Քաղց, հագեցում, ախորժակՔաղցի և հագեցման ֆիզիոլոգիական հիմունքները: Ախորժակ
Մարսողության ֆունկցիան ապահովում է սննդանյութերի կայուն մակարդակն օրգանիզմում: Մարդուն և կենդանիներին սննդից զրկելիս զարգանում է մի վիճակ, որը կոչվում է քաղց: Դա սուբյեկտիվ արտահայտվում է քաղցի զգացողությամբ, որը ձևավորում է սննդի հայթայթմանը նպատակամղված սննդային վարք:

Սննդային վարքի ձևավորումն, ինչպես նաև մարսողական օրգանների գործունեության կարգավորումը և ֆունկցիոնալ միավորումը կատարվում է ԿՆՀ-ի տարբեր բաժինների՝ ենթատեսաթմբի, ենթակեղևային կորիզների, լիմբիական և ցանցանման կառույցների, գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի մասնակցությամբ: Նշված կենտրոններից այդ պրոցեսում առաջնակարգ դեր է խաղում ենթատեսաթումբը, որի կողմնային կորիզներում գտնվում է այսպես կոչված քաղցի կենտրոնը: Դրա գրգռումը առաջ է բերում քաղցի զգացում և սննդի պահանջի ուժեղացում (հիպերֆազիա), իսկ քայքայումը՝ սննդից հրաժարում (աֆազիա): Քաղցի զգացումը զարգանում է նյարդային և հումորալ մեխանիզմներով: Նյարդայինը կապված է արտաքին և ներքին տարբեր ընկալիչներից, հատկապես ստամոքսաղիքային ուղուց դեպի կենտրոնական նյարդային համակարգ գնացող ազդակների հետ: Ապացուցված է, որ դատարկ ստամոքսի կծկումները առաջացնում են քաղցի զգացում, իսկ նրա լցվածությունը ընկճում է մարսողական ռեակցիաները: Հումորալ մեխանիզմները պայմանավորված են արյան քիմիական բաղադրության փոփոխությամբ, մասնավորապես սննդանյութերի անբավարար քանակով և կարգավորիչ պեպտիդների ազդեցությամբ:

Առաջարկված են տարբեր տեսություններ՝ գլյուկո-, ամինոացիդ- և լիպոստատիկ, համաձայն որոնց ենթատեսաթմբի քաղցի կենտրոնը դրդվում է արյան մեջ համապատասխանաբար գլյուկոզի, ամինաթթուների և ճարպերի հիդրոլիզից առաջացած նյութերի անբավարար քանակով: Այժմ ընդունված է նյութափոխանակության տեսությունը, որը միավորելով նախորդ տեսությունները' քաղցի զգացման առաջացումը բացատրում է արյան մեջ տարբեր սննդանյութերի քանակի իջեցումով: Իրոք, կուշտ կենդանու արյուն քաղցածին փոխներարկելու դեպքում վերջինիս քաղցի ռեակցիաները անհետանում են:
Ենթատեսաթմբում տարբերում են նաև հագեցման կենտրոնը, որը գտնվում է փորամիջային կորիզներում: Այդ կորիզների քայքայումը ուղեկցվում է հիպերֆագիայով, իսկ գրգռումը' աֆագիայով: Կուշտ սնվելուց հետո առաջանում է հագեցման զգացում: Տարբերում են հագեցման երկու տեսակ՝ առաջնային և երկրորդային: Առաջնային կամ զգայական հագեցումը կապված է սննդի ընդունման ժամանակ տարբեր ընկալիչների (համի, հոտառության, ստամոքսի մեխանա- և այլ ընկալիչների) գրգռման հետ և սկսվում է սննդանյութերի հիդրոլիզից ռաաջ: Երկրորդային հագեցումը (իրական կամ փոխանակային) սկսվում է ուշ, արյան մեջ սննդանյութերի (գլյուկոզ, ամինաթթուներ, Ճարպերի հիդրոլիզի նյութեր) ներծծումից հետո:

Այսպիսով, քաղցի և հագեցման կենտրոնները կարգավորում են ստամոքսաղիքային ուղու գործունեությունը: Նրանցում առաջացող գրգիռները տարածվում են ինչպես վերընթաց՝ դեպի տարբեր վերենթատեսաթմբային կառույցներ, այնպես էլ վարընթաց՝ երկարավուն ուղեղի և ողնուղեղի միջոցով դեպի ստամոքսաղիքային ուղու օրգաններ՝ ապահովելով նրանց ֆունկցիաների ռեֆլեքսային կարգավորումը (դրդում կամ արգելակում):

Ախորժակ: Դա զգացողություն է, որը կապված է սնունդ ընդունելու ձգտման հետ: Այն անհատական է և ոչ այնքան պահանջ է սննդի նկատմամբ ընդհանրապես, որքան ավելի շատ կապված է նյութափոխանակության առանձնահատկությունների և սննդի այս կամ այն բաղադրիչների պակասի հետ: Ախորժակի ձևավորման գործում մեծ նշանակություն ունեն արյան քիմիական կազմի փոփոխությունները, որոնք ազդում են ներքին ընկալիչների և ենթատեսաթմբի վրա: Անհրաժեշտ է նշել, որ ախորժակով սննդի ընդունում կարող է տեղի ունենալ նաև այն դեպքում, երբ օրգանիզմում սննդանյութերի անբավարարություն գոյություն չունի:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին