Շնչառական ակտի կենսամեխանիկաԹոքային շնչառության կենսամեխանիզմում ակտիվ օղակ են հանդիսանում շնչական մկանները։ Դրանց գործունեության շնորհիվ փոփոխվում են կրծքավանդակի չափերը, ներկրծքային ճնշումը, որի շնորհիվ թոքերը պասիվ կերպով հետևում եե կրծքավանդակին և ընդունում նրա չափերը։

Շնչառական մկաններ և թոքերի օդափոխություն։ Ալվեոլների օդափոխության կամ արտաքին շնչառության շնորհիվ արյունը հարստանում է թթվածնով և ազատվում ածխածնի երկօքսիդի ավելցուկից։
Թոքերում արյան գազային բաղադրության փոփոխությունը տեղի է ունենում երեք գոծընթացների շնորհիվ՝ 1. ալվեոլների անընդմեջ օդափոխության, 2. ալվեոլամազանոթային թաղանթով գազերի դիֆուզիայի, 3. թոքերի մազանոթներում արյան հոսքի անընդհատության։Թոքաբշտերում օդափոխությունն իրագործվում է ներշնչման (ինսպիրացիա) և արտաշնչման (էքսպիրացիա) հերթափոխման շնորհիվ։ Ներշնչման և նրան հաջորդող արտաշնչման փուլերը կազմում են շնչառական ցիկլ։ Շնչառական ցիկլը միջինում իրականացվում է 4-6 վարկյանում, ընդ որում ներշնչումը կատարվում է ավելի արագ, քան արտաշնչումը։ Դրանց տևողության հարաբերությունը կազմում է 1:1,3, այսինքն՝ ներշնչումը որոշ չափով կարճ է արտաշնչումից։ Հանգիստ վիճակում 1 րոպեում կատարվում է 14-16 շնչառական ցիկլ։ Նման շնչառությունը կոչվում է էյպնոէ (բնականոն շնչառություն)։ Շնչառական  ակտի  բաղադրիչների  հարաբերությունը (շնչառության խորությունը, փուլերի տևողությունը, օդատար ուղիներում հոսքերի ճնշման փոփոխությունները) բնութագրում է այսպես կոչված շնչառության պատկերը (պատերն)։
Օդի փոխադրումը ներշնչման և արտաշնչման փուլերում իրականացվում է կրծքի վանդակի ծավափ փոփոխության շնորհիվ, որը կատարվում է շնչառական մկանների գործունեության հաշվին։

Շնչառական մկաններ։ Կրծքի վանդակի ծավալի պարբերական փոփոխություններն իրականացնող մկանները կոչվում են շնչառական։ Դրանք ինչպես և կմախքային մկանները հանդիսանում են միջաձիգ զոլավոր, սակայն, ի տարբերություն կմախքային մկանների, դրանք պարբերաբար կծկվում են ամբողջ կյանքի ընթացքում և գտնվում են ինչպես կամային, այնպես և ոչ կամային հսկողության տակ։ Կրծքի խոռոչի ծավալի մեծացմանը մասնակցող մկանները կոչվում են ներշնչական, իսկ կրծքի խոռոչի ծավալ փոքրացնողները՝ արտաշնչական։Տարբերվում են հիմնական և օժանդակ շնչառական մկանները։ Հիմնական ներշնչական մկաններին են պատկանում ստոծանու, միջկողային արտաքին թեք մկանները, ինչպես նաև միջկողային մկանների միջաճառային մասերը։ Ստոծանու և միջկողային արտաքին թեք մկանների կծկման ժամանակ տեղի է ունենում կրծքի խոռոչի ծավափ մեծացում առաջ ե հետ, լայնական և ուղղաձիգ ուղղություններով՝ ապահովելով թոքերի օդափոխությունը բնականոն ֆիզիոլոգիական պայմաններում։ Ստոծանին հանդիսանում է ներշնչման ամենահզոր մկան և ապահովում է թոքերի օդափոխության 70-100 %-ը։ Ստոծանու մկանների կծկման ժամանակ նրա գմբեթը հարթվելով՝ իջնում է մոտ 1,5 սմ -ներքև, որի հետևանքով որովայնի խոռոչի անսեղմելի օրգանները հրվում են դեպի ներքն և կողմ՝ ձգելով նրա պատերը։ Այդ դեպքում կրծքի խոռոչը մեծանում է ուղղաձիգ ուղղությամբ։ Կծկման ժամանակ ստոծանին հեռանում է կրծքի վանդակի ներքին մակերեսից, բացվում են կալաստոծանիական ծոցերը, արդյունքում այդ ծոցերում տեղադրված թոքային հատվածները լավ օդափոխվում են։ Ստոծանին մասնակցում է նաև փսխման, ճիգ գործելու, հազի ռեակցիաներին, ծննդաբերական ճիգերին, զկռտոցին, այսինքն՝ նա ստանում է ազդակներ ոչ միայն շնչառական կենտրոնից, այլև այլ նյարդային կենտրոններից։ Ստոծանին միջկողային արտաքին թեք մկանների հետ աշխատում է համագործակցված։ Շնորհիվ միջկողային արտաքին մկանների թեք դասավորվածության, դրանց ամրացման կետը ստորադիր կողի վրա տեղակայված է պտտման առանցքից ավելի հեռու, քան վերադիր կողի վրա։ Դրա հետևանքով այդ մկանների կծկման ժամանակ լծակների շարժումը բնորոշող ուժի մոմենտը մեծ է ստորադիր կողի և աճառի վրա, որի հետևանքով կողերը բարձրանում են վեր, կրծոսկրը տեղաշարժվում է առաջ, և կողերի կողմնային մասերը հեռանում են դեպի կողմ։ Արդյունքում մեծանում է կրծքի վանդակի հատույթը ինչպես առաջահետին, այնպես և լայնական՝ ճակատային ուղղություններով։Հանգիստ շնչառության ժամանակ արտաքին թեք և միջաճառային մկաններից գրգռվում են միայն վերին 3-5-ը։ Ներշնչման պահին մկանները հաղթահարում են հետևյալ ուժերը՝
1) կրծքի վանդակի առաձգական դիմադրությունը,
2) թոքերի առաձգական դիմադրությունը,
3) տեղաշարժվող բոլոր հյուսվածքների շարժումային դիմադրությունը,
4) շնչական ուղիների աէրոդինամիկ դիմադրությունը,
5) կրծքի վանդակի տեղափոխվող հատվածի ծանրությունը,
6) տեղափոխվող զանգվածների իներցիայով պայմանավորվող ուժերը։

Այսպիսով, հանգիստ ներշնչումը ակտիվ գործընթաց է։

Խորը ներշնչման ժամանակ լրացուցիչ ընդգրկվում են մի շարք օժանդակ շնչառական մկաններ։ Օժանդակ ներշնչական մկաններին են պատկանում ուսագոտու ոսկրերին, գանգին ու ողնաշարին ամրացող և կողերը բարձրացնող բոլոր մկանները։ Դրանց թվին են պատկանոմ մեծ և փոքր կրծքային, սանդուղքային, առջնի ատամնավոր, կրծոսկր-անրակ-պտկաձևային, սեղանարդ, ռոմբաձև և թիակը բարձրացնող մկանները։
Արտաշնչման գործողությունը հանգստի վիճակում պասիվ պրոցես է։ Ներշնչական մկանների թուլացման շնորհիվ տեղի է ունենում թոքերի անկում։ Դա կատարվում է ներշնչման ընթացքում թոքերի առաձգական թելերի ձգման հետևանքով կուտակված էներգիայի հաշվին։Խորը արտաշնչման ժամանակ կարևոր արտաշնչական օժանդակ մկաններ են՝ միջկողային ներքին թեք մկանները, որոնց կծկման շնորհիվ տեղի է ունենում կողերի
իջեցում և դրանց կողմնային եզրերի մոտեցում, քանի որ յուրաքանչյուր վերադիր կողի համար ուժի մոմենտն ավելի մեծ է ստորադիր կողի համեմատությամբ։ Արտաշնչական օժանդակ մկաններին են պատկանում նաև որովայնի թեք, լայնական և ուղիղ մկանները, որոնց կծկման ժամանակ որովայնի խոռոչի ծավալը փոքրանում է և ճնշումը մեծանում և որովայնային օրգաների միջոցով հաղորդվում է ստոծանուն և բարձրացնում նրան։
Շնչառական մկանները աշխատելու ժամանակ հաղթահարում են ինչպես թոքերի ու կրծքավանդակի առաձգական կառույցների դիմադրությունը, այնպես և այն դիմադրությունը, որն ազդում է օդային հոսքի վրա՝ շնչառական ուղիներով անցնելու ժամանակ։ Այդ դիմադրությունը կոչվում է ոչ առաձգական։ Այսպիսով, ներշընչական մկանների ակտիվության աստիճանը ներշնչման ժամանակ կախված է դիմադրությունների մեծությունից։Կրծքի վանդակի շարժունությունը կարելի է հետազոտել հետևյալ ձևով։ Սանտիմետրային ժապավենի օգնությամբ չափում են կրծքավանդակի շրջագիծը խորը ներշնչման և առավելագույն արտաշնչման պահերին։ Ժապավենն անցկացնում են անութային փոսերով, որի ժամանակ հետաոտվողը ձեռքերը ուղղում է ներքև՝ մարմնին զուգահեռ։ Ներշնչման և արտաշնչման ժամանակ կրծքավանդակի շրջագծի միջև եղած տարբերությունը առողջ երիտասարդ տղաարդկանց մոտ պետք է կազմի 10 սմ, իսկ կանանց՝5-8 սմ։

Շնչառության տեսակներըը։ Բնականոն շնչառության ժամանակ տարբերում են շնչառության կրծքային (կողային) և որովայնային (ստոծանիական) տեսակներ։
Կրծքային շնչառությունը հիմնականում տեղի է ունենում միջկողային մկանների աշխատանքի հաշվին, իսկ ներկրծքային ճնշման փոփոխությունը ապահովում է ստոծանու պասիվ տեղաշարժը։
Որովայնային շնչառության ժամանակ առաջանում է ստոծանու հզոր կծկում, որի հետևանքով տեղի են ունենում ներթոքամզային ճնշման իջեցում և ներորովայնային ճնշման բարձրացում։ Որովայնային շնչառությունն ավելի արդյունավետ է, քանի որ թոքերն ավելի ուժեղ են օդափոխվում, և հեշտանում է որովայնի խոռոչի օրգաններից դեպի սիրտ հոսող երակային արյան ներհոսքը։ Դրա հետ կապված ֆիզիկական աշխատանք կատարող, մասնավորապես կրծքի վանդակի անշարժ վիճակ պահանջող (բեռնակիրներ, ժայռամագլցող, երգող և այլն) անհատների մոտ գերակշռում է որովայնային շնչառությունը։ Որովայնային շնչառությունը դժվարանում է հղիության վերջին շրջանում, և դրան լրացուցիչ միանում է կրծքային շնչառությունը։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին