Պտղի արյան շրջանառությունծԸնկերքը պտղի այն միակ օրգանն է, որը զարգանում է նրա մարմնից դուրս և որը նրան պետք է միայն ներարգանդային կյանքում: Ընկերքի և պտղի օրգանիզմի միջև ձգվում է մի երկար պարանանման կապ, որը կոչվում է պորտալար: Այս լարի մեջ կան միայն արյան անոթներª երկու զարկերակ և մեկ երակ: Ընկերքը պինդ կպնում է արգանդի պատին և իր արյան մազանոթային  ցանցով սերտաճում է արգանդի պատի մեջ: Թեպետ պտղի և մոր արյուններն իրար չեն խառնվում, սակայն արգանդի պատում ընկերքի և արգանդի մազանոթներն այնքան են մոտենում իրար, որ նրանց միջև շատ հեշտ և արագ տեղի է ունենում գազա- և նյութափոխանակություն:

Մոր արյունը պտղի արյանն է տալիս իր մեջ լուծված թթվածնի մի մասը և վերցնում է ածխաթթու գազը պտղի արյունից /գազափոխանակություն/, միաժամանակ մայրական արյունը իր մեջ լուծված սպիտակուցները, գլյուկոզան և ճարպերը տալիս է պտղի արյանը և վերցնում է նրանից պտղի արյանը և վերցնում է նրանից պտղի կենսագործունեության արգասիքներըª միզանյութը և կրեատինինը: Այսպիսով պտուղը զարգանալու ընթացքում ամբողջովին սնվում և շնչում է, իսկ որոշ չափով նաև արտաթորում է մոր օրգանիզմի հաշվին, քանի որ ոչ աղեստամոքսային տրակտը, ոչ շնչառական համակարգը և ոչ էլ երիկամները չեն կարող գործել, չնայած որ արդեն ձևավորված են:

Այսպիսով պտուղը չի շնչում, քանի որ արգանդում նրա շուրջ միայն հեղուկ միջավայր է և այս պատճառով նրա թոքերը գտնվում են կնճռոտված կամ սեղմված սպունգի վիճակում: Նրանք այնքան ամուր են սեղմված կրծքավանդակում, որ նրանց մեջ թոքային զարկերակով արյուն չի մտնում, թեպետ արդեն 16 շաբաթական պտղի մոտ կան թոքային զարկերակներ: Արյունը աջ փորոքից անցնում է թոքային զարկերակի ցողուն, իսկ այստեղից Բոտալյան ծորանի միջոցով, շրջանցելով թոքերը, ձախ նախասիրտը, ձախ փորոքը և վերել աորտան գնում է միանգամից վայրէջ աորտա: Սա նույնպես առանձնահատկություն է, որ ունի միայն պտուղը, քանի որ ծնվելուց հետո, երբ երեխան առաջին ներշնչումն է կատարում սեղմված սպունգի նման թոքերը բացվում են ու արյունը թոքային զարկերակից սկսվում է հոսել դեպի թոքեր, իսկ Բոտալյան ծորանը փակվում է:

Պորտային երակով հոսում է զարկերակային արյուն, որը մորից սնունդ և թթվածին է բերում պտղի համար: Պորտային երակը բացվում է լյարդի զարկերակի մեջ: Թթվածնով հարուստ այս արյան մի մասը անցնում է լյարդով, իսկ ավելի մեծ մասը շրջանցում է լյարդը ր երակային ծորանի միջոցով ուղիղ լցվում է ստորին սիներակի մեջ: Փաստորեն պտղի ստորին սիներակի միջից թթվածնով հարուստ արյունը լցվում է նրա աջ նախասիրտը: Նախասրտերի կառուցվածքը նույնպես առանձնահատկություններ ունի: Նախասրտերի միջև գտնվող միջնապատի վրա կա մի օվալաձև հաղորդակցությունª օվալ անցքը, որը ծնվելուց հետո փակվում է: Իսկ մինչ այդ այս անցքը շատ կարևոր դեր ունի, քանի որ հենց նրա միջով է, որ ստորին սիներակով եկած զարկերակային արյունը թափանցում է ձախ նախասիրտ, այնուհետև ձախ փորոք, աորտա և հասնում գլխուղեղին: Աորտայից արյան 2/3-ը գնում է գլխուղեղին և մարմնի վերին կեսին: Վերին սիներակով գլխից և մարմնի վերին կեսից թթվածնով աղքատ արյունը վերադառնում է նույպես աջ նախասիրտ, սակայն այն շրջանցում է օվալ անցքը և եռփեղկ կափույրով լցվում է աջ փորոք, հետո էլ թոքային զարկերակ, սակայն այն չի հասնում թոքերին, քանի որ բաց զարկերակային ծորանով լցվում է վայրէջ աորտայի մեջ: Ծնվելուց անմիջապես հետո թոքերը սկսում են գործել, վերանում է օվալ անցքի և զարկերակային ծորանի անհրաժեշտությունը ու վերջիններս փակվում են ժամանակի ընթացքում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին