Ռեակտիվ պարանոիդին սովորաբար նախորդում է արտահայտված տագնապի, անհանգստության, կասկածամտության, անհաջողության և վտանգի կանխազգացման շրջանը։ Ապա դրսևորվում են զառանցական ապրումները։

Ռեակտիվ պարանոիդին բնորոշ են զառանցանքների բուռն հուզական հագեցվածությունը և արտահայտված վախի ու տագնապի աֆեկտը։ Ավելի հաճախ զարգանում են հետապնդման և վերաբերման զառանցանքներ։ Զառանցանքների բովանդակությունը արտահայտում է փսիխոտրավմատիկ իրավիճակը ուղղակի կամ հակառակ ձևով։ Հնարավոր են նաև ցնորքների առաջացում։

Հիվանդներին թվում է, որ նրանք շրջապատված են թշնամիներով, լսում են նրանց շշուկը, ապա նաև ձայները, խոսակցությունները, որոնք պլանավորում են սպանություն, կամ հայտնում են նրանց հարազատների արդեն ողջ չլինելու մասին։ Հիվանդները այդ սարսափի վիճակում կարող են վտանգավոր լինել թվացյալ թշնամիների համար։

Ռեակտիվ պարանոիդների խմբին են պատկանում նաև ինդուկցված զառանցանքը և օտարալեզու միջավայրի պարանոիդ խանգարումը (ալերս պարանոիդ)։ Այս դեպքում որպես պսիխոգեն գործոն է հանդես գալիս հիվանդի հետ երկարատև, սերտ շփումը։ Նման իրավիճակում հիվանդի զառանցական մտքերը առանց որևէ քննադատական վերլուծության ընդունվում են մյուսի կողմից։ Սովորաբար ինդուկցվում է մեկ մարդ, ավելի հազվադեպ մեկից ավելի թվով մարդիկ։

Ալերս պարանոիդի դեպքում օտար միջավայրում վախի, տագնապի ֆոնի վրա առաջանում են վերաբերման զառանցական մտքեր։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին