներքև, որի հետևանքով որովայնի խոռոչի անսեղմելի օրգանները հրվում են դեպի ներքն և կողմ՝ ձգելով նրա պատերը։ Այդ դեպքում կրծքի խոռոչը մեծանում է ուղղաձիգ ուղղությամբ։ Կծկման ժամանակ ստոծանին հեռանում է կրծքի վանդակի ներքին մակերեսից, բացվում են կալաստոծանիական ծոցերը, արդյունքում այդ ծոցերում տեղադրված թոքային հատվածները լավ օդափոխվում են։ Ստոծանին մասնակցում է նաև փսխման, ճիգ գործելու, հազի ռեակցիաներին, ծննդաբերական ճիգերին, զկռտոցին, այսինքն՝ նա ստանում է ազդակներ ոչ միայն շնչառական կենտրոնից, այլև այլ նյարդային կենտրոններից։ Ստոծանին միջկողային արտաքին թեք մկանների հետ աշխատում է համագործակցված։ Շնորհիվ միջկողային արտաքին մկանների թեք դասավորվածության, դրանց ամրացման կետը ստորադիր կողի վրա տեղակայված է պտտման առանցքից ավելի հեռու, քան վերադիր կողի վրա։ Դրա հետևանքով այդ մկանների կծկման ժամանակ լծակների շարժումը բնորոշող ուժի մոմենտը մեծ է ստորադիր կողի և աճառի վրա, որի հետևանքով կողերը բարձրանում են վեր, կրծոսկրը տեղաշարժվում է առաջ, և կողերի կողմնային մասերը հեռանում են դեպի կողմ։ Արդյունքում մեծանում է կրծքի վանդակի հատույթը ինչպես առաջահետին, այնպես և լայնական՝ ճակատային ուղղություններով։

Հանգիստ շնչառության ժամանակ արտաքին թեք և միջաճառային մկաններից գրգռվում են միայն վերին 3-5-ը։ Ներշնչման պահին մկանները հաղթահարում են հետևյալ ուժերը.
1) կրծքի վանդակի առաձգական դիմադրությունը
2) թոքերի առաձգական դիմադրությունը
3) տեղաշարժվող բոլոր հյուսվածքների շարժումային դիմադրությունը
4) շնչական ուղիների աէրոդինամիկ դիմադրությունը
5) կրծքի վանդակի տեղափոխվող հատվածի ծանրությունը
6) տեղափոխվող զանգվածների իներցիայով պայմանավորվող ուժերը։
Այսպիսով, հանգիստ ներշնչումը ակտիվ գործընթաց է։

Խորը ներշնչման ժամանակ լրացուցիչ ընդգրկվում են մի շարք օժանդակ շնչառական մկաններ։ Օժանդակ ներշնչական մկաններին են պատկանում ուսագոտու ոսկրերին, գանգին ու ողնաշարին ամրացող և կողերը բարձրացնող բոլոր մկանները։ Դրանց թվին են պատկանոմ մեծ և փոքր կրծքային, սանդուղքային, առջնի ատամնավոր, կրծոսկր-անրակ-պտկաձևային, սեղանարդ, ռոմբաձև և թիակը բարձրացնող մկանները։

Արտաշնչման գործողությունը հանգստի վիճակում պասիվ պրոցես է։ Ներշնչական մկանների թուլացման շնորհիվ տեղի է ունենում թոքերի անկում։ Դա կատարվում է ներշնչման ընթացքում թոքերի առաձգական թելերի ձգման հետևանքով կուտակված էներգիայի հաշվին։
Խորը արտաշնչման ժամանակ կարևոր արտաշնչական օժանդակ մկաններ են՝ միջկողային ներքին թեք մկանները, որոնց կծկման շնորհիվ տեղի է ունենում կողերի իջեցում և դրանց կողմնային եզրերի մոտեցում, քանի որ յուրաքանչյուր վերադիր կողի համար ուժի մոմենտն ավելի մեծ է ստորադիր կողի համեմատությամբ։ Արտաշնչական օժանդակ մկաններին են պատկանում նաև որովայնի թեք, լայնական և ուղիղ մկանները, որոնց կծկման ժամանակ որովայնի խոռոչի ծավալը փոքրանում է և ճնշումը մեծանում և որովայնային օրգաների միջոցով հաղորդվում է ստոծանուն և բարձրացնում նրան։

Շնչառական մկանները աշխատելու ժամանակ հաղթահարում են ինչպես թոքերի ու կրծքավանդակի առաձգական կառույցների դիմադրությունը, այնպես և այն դիմադրությունը, որն ազդում է օդային հոսքի վրա՝ շնչառական ուղիներով անցնելու ժամանակ։ Այդ դիմադրությունը կոչվում է ոչ առաձգական։ Այսպիսով, ներշընչական մկանների ակտիվության աստիճանը ներշնչման ժամանակ կախված է դիմադրությունների մեծությունից։

Կրծքի վանդակի շարժունությունը կարելի է հետազոտել հետևյալ ձևով։ Սանտիմետրային ժապավենի օգնությամբ չափում են կրծքավանդակի շրջագիծը խորը ներշնչման և առավելագույն արտաշնչման պահերին։ Ժապավենն անցկացնում են անութային փոսերով, որի ժամանակ հետաոտվողը ձեռքերը ուղղում է ներքև՝ մարմնին զուգահեռ։ Ներշնչման և արտաշնչման ժամանակ կրծքավանդակի շրջագծի միջև եղած տարբերությունը առողջ երիտասարդ տղաարդկանց մոտ պետք է կազմի 10 սմ, իսկ կանանց՝5-8 սմ։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին