Կլինիկական տեսակետից սակավարյունությունը հեմոգլոբինի մակարդակի իջեցումն է մեկ միավոր արյան ծավալի մեջ, որը հաճախ զուգորդվում է էրիթրոցիտների քանակի իջեցումով մեկ միավոր արյան ծավալի մեջ: Ըստ ՀԱԿ-ի չափորոշիչների՝ երակային հեմոգլոբինի նվազագույն մակարդակը 14 տարեկանից բարձր արական սեռի ներկայացուցիչների համար, որոնք ապրում են ծովի մակարդակին հավասար, կազմում է 13 գ/դլ, և ոչ հղի կանանց համար՝ 12 գ/դլ: Հեմոգլոբինի նորմալ տվյալները համաչափորեն բարձրանում են՝ կախված ծովի մակարդակի բարձրությունից:
Սակավարյունությունների դասակարգման հիմքում ընկած են ախտածնության գործոնները և էրիթրոցիտների ձևաբանությունը:
 
Դասակարգում ըստ ախտածնության
1. Ոսկրածուծում էրիթրոցիտների արտադրության ընկճում (բնորոշվում են ռետիկուլոցիտների քանակի իջեցումով).
  • ապլաստիկ սակավարյունություններ,
  • մասնակի կարմիր բջջային ապաճ (Դայմոնդ-Բլեկ-ֆանի սակավարյունություն),
  • չարորակ բջիջներով ոսկրածուծի ներսփռում:
2. Էրիթրոցիտների քայքայման բարձրացում (բնորոշվում են ռետիկուլոցիտների քանակի բարձրացումով).
  • ժառանգական հեմոլիտիկ սակավարյունություններ
  • հեմոգլոբինի սինթեզի քանակական և որակական խանգարումներ (թալասեմիաներ, մանգաղաձև սակավարյունություն և այլն),
  • էրիթրոցիտների թաղանթային դեֆեկտներ (ժառանգական սֆերոցիտոզ, ժառանգական օվալոցիտոզ, ժառանգական ստոմատոցիտոզ և այլն),
  • էրիթրոցիտների ֆերմենտների քանակական և որակական խանգարումներ (գլյուկոզա-ֆոսֆատ դեհիդրոգենազի, պիրուվատ կինազի, գլյուտաթիոնի, պենտոզային ցիկլի և այլ ‎ֆերմենտների):
  • ձեռքբերովի հեմոլիտիկ սակավարյունություններ.
  • աուտոիմուն հեմոլիտիկ սակավարյունություններ,
  • իզոիմուն հեմոլիտիկ սակավարյունություններ (նորածնի հեմոլիտիկ հիվանդություն (ՆՀՀ)),
  • տրանսիմուն հեմոլիտիկ սակավարյունություններ,
  • հետերոիմուն հեմոլիտիկ սակավարյունություններ (հետփոխներարկումային):  
3. Արյունագոյացման խանգարումով  պայմանավորված սակավարյունություններ.
  • վիտամին B12 պակասորդային սակավարյունություն,
  • ֆոլաթթու պակասորդային սակավարյունություն,
  • երկաթ պակասորդային սակավարյունություն:
4. Արյան կորուստ (սուր և քրոնիկական).
  • աղեստամոքսային (խոց, չարորակ հիվանդություններ, տելեանգիէկտազիաներ, ճողվածք և այլն),
  • թոքային (չարորակ հիվանդություներ, թոքային հեմոսիդերոզ),
  • դաշտանային արյունահոսություններ,
  • արյունաթողում (արյան մշտական դոնորներ),   
  • վնասվածքներ,
  • վիրահատություններ:
Դասակարգում ըստ էրիթրոցիտների միջին ծավալի և հեմոգլոբինով հագեցվածության
Էրիթրոցիտի միջին ծավալը՝ MCV  (mean corpuscular volume) նորմայում կազմում է 80-100 fl (ֆեմպտոլիտր) կամ մկմ3:
Ըստ MCV-ի տարբերում են՝
  • միկրոցիտար MCV < 80 fl սակավարյունություն,
  • մակրոցիտար MCV > 100 fl սակավարյունություն,
  • նորմոցիտար MCV = 80-100 fl սակավարյունություն:
Էրիթրոցիտում հեմո¬գլոբինի միջին պարունակություն՝ MCH (mean corpuscular hemoglobin) նորմայում կազմում է 0,40 - 0,53 ‎ֆեմպտոմոլ (fmol) կամ պիկոգրամ (պգ):
Հեմոգլոբինի միջին կոնցենտրացիան էրիթրոցիտում՝ MCHC (mean corpuscular hemoglobin concentration) նորմայում կազմում է 0,32 - 0,36 գ/դլ:
Ելնելով MCH-ի և MCHC-ի ցուցանիշներից տարբերում են՝
  • հիպոքրոմ MCH<0,40 fmol, MCHC<0,32 սակավար-յունություն,
  • հիպերքրոմ MCH>0,53 fmol, MCHC>0,36 սակավար-յունություն,
  • նորմոքրոմ MCH = 0,40 - 0,53 fmol, MCHC = 0,32 - 0,36 սակավարյունություն:
 Այսպիսով, սակավարյունությունները լինում են.
1. Միկրոցիտար հիպոքրոմ MCV < 80 fl, MCH < 0,40   fmol, MCHC < 0,32 սակավարյունություններն են՝ 
  • երկաթ պաասորդային սակավարյունություն,
  • թալասեմիաներ,
  • սակավարյունություն քրոնիկական հիվանդությունների ժամանակ,
  • սիդերոբլաստային սակավարյունություն,
  • կապարային թունավորում:
2. Մակրոցիտար (հիպերքրոմ) MCV>100fl, MCH>0,53 fmol, MCHC > 0,36  սակավարյունություն՝
  • ֆոլաթթու և վիտամին B12 պակասորդային սակավարյունություններ,
  • ապլաստիկ, Բլեկֆանի - Դայմոնդի սակավար¬յունութ-յուններ,
  • լյարդի հիվանդություններով պայմանավորված սակավարյունություններ:
3. Նորմոցիտար (նորմոքրոմ) MCV = 80-100 fl, MCH = 0,40 - 0,53 fmol, MCHC = 0,32 - 0,36 սակավարյունություն՝
  • հեմոգլոբինոպատիաներ ապլաստիկ ճգնաժամով (կրիզ),
  • նորածնի հեմոլիտիկ հիվանդություն,
  • աուտոիմուն հեմոլիտիկ սակավարյունություն,
  • էրիթրոցիտների ֆերմենտների որակական կամ քանակական խանգարումներ:
Ռետիկուլոցիտների քանակ, ռետիկուլոցիտների համապատասխանեցված քանակ, ռետիկուլոցիտների արտադրման ցուցիչ
 
Ռետիկուլոցիտների քանակը ծայրամասային արյան մեջ արտացոլում է էրիթրոցիտների արտադրությունը ոսկրածուծում: Այդ ցուցանիշը կարևոր է սակավարյունությունների ախտորոշման համար: Ինչպես երևում է վերը տրված սակավարյունությունների դասակարգումից, ոսկրածուծում էրիթրոցիտների արտադրության նվազումը (ժառանգական և ձեռքբերովի ապլաստիկ սակավարյունություններ) բնորոշվում է ռետիկուլոցիտների քանակի իջեցումով, իսկ էրիթրոցիտների քայքայման բարձրացումը (ժառանգական և ձեռքբերովի հեմոլիտիկ սակավարյունություններ)՝ ռետիկուլոցիտների քանակի բարձրացումով: Այսպիսով, կարևորվում է ռետիկուլոցիտների իրական քանակը ծայրամասային արյան մեջ: Ամեն օր նորացվում է էրիթրոցիտների 1%: Ռետիկուլոցիտները ծայրամասային արյան մեջ ապրում են մոտավորապես 1 օր, որից հետո դառնում են էրիթրոցիտ: Այսպիսով, ռետիկուլոցիտների քանակը ծայրամասային արյան մեջ մոտավորապես 1% է: Ռետիկուլոցիտները հաշվարկվում են հետևյալ բանաձևով՝
 
Ռետիկուլոցիտների քանակ : էրիթրոցիտների ընդհանուր քանակ x 100
 
Ռետիկուլոցիտների քանակը բաժանում են էրիթրոցիտների քանակին և արտահայտում են ստացված արդյունքը տոկոսով: Ինչպես երևում է բանաձևից, էրիթրոցիտների քանակի իջեցումը կարող է բերել քանորդի բարձրացմանը, նույնիսկ եթե ռետիկուլոցիտների արտադրությունը ոսկրածուծում բարձրացած չէ: Այսպիսով, այդ քանորդը չի արտացոլում ոսկրածուծում էրիթրոպոեզի իրական պատկերը: Այս անհամապատասխանությունը շտկելու համար քանորդը բազմապատկում են հի¬վանդի հեմատոկրիտի թվով և բաժանում են նորմալ հեմատոկրիտի միջին թվին (45,0): Այդ ցուցիչը կոչվում է ռետիկուլոցիտների համապատասխանեցված հաշվարկ (Corrected Reticulocyte Count):
 
Ռետիկուլոցիտների համապատասխանեցված հաշվարկ = ռետիկուլոցիտների քանակ   (քանորդը)  (հիվանդի հեմատոկրիտ ։ 45,0)
 
Այս ցուցիչը կարևոր է ռետիկուլոցիտների արտադրման ցուցիչի (ինդեքսի) հաշվարկման համար: Էրիթրոպոետինի ազդեցության բարձրացման ժամանակ ռետիկուլոցիտները կարող են դուրս գալ ոսկրածուծից ոչ հասունացած և ավարտել իրենց հասունացումը ծայրամասային արյան մեջ (փոփոխված ռետիկուլոցիտներ՝ shift reticulocytes): Քանի որ այդ ոչ հասունացած ռետիկուլոցիտները կարող են գտնվել ծայրամասային արյան մեջ մեկ օրից ավելի, ռետիկուլոցիտների դասական եղանակով  հաշվարկի ժամանակ նրանք կարող են հաշվարկվել և արհեստականորեն  բարձրացնել ռետիկուլոցիտների քանակը (հիշեցում՝ նորմալ ռետիկուլոցիտների հաշվարկը ենթադրում է, որ բջիջները ծայրամասային արյան մեջ ապրում են, ինչպես և ռետիկուլոցիտները, միայն մեկ օր, այլ ոչ թե երկու և ավելի): Ռետիկուլոցիտների (shift reticulocytes) «կեղծ» քանակը շտկելու նպատակով ռետիկուլոցիտների համապատասխանեցված հաշվարկի քանորդը բաժանում են շտկման գործակցին և ստանում են ռետիկուլոցիտների արտադրման ցուցանիշը (Reticulocyte Production Index).
Ռետիկուլոցիտների արտադրման ցուցանիշ ռետիկուլոցիտների համապատասխանեցված հաշվարկը (քանորդը)։ շտկման գործակից
Շտկման գործակիցը կախված է սակավարյունության աստիճանից  (հեմատոկրիտից)

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը

Երևանի  Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան