Շարժողական խանգարման համախտանիշՇարժողական խանգարման համախտանիշները հանդես են գալիս երկու իրար հակադիր վիճակներով՝ գրգռվածություն և ընդարմացում (ստուպոր)։

Շարժողական գրգռվածությունը մեկուսացված ձևով չի արտահայտվում, այլ միահյուսվում է հոգեկան մյուս ֆունկցիաների խանգարման հետ, որը և ընդունված է անվանել հոգեշարժական գրգռվածություն համախտանիշ։ Հոգեշարժական գրգռվածությունը կարող է հանդիպել մի շարք հոգեկան հիվանդությունների հատկապես սուր շրջաններում, որոնցից են, օրինակ՝ մանիակալ, հեբեֆրենիկ, կատատոնիկ, դելիրիումային, ամենտիվ և հոգեշարժական գրգռվածության այլ ձևեր։

Կատատոնիկ գրգռվածությունը արտահայտվում է անիմաստ խոսքերի ու աննպատակ շարժումների միօրինակ (ստերեոտիպ) կրկնությամբ, ժամանակ առ ժամանակ անսպասելի ու չգիտակցված իմպուլսիվ, քաոսային գործողություններով (հանկարծակի ցատկել, հարվածել, կոտրել, իրեն վնասել և այլն)։ժամեր շարունակ չկապակցված ու անհասկանալի խոսելը, մտքերի ճեղքվածությունը, ինչպես դիմացինի, այնպես էլ արտասանած բառերի միօրինակ կրկնությունը (Էխոլալիա, վերբիգերացիա) ամենահաճախ հանդիպող ախտանշաններից են։ Բնորոշ են համարվում նաև ծայրանդամների միօրինակ թափահարումը, մարմնի գալարումներն ու սեթևեթ շարժումները, դիմացինի դիմախաղի ու շարժումների կրկնությունը (էխոմոմիա, էխոպրաքսիա), աննպատակ ինքնավնասումները (մազերի միօրինակ պոկում, մաշկի ճանկռոտում և այլն)։

Հեբեֆրենիկ գրգռվածությունը բնորոշվում է անմիտ, հիմարավուն վարքով։ Շարժողական և խոսակցական գրգռվածությունն ուղեկցվում է անհեթեթ կեցվածքներով, ոստյուններով ու ծամածռություններով, ինչպես նաև մտածողության ճեղքվածությամբ, անբովանդակ, հորինված բառերի արտասանությամբ (նեոլոգիզմ) և այլն։

Շարժողական արգելակումը (ստուպոր) մարմնի ընդարմացման անշարժ վիճակ է, որը զուգորդվում է հոգեկան, այդ թվում նաև մտածողության ու խոսքի արգելակմամբ (մուտիգմ)։ Ստուպորի հետևյալ ձևերը կան՝ կատատոնիկ, դեպրեսիվ, հոգեծին և այլն։

Կատատոնային ստուպորը (ընդարմացումը) այնպիսի վիճակ է, որի դեպքում շարժումները կաշկանդված են, դեմքը՝ ամիմիկ, դիմականման։ Այդ վիճակում հիվանդները չեն խոսում, մկանային լարվածությունը բարձրացած է (կարկամում)։ Դիտվում է մոմանման ճկունության (կատալեպսիա) ախտանիշը, երբ հիվանդը երկար ժամանակ մնում է միևնույն դիրքում, Դյուպրեի «օդային բարձի» ախտանիշը, երբ մահճակալին պառկած հիվանդի գլուխը բարձրացնելիս կամ գլխի տակից բարձը հանելիս երկար ժամանակ այն մնում է օդում, նեգատիվիզմ, որը կարող է լինել պասիվ (հիվանդը հանձնարարությունները չի կատարում, դիմադրում է) և ակտիվ (հիվանդը անմիտ ձևով ամեն ինչ կատարում է՝ առաջադրվածին հակառակ)։Բնորոշ է նաև գլխանոցի ախտանիշը, երբ հիվանդը ծածկոցով գլխանոցի նման փաթաթված անշարժ նստում է, սաղմնային դիրքի ախտանիշը (հիվանդը լարված մկաններով երկար ժամանակ սաղմնային դիրք ընդունած նստած է կամ պառկած), կնճիթի ախտանիշը (հիվանդի դեպի դուրս ձգված շրթունքները երկար ժամանակ մնում են նույն վիճակում)։ Որոշ դեպքերում չխոսող և ընդարմացած վիճակում գտնվող հիվանդը գիշերվա բացարձակ լռության պայմաններում ապարգելակվում է, սկսում է շարժվել, ցածր ձայնով տված հարցերին պատասխանել, նույնիսկ ուտել (Պավլովի ախտանիշ)։Կատատոնիկ ստուպորի երկու տարբերակ կա.

1.Լյուցիդային (էֆեկտոր) կատատոնիա, երբ կատատոնիկ ստուպորը ընթանում է պարզ գիտակցության ֆոնի վրա, և հիվանդը այդ վիճակից դուրս գալուց հետո հիշում է այն ամենը, ինչ տեղի է ունեցել նրա շրջապատում։

2.Օնեյրոիդ (ռեցեպտոր) կատատոնիա, երբ առաջանում է գիտակցության խանգարում երազանման ապրումներով, որոնք արտահայտվում են գլխավորապես տեսողական ցնորապատրանքային ֆանտաստիկական զգայախաբություններով։

Պսիխոգեն (հոգեծին) ստուպորը առաջանում է կյանքին վտանգ սպառնացող աղետներց (երկրաշարժ, ջրհեղեղ, հրդեհ, ռմբակոծություն, տրանսպորտային ծանր վթար, հարազատի անսպասելի մահ և այլն)։ Արտահայտվում է անակնկալ առաջացող արգելակմամբ ու խոսելու անկարողությամբ (մուտիգմ)։ Այդ վիճակում նույնիսկ մահացու վտանգի դեպքում մարդը չի կարողանում շարժվել ու փրկվել վտանգից։Հոգեկան սթրեսի բնույթից կախված հիվանդի դեմքը համապատասխանաբար կարող է արտահայտել սարսափ, թախիծ կամ հուսահատություն, իսկ երբեմն էլ՝ հուզական պարալիզ, երբ շրջապատում տեղի ունեցող երևույթներին անձը չի հակազդում՝ դրսևորելով լրիվ անտարբերություն։ Պսիխոգեն ստուպորը տևում է կարճ՝ մի քանի րոպեից մինչև ժամեր։ Գիտակցության նեղացման հետևանքով առկա է մասնակի կամ լիակատար ամնեզիա։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին