Սեռական մեծ շրթերը (labia pudendi majora)  երկու երկայնաձիգ մաշկային ծալքեր են, կազմված ենթամաշկային ճարպային և շարակցահյուսվածքային շերտերից, որոնք ձգվում են ցայլքից մինչև շեքը և սահմանափակում միջայնորեն գտնվող սեռական ճեղքը (rima pudendi): Սեռական մեծ շրթերի երկարությունը մոտավորապես 8 սմ է, լայնությունը՝ 2-3 սմ։ Շրթերի արտաքին մակերեսները մազածածկ են, ներքին մակերեսը պարունակում է ճարպագեղձեր, քրտնագեղձեր և հիշեցնում է լորձաթաղանթ։ Առջևում, ցայլքի շրջանում, մեծ շրթերը միանում և առաջացնում են առաջային կպուկը (commissura labiorum anterior): Շրթերը շեքի սահմանում միանում են ծալքի միջոցով, առաջացնելով հետին կպուկը (commissura labiorum posterior), որը գտնվում է հետանցքից մոտավորապես 2-3 սմ բարձր։ Սեռական մեծ շրթերի առաջային հատվածներում արգանդի կլոր կապանների վերջավորությունները տարածվում են հովհարաձև, դուրս գալով աճուկային խողովակի արտաքին բացվածքից։

Շրթերի ենթամաշկային ճարպաշերտը հարուստ է երակային հյուսվածքներով։ Շրթերի, հետին կպուկի և կուսաթաղանթի ստորին եզրի միջև կա մի փոսություն, որը կոչվում է նախադռան կամ նավակաձև (մակույկաձև) փոսություն (fossa navicularis): Երբեմն որովայնի խոռոչից աճուկային խողովակով մեծ շրթերի հաստության մեջ են թափանցում ճողվածքային պարկերը (մեծ սեռական շրթի ճողվածք)։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին