Ատամների սեպաձև սեֆեկտՍեպաձև դեֆեկտը դա ատամների կարծր հյուսվածքների ախտահարում է, որը տեղակայվում է ատամների անդաստակային մակերեսների հարվզիկային շրջանում և ունի սեպի տեսք:
Սեպաձև դեֆեկտը առավել հաճախ հանդիպում է միջին տարիքի և մեծահասակ մարդկանց մոտ, հաճախակի զուգակցվում է պարոդոնտոզի հետ:

Պատճառագիտություն և ախտածնություն: Սեպաձև դեֆեկտի պատճառագիտության մեջ առավել մեծ տեղ են գտել, հիվանդության պատճառները բացատրող, մեխանիկական և քիմիական տեսությունները: Համաձայն առաջինի` սեպաձև դեֆեկտի առաջացման հիմքում ընկած է ատամի կարծր հյուսվածքների կորուստը` ատամի խոզանակի մեխանիկական ազդեցության հետևանքով: Այս տեսությամբ է բացատրվում այն փաստը, որ նշված հիվանդությամբ առավել հաճախ  ախտահարվում են ժանիքներն ու փոքր աղորիքները, այսինքն այն ատամները, որոնք ատամնաշարում ունեն ավելի վեստիբուլյար դիրք և, հետևաբար` ավելի շատ են ենթակա  մեխանիկական ազդեցության: Բացի այդ, կլինիկորեն հաստատված է, որ աջլիկների մոտ ավելի հաճախ ախտահարվում են ձախ կողմի ատամները և հակառակը: Սակայն, կան փաստեր, որոնք կասկածի տակ են դնում այս տեսությունը, մասնավորապես` սեպաձև դեֆեկտի առկայությունը կենդանիների  և ատամները չմաքրող անձանց մոտ:

Պնդումները, թե սեպաձև դեֆեկտի առաջացման հիմքում ընկած է թթուների ազդեցությունը, քիչ են համոզիչ, քանի որ ատամների վզիկներից բացի, մյուս հատվածները չեն ախտահարվում: Սակայն բերանի խոռոչ ներթափանցող թթուները կամ դրանց գոլորշիները կարող են նպաստել հարվզիկային շրջանում արդեն առկա դեֆեկտի արագ զարգացմանը:

Կլինիկական պատկեր: Սովորաբար հիվանդները որևէ գրգռիչից ցավային գանգատ չեն ներկայացնում, քանի որ սեպաձև դեֆեկտի զարգացումը դանդաղ ու երկարատև պրոցես է և ուղեկցվում է փոխարինող դենտինի առաջացումով: Ջերմային, մեխանիկական և քիմիական գրգռիչներից ցավ առաջանում է այն դեպքերում, երբ ախտահարումը զարգանում է շատ արագ և հասնում է զգալի խորության: Հաճախ հիվանդները գանգատվում են էսթետիկ դեֆեկտներից: Առաջացման սկզբնական շրջանում սեպաձև դեֆեկտն ունի մակերեսային քերծվածքի տեսք: Հետագայում այն մեծանում է, և դեֆեկտն ընդունում է իրեն բնորոշ տեսքը՝ հարլնդային պատը թեք է, իսկ պսակայինը՝ հորիզոնական: Պատերը կարծր են, հարթ ու փայլուն, հաճախ կարծր հյուսվածքներից թափանցում է կակղակը, որը սակայն երբեք չի մերկանում: Զոնդավորումը սովորաբար անցավ է: Խորը սեպաձև դեֆեկտը կարող է ատամի պսակի կոտրման պատճառ դառնալ:
Սեպաձև դեֆեկտը հաճախ զուգակցվում է լնդի ռեցեսիայով:

Ախտաբանական անատոմիա: Հայտնաբերվում է էմալի միջպրիզմային տարածությունների նեղացում, դենտինային խողովակների խցանում, իսկ կակղանում` ապաճական երևույթներ:

Տարբերակիչ ախտորոշում: Տաբերակում են ատամի կարծր հյուսվածքների էրոզիայից, էմալի հարվզիկային մեռուկից, ատամների մակերեսային և միջին կարիեսից (տես աղյուսակը):

Բուժում: Սկզբնական շրջանում կատարվում են պրոցեսը կայունացնող միջոցառումներ: Այդ նպատակով կիրառում են ատամների կարծր հյուսվածքների դիմադրողականությունը բարձրացնող պրեպարատներ (10%-անոց կալցիումի գլյուկոնատի, 2%-անոց նատրիումի ֆտորիդի լուծույթներ, 75%-անոզ ֆտորային մածուկ): Ատամները մաքրելու համար խորհուրդ է տրվում օգտագործել փափուկ խոզանակներ, ֆտոր պարունակող և հանքայնացնող ազդեցությամբ մածուկներ: Խոզանակի շարժումները պետք է լինեն ուղղահայաց և շրջանաձև:

Արտահայտված դեֆեկտի դեպքում ցուցված է կատարել ատամի լիցքավորում: Որպես պլոմբանյութ օգտագործում են կոմպոզիտներ (առանց սեպաձև դեֆեկտի մեխանիկական մշակման): Խորը դեֆեկտների դեպքում անհրաժեշտ է պատրաստել արհեստական պսակներ:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին