Կենդանիների և մարդու ակտիվության հիմնական ձևը արտաքին միջավայրի հետ ունեցած փոխազդեցություններում հանդիսանում է շարժումը։ Արտաքին միջավայրի հետ մենք կարող ենք փոխներգործության մեջ գտնվել և ազդել նրա վրա միայն մեր կմախքային մկանների օգնությամբ։ Վերջիններս մեզ թույլ են տալիս իրականացնելու ամենաբազմազան շարժումներ սկսած քայլքից ու վազքից, ընդհուպ մինչև այնպիսի նրբագույն շարժողական գործողություններ, ինչպիսիք են գրելը, խոսելը, դիմախաղը, ժեստը։ Շարժողական գործողությունն իրականացվում է ԿՆՀ-ի տարբեր բաժինների բարդ փոխներգործության պայմաններում` սկսած ուղեղի մեծ կիսագնդերից մինչև ողնուղեղ, բազմաթիվ ընկալիչ համակարգերի մասնակցությամբ, որոնց հիմքում ընկած են բնածին և ձեռքբերովի կապերը։
Գոյություն ունի երկու տեսակի շարժողական ֆունկցիա՝ դիրքի (կեցվածքի) պահպանում և բուն շարժումներ։ Բնական պայմաններում անհնար է նրանց բաժանել իրարից։ Այսպես, ձեռքի ու ոտքի նպատակաուղղված շարժումների իրականացման ժամանակ այդ ձեռքն ու ոտքը և ամբողջ մարմինը սկզբում պետք է ընդունեն որոշակի դիրք։ Կեցվածքի պահպանման համար անհրաժեշտ է, որպեսզի ի պատասխան դիրքը խախտող ցանկացած ազդեցությունների, իրականացվեն համապատասխան հարմարողական շարժումներ։էվոլյուցիայի ընթացքում դիտվում է շարժողական ֆունկցիաների կատարելագործում։ Ընդ որում կատարվում է գոյություն ունեցող շարժողական համակարգերի ոչ այնքան վերակառուցում, որքան նոր հսկիչ համակարգերի առաջացում, որոնք պատասխանատու են շարժումների որոշակի ծրագրերի համար։
Պայմանականորեն շարժողական ռեակցիաները կարող են դասակարգվել այն բանի հիման վրա, թե ինչպիսի կոնկրետ նպատակային ֆունկցիաներ պետք է իրականացնի շարժողական համակարգը։ Այդպիսի ֆունկցիաները ամենաընդհանուր ձևով չորսն են.
1) Որոշակի կեցվածքի պահպանումը։
2) Կողմնորոշում դեպի արտաքին ագդակը նրա լավագույն ընկալման համար, ինչպես նաև մարմնի հավասարակշռության պահպանումը։
3) Մարմնի տեղափոխությունը տարածության մեջ։
4) Մանիպուլյացիաների կատարումը։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին