Նկարագրվող ռեֆլեքսները պատկանում են բարդ ռեֆլեքսների շարքին, քանի որ նրանք իրենց գործունեության մեջ են ընդգրկում մեծ թվով տարբեր շարժիչ կորիզներ և որոնց իրականացման համար անհրաժեշտ է ողնուղեղի մի շարք հատվածների աշխատանքը։ Սովորաբար, բնական պայմաններում այդ ռեֆլեքսներն ընթանում են վերհատվածային կառույցների ընդգրկումով։ Կաթնասունների ռիթմային ռեֆլեքսներին են պատկանում քորելու ռեֆլեքսը, իսկ երկկենցաղների մոտ՝ նրա համանմանը տրորելու ոեֆլեքսը։ Այդ ռեֆլեքսները հնարավոր է առաջացնել նաև ողնուղեղային կամ սպինալ կենդանիների մոտ (կենդանիներ, որոնց գլխուղեղն անջատված է ողնուղեղից)։ Ռիթմային ռեֆլեքսները բնութագրվում են վերջույթների ծալման ու տարածման ճշգրիտ հաջորդականությամբ։ Միաժամանակ տեղի է ունենում առբերիչ մկանների տոնիկ կծկում, որոնք վերջույթը տեղադրում են որոշակի դիրքում մաշկի մակերեսի նկատմամբ։

Ռիթմային ռեֆլեքս է նաև քայլելը, որն իրենից ներկայացնում է մարդու կամ կենդանու տեղափոխությունը՝ վերջույթների համաձայնեցված շարժումների օգնությամբ, ծալման ու տարածման ճշգրիտ հաջորդումով, որը տեղի է ունենում վերջույթների տարածող մկանների տոնիկ լարման ֆոնի վրա։ Նշված ֆունկցիան պահպանվում է նաև մեկուսացված ողնուղեղում։ Եթե ողնուղեղային կենդանին տեղադրվի շարժվող տրեդբանի (հարթակի) վրա,ապա նա կարող է կատարել բնականոնին նմանվող քայլելու համաձայնեցված շարժումներ։ Դեռ ավելին, լրիվ զգայազրկման ենթարկված վերջույթներով շունը վերարտադրում է քայլողական շարժումները։ Որոշակի պայմաններում կուրարեի օգնությամբ անշարժացված կենդանու ծալիչ ու տարածիչ շարժանեյրոններում հնարավոր է գրանցել ռիթմիկ, իրար հաջորդող ազդանշանների առկայծում, որոնք մոտավորապես համապատասխանում են բնական քայլի ժամանակ առաջացող պարպումներին։ Ռիթմայնության ստեղծման հիմնական մեխանիզմի հիմքում ընկած են ներկենտրոնական գործընթացները։ Ենթադրվում է, որ յուրաքանչյուր վերջույթի համար գոյություն ունի առանձին տեղաշարժման (լոկոմոցիայի) կենտրոն և որոնց փոխհամագործակցված գործունեությունն ապահովում է տեղաշարժումը։ Հետևաբար ողնուղեղի մակարդակում առկա են ոչ միայն ոեֆլեքսային, այսինքն արտաքինից արձակվող, այլ նաև շարժողական ակտի ծրագրավորված շղթաներ, որոնք ընդունակ են գործելու առանց արտաքին որևէ ազդեցության։ Նման բնույթի շարժողական ծրագրեր (ավելի լայնածավալ ձևով) ներկայացված են ԿՆՀ-ի վերադիր բաժիններում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին