Հակածինները մուտք են գործում օրգանիզմ շնչառական և ստամոքս-աղիքային համակարգի լորձաթաղանթով և մաշկով: Հակածին ներկայացնող բջիջները կլանում են հակածինը և պրոցեսինգի (վերամշակման) ենթարկելով` ներկայացնում են նաիվ T-բջիջներին (Th0): Ատոպիկ անհատների մոտ այս գործընթացը խթանում է Th2-բջիջների արտադրությունը, որոնք այդուհետև արտադրում են ցիտոկիններ` IL-4 և IL-13: Այս ցիտոկինները նպաստում են B-բջիջների բազմացմանը և նրանց անցում կատարելուն դեպի տվյալ հակածնի հանդեպ սպեցիֆիկ IgE սինթեզող B և պլազմատիկ բջիջների:
Այս բջիջների մի մասն ունի երկար կյանք, և նրանք կոչվում են հիշողության բջիջներ: IgE-ն շրջանառում է արյան մեջ փոքր քանակով, բայց հիմնականում ներկա է հյուսվածքներում` կապված պարարտ բջիջների մակերեսին իրենց բարձր խնամակցությամբ ընկալիչներով (FcRε1) և մակրոֆագերի, էոզինոֆիլների ու թրոմբոցիտների մակերեսին` ցածր խնամակցության ընկալիչներով(FcRε2): Այս IgE-ն կարող է հայտնաբերվել շիճուկում իմունաբանական անալիզով կամ մաշկում ` ալերգիկ մաշկային փորձերով: IL-4-ը խթանում է IgE-ի սինթեզը: Այն նաև խթանում է T-բջիջներին և մակրոֆագերին և մեծացնում է FcRε2 ընկալիչների էքսպրեսիան B-բջիջների վրա, ինչպես նաև ադհեզիայի մոլեկուլների էքսպրեսիան էնդոթելային բջիջների վրա: IL-13-ը ունի նմանատիպ, բայց ավելի թույլ կենսաբանական ազդեցություն, չնայած ազդեցության տևողությունն ավելի երկար է: Ինտերֆերոն-γ-ն ( IFN-γ) ընկճում է ալերգիկ պատասխանը, և նրա ազդեցությունը հակառակ է IL-4-ին և IL-13-ին:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին