Սեռական գեղձերի ներզատական գործունեությունը
Տղամարդու օրգանիզմի սեռական գեղձերը (գոնադները) սերմնարաններն են, իսկ կնոջ օրգանիզմինը` ձվարանները։ Նրանց մեջ տեղի է ունենում սեռական բջիջների (սպերմատոզոիդների ու ձվաբջիջների) զարգացումը և հասունացումը, ինչպես նաև սեռական հորմոնների արտադրությունը։ Ընդ որում, հորմոնարտադրող ընդունակությունը հատուկ է ոչ միայն ներզատության համար մասնագիտացած կառույցներին (Լեյդիգի բջիջները սերմնարաններում, դեղին մարմնի բջիջները ձվարաններում), այլև սպերմատոգենեզին և օվոգենեզին մասնակցող բջջային տարրերին (Սերտոլիի բջիջները սերմնարաններում և ֆոլիկուլների հատիկավոր շերտի բջիջները ձվարաններում)։ Այսպես, Սերտոլիի բջիջները սեռական բջիջների` սպերմատիդների հասունացման պրոցեսը ապահովելու հիմնական ֆունկցիայի հետ միասին կատարում են նաև հյութազատական (սերմնային խողովակիկի մեջ արտադրում են հեղուկ, որտեղ լողում են սպերմատոզոիդները) և ներզատական (արտադրում են ինհիբին հորմոն) ֆունկցիաներ։ Ձվարանի ֆոլիկուլների հատիկավոր շերտի բջիջները արտադրում են իգական և մասամբ արական սեռական հորմոններ։ Ընդհանրապես արական և իգական սեռական հորմոններ արտադրելու ընդունակությունը հատուկ է ինչպես սերմնարաններին, այնպես և ձվարաններին, սակայն սեռով որոշվող հարաբերակցությամբ։

Սեռական հորմոններին են պատկանում անդրոգենները, էստրոգենները և գեստագենները։ Սրանցից առաջին խումբը անվանում են արական, իսկ երկրորդը և երրորդը իգական սեռական հորմոններ։ Դրանք բոլորը ստերոիդներ են և ծագում են ընդհանուր նախանյութից` խոլեստերինից։ Սեռական հորմոնների հիմնական կենսաբանական նշանակությունը սեռի սաղմնային տարբերակումն է, առաջնային (ներքին և արտաքին սեռական օրգանների) և երկրորդային (սեռին բնորոշ մազածածկույթը, կմախքի ձևավորումը, ձայնի տեմբրը և այլն) սեռական հատկանիշների զարգացումը, ինչպես նաև սեռական վարքը ապահովելու ընդունակությունը։ Դրա հետ միասին նրանք թողնում են մի շարք արտասեռային էֆեկտներ` ազդում են կմախքի և հյուսվածքների աճի և նյութափոխանակության պրոցեսների վրա։ Համառոտակի կանգ առնենք արական և իգական սեռական գեղձերի գործունեության և նրանց հորմոնների ազդեցությունների առանձնահատկությունների վրա։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին