Պսիխոպաթիան անձի ախտաբանական խառնվածք է, որը բնորոշվում է հոգեկան ֆունկցիաների աններդաշնակությամբ և դրանով պայմանավորված՝ վարքի անհամապատասխանությամբ, կոնֆլիկտայնությամբ։ Ինչպես նշում է Գ. Շնայդերը, պսիխոպաթները կամ իրենք են տառապում իրենց բնավորության աննորմալությամբ, կամ էլ ուրիշներին են տառապանքի մատնում։ «Պսիխոպաթիա» տերմինի հոմանիշներն են «պաթոլագիական անձնավորություններ», «բնավորության անոմալիաներ», «պսիխոպաթ կոնստիտուցիաներ», իսկ ոմանք պսիխոպաթիաներն անվանում են բնավորության այլանդակություններ։

Հուզակամային անկայունությունը պսիխոպաթ բնավորության հիմնական գծերից է և ավելի է նպաստում կոնֆլիկտային իրավիճակների առաջացմանը։ Չնայած բանականությունը պսիխոպաթիայի դեպքում մնում է պահպանված, բայց բարձր ինտելեկտը (պսիխոպաթիաների շրջանում հանդիպում են նաև տաղանդավորներ) խանգարում է լիովին շտկել պսիխոպաթ բնավորությունը, և, ավելին, պսիխոպաթ մտածողությունը դառնում է կողմնակալ և միակողմանի (պսիխոպաթների աֆեկտիվ մտածողություն): Պսիխոպաթիայի ձևավորմանը մասնակցում են երկու գործոն, նյարդային համակարգի բնածին կենսաբանական անլիարժեքությունն ու արտաքին միջավայրի ազդեցությունը։

Վարքագծի այս կամ այն աննշան շեղումների առկայությունը չի կարող պսիխոպաթիայի ախտորոշման հիմք հանդիսանալ։ Նման դեպքերում նշվում է բնավորության գծերի շեշտվածության (բնավորության ակցենտուացիայի) մասին, որոնք նորմայի ծայրահեղ տարբերակներն են, երբ բնավորության առանձին գծերն չափից ավելի են ընդգծված։ Դրա հետևանքով դրսևորվում է ընտրողական խոցելիություն որոշ հոգեծին գրգիռների նկատմամբ, մինչդեռ այլ գրգիռների հանդեպ ի հայտ է գալիս լիակատար կայունություն։

«Շեշտավորված անձնավորություն» տերմինը առաջարկել է գերմանացի հոգեբույժ Կ. Լեոնհարդը (1968)՝ դասակարգելով շեշտավորվածության ձևերը։

Ա.Ե. Լիչկոն առաջարկել է «բնավորության շեշտվածություն» տերմինը և դրա դասակարգումը (1980)։ Շեշտվածությունը զարգանում է բնավորության ձևավորման շրջանում և հարթվում տարիքին զուգընթաց։ Շեշտվածության ժամանակ սոցիալական անհարմարվոդականությունը կամ լիովին բացակայում է կամ էլ լիովին անցողիկ է։ Պսիխոպաթիաներն անհրաժեշտ է տարբերել ինչպես նորմայի սահմաններում բնավորության անհատական տարբերակներից, այնպես էլ հոգեկան հիվանդություններից։

Պսիխոպաթիաներին, ի տարբերություն բնավորության անհատական տարբերակների, բնորոշ են հետևյալ առանձնահատկությունները.

1. Անձի ախտաբանական առանձնահատկությունների հարաբերական կայունություն, դրանց հետզարգացման չնչին հնարավորություններով.
2. Անձի հոգեախտաբանական առանձնահատկությունների ամբողջական արտահայտվածություն, երբ անձի ոչ թե առանձին գծերը, այլ ողջ հոգեկան կառուցվածքն է ախտաբանական։
3. Բնավորության ախտաբանական առանձնահատկությունների ամբողջական արտահայտվածություն, երբ խանգարվում է անձի վերաբերմունքը շրջապատի հանդեպ և համապատասխանաբար բնականոն փոխհարաբերությունները մարդկանց հետ։

Այս չափանիշներն արտացոլում են պսիխոպաթ անձնավորության ամենաընդհանուր, էական, բնութագրական առանձնահատկությունները և հիմնավորված են Պ.Բ. Գանուշկինի աշխատություններով։

Պսիխոպաթիաները պսիխոզներից տարբերվում են նրանով, որ վերջիններիս բնորոշ են հոգեկան գործունեության արտահայտված խանգարումների ախտանշաններն ու համախտանիշները, օրինակ զառանցանք, ցնորք, գիտակցության մթագնում և այլն։ Բացի այդ, փսիխոպաթիաները չունեն հիվանդության ընթացք, այսինքն հիվանդության սկիզբ, զարգացում, ելք, ավարտ։ Պսիխոպաթիան տվյալ անձնավորության ողջ կյանքի ընթացքում բնավորության տևական կայուն ախտաբանական վիճակ է։

Ներկայումս չկա պսիխոպաթիաների համընդհանուր դասակարգում։ Այս հարցում ամենից ավելի ճանաչված են Պ.Բ. Գանուշկինի, Գ. Շնայդերի, է. Կ. Կրեչմերի, Օ.Վ. Կերբիկովի աշխատությունները։ Նրանց կողմից նկարագրվել են փսիխոպաթիաների ավելի հաճախ դիտվող ձևերը։

Պսիխոպաթիաների տարածվածությունը։ Պսիխոպաթիաների տարածվածությունը կազմում է 10,3 - 13,5 %:

Պսիխոպաթիաների ձևերը: Պսիխոպաթիայի սկզբնական նշաններն արտահայտվում են մանկական և պատանեկան տարիքում, սակայն սեռական հասունացման շրջանում պսիխոպաթիկ հատկանիշները կարող են մեղմանալ կամ լրիվ անհետանալ (դեպսիխոպաթիզացում) կամ, ընդհակառակը, կտրուկ սրանալ ընդհուպ մինչև ծանր պսիխոպաթիայի ձևավորումը։

Առանձնացվում են պսիխոպաթիաների հետևյալ ձևերը։

Ասթենիկ պսիխոպաթները բնութագրվում են այնպիսի գծերով, ինչպիսիք են արագ առաջացող հոգնածությունը, զգայունությունը, տպավորվող լինելը։ Ասթենիկները չափազանց անվստահ են, ամաչկոտ, հեշտությամբ շփոթվում են, հուզվում։ Դրանք «միմոզանման» անձնավորություններ են, որոնց հունից կարող է հանել մտավոր և ֆիզիկական լարվածությունը, կոպտությունը, կյանքի դժվարությունը։ Վախենալով այդ ամենից նրանք խուսափում են լայն շփումներց, ձգտում ստվերում մնալ, դա անպաշտպան, խոցելի անձնավորության ինքնամփոփություն է։ Նրանք վախենում են առաջիկա դժվարություններից, վախենում են ծաղրի առարկա դառնալուց։

Ասթենիկ պսիխոպաթները հաճախ գանգատվում են վատ ինքնազգացողությունից, գլխացավերից, թուլությունից, սրտխփոցից, գլխապտույտից, ընկճված տրամադրությունից, բնորոշ են զարկերակային ճնշման տատանումները։ Վերոհիշյալ ասթենիկ բնույթի ախտանիշներն ավելի են արտահայտվում կյանքի ստերեոտիպի (բնակարանի, մասնագիտական գործունեության, աշխատավայրի) փոփոխությունների դեպքում, կենցաղի սովորական դրվածքի կարգավորումը, նպաստում է որոշակի հավասարակշռվւսծության հաստատմանը։

Պսիխասթենիկ պսիխոպաթները բնավորության շատ գծերով նմանվում են ասթենիկ պսիխոպաթներին, սակայն նրանց գլխավոր առանձնահատկությունը տագնապալից կասկածամտություն է։ Նրանք մանրազնին վերլուծության են ենթարկում ցանկացած արարք, գործողություն, խոսակցություն, ձեռնարկվող կամ ծրագրվող իրադարձություն։ Յուրաքանչյուր որոշում երկարատև քննարկվում է, «մշակվում», ընդունվում կամ հետաձգվում մեծ տատանումներից հետո։ Սեփական վարքի, ծրագրերի և դրանց իրականացման ճշտության վերաբերյալ մշտական կասկածները հաճախ անհաղթահարելի դժվարություններ են առաջացնում և պսիխասթենիկ անձնավորության կյանքը կատարյալ տառապանք դարձնում։

Ինքնավերլուծության հակումը նպաստում է անցյալի իրադարձությունների մշտական վերհիշմանը, սխալների փորփրմանն ու հայտնաբերմանը, ինքնանախատիքներին և ինքնախարազանմանը։ Դա էլ ավելի է նպաստում ինքնավստահության նվազմանը, որը դրդում է պսիխասթենիկներին մեկուսանալ ակտիվ կյանքից, անընդհատ խորհել, թե ինչ են իրենք անում և ինչ է կատարվում իրենց շուրջը։ Սա հանգեցնում է անպտուղ իմաստակման, «մտավոր որոճքի» (Պ. ժանե), չափազանց ուժեղացած ինքնաստուգման ձգտման։

Դեկոմպենսացիայի դեպքում առաջանում են տարբեր հիվանդագին վիճակներ (ծանր հիվանդության առաջացման երկյուղ), որոնք կարող են նպաստել հիպոխոնդրիկ համախտանիշի զարգացմանը։

Գրգռվող (էպիլեպտոիդ) պսիոպաթները ըստ Է.Կրեպելինի աչքի են ընկնում հուզական ուժեղ գրգռականությամբ։ Ամենաչնչին առիթը կարող է առաջացնել աֆեկտիվ արտահայտված գերզգայական ռեակցիա, լինի դա զայրույթ, վախ, ուրախություն, չարություն և այլն։ Երբեմն գերզգայական նոպաներն այնպիսի ուժգնության են հասնում, որ տեղի է ունենում գիտակցության մթագնում (ախտաբանական աֆեկտ) առաջանում է հոգեշարժական գրգռվածություն և կորչում է ըմբռնելու, տեղի ունեցածի համար հաշիվ տալու, իրենց գործողությունները ղեկավարելու ընդունակությունը։ Նման իրավիճակներում շրջապատի համար դառնում են վտանգավոր, նրանք կարող են կատարել զանազան ագրեսիվ արարքներ։ Չնայած նրանք բավականին ակտիվ են, սակայն կենսական դժվարությունների դեպքում, անհաջողությունների ժամանակ հեշտությամբ հուսահատվում են հաճախ դիմելով ինքնավնասումների, հակում ունեն դեպի ալկոհոլը, պերվերզիաները։

Որոշ դեպքերում 30-40 տարեկան հասակում բնավորության պսիխոպաթային գծերը հարթվում են, այլ դեպքերում անբարենպաստ սոցիալական գործոնների պայմաններում, առաջանում է սոցիալական լրիվ դեգադապտացիա։

Հիպերթիմիկ պսիխոպաթները բնութագրվում են մշտապես բարձր տրամադրությամբ, լավ իրքնագգացողությամբ։ Նրանք անհոգ, բարեսիրտ մարդիկ են, աչքի են ընկնում ակտիվությամբ, գործունյա են և ձեռներեց։ Նրանք շարժուն են և շատախոս, հակված են գերագնահատելու իրենց անձն ու հնարավորությունները, սակայն մի փոքր մակերեսային են, շուտ ոգևորվող ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատանքում։ Աչքի են ընկնում ճարպկությամբ, հեշտ են հասնում իրենց նպատակներին, վայելում կյանքի բարիքները։ Սակայն չափից ավելի ինքնավստահությունը, առաջնության հասնելու ձգտումը, մշտական հուգական գերակտիվությունը հաճախ կոնֆլիկտային իրավիճակներ են ստեղծում։ Դյուրագրգիռ լինելով հիպերթիմիկները նույնքան արագ էլ հանդարտվում են, բայց ընդհանուր առմամբ հարմարվում են մարդկանց, կոլեկտիվի հետ։ Նրանք հաճախ իրենց «շրջապատի ոգին» են, լավ, համարձակ կազմակերպիչներ, երբեմն դիմում են խիզախման (ռիսկի), որը հաճախ տարբեր պատահարների է հասցնում։ Ստեղծելով աղմուկ ու իրարանցում նրանք մշտապես ինչ-որ իրադարձությունների կենտրոնում են, գիտեն բոլոր նորությունները, մասնակցում են բոլոր ձեռնարկումներին, բայց այս ամենը հաճախ անցողիկ բնույթ է կրում։ Նրանց կյանքը պայծառ է, բայց առանց խոր հետաքրքրությունների և մտերմությունների։

Հիպոթիմիկ պսիխոպաթները (դիսթիմիկները) աչքի են ընկնում տրամադրության մշտական ընկճված երանգով։ Նրանք «բնածին հոռետեսներ են» (ըստ Պ.Բ. Գանուշկինի), մեղմ, փափկասիրտ, սիրալիր մարդիկ, շատ բարեսիրտ են ու նրբազգաց։ Հիպոթիմիկները մշտապես տանջվում են անլիարժեքության, ոչնչության զգացումից, իրենց համարում անընդունակ, անպետք, անընդհատ զբաղվում են ինքնանվաստացմամբ։ Նրանք կյանքից ոչ մի լավ բան չեն սպասում, անհաջողությունների, դժբախտությունների, անկարգությունների համար առաջին հերթին իրենց են մեղադրում, և եթե նույնիսկ ընտանիքի, ընկերների ներկայությամբ ուրախ են, դա միայն արհեստական դիմակ է։ Երբեմն ընկճված տրամադրության ֆոնի վրա դիտվում են բազմաթիվ հիպոխոնդրիկ գանգատներ։ Պսիխոթերապևտիկ զրույցները բարենպաստ ազդեցություն են թողնում, սակայն միայն կարճ ժամանակով։

Հիսթերիկ պսիխոպաթները հիմնականում ղեկավարվում են ամեն գնով շրջապատի ուշադրության կենտրոնում գտնվելու ձգտմամբ։ Այդ ձգտումն արտահայտվում է ամեն ինչում, արտաքին տեսքում, որը կրում է վառ, աչքի զարնող բնույթ (դիմահարդարություն, սանրվածք, հագնվելու ոճ), արտասովոր արաքներում, դիմաշարժության, շարժուձևի, խոսքի մեջ։ Ամեն ինչ նախանշված է արտաքին ազդեցության համար պայմանավորված «ճանաչման արժանանալու ծարավով»։ Դիտվում է բնավորության ծայրահեղ անկայունություն, փոփոխականություն։ Նրանց կարծիքները, վարքը, զգացմունքները կախված են իրավիճակից։

Հիսթերիկները ձգտում են երևալ ավելին, քան իրականում կան (Յասպերս), երբեմն դիմում են կեղծ վկայությունների, ինքնազրպարտման ամեն գնով իրենց նշանակությունը, առաջատար դերը ցույց տալու նպատակով։ Նրանց ձեռնարկած ինքնասպանության շինծու փորձերը, որոնք երբեմն ճակատագրական են դառնում, նույն նպատակին են ծառայում։ Ոմանք ձգտում են ընդգծել իրենց հիվանդությունների անսովորությունը, որոնց ընթացքում փորձում են ցուցադրել անտանելի տառապանքները հաղթահարելու ճիգերը (հիսթերիկ նոպաներ, համրություն, կուրություն, ոտքի վրա կանգնելու և քայլելու անկարողություն, անդամալուծություն, աղիքային անանցանելություն, շնչառության խանգարում և այլն)։ Հիսթերիկ պսիխոպաթների մոտ բացակայում են հստակ սահմանները երևակայության և իրականության, ֆանտազիայի և ռեալության միջև։ Դրանից բխում է երևակայամոլության, ստելու հակումը, ախտաբանական ստախոսությունը («պսևդոլոգիա ֆանտաստիկա»), երբ ցանկալին ներկայացվում է որպես իրականություն։ Այդ կարգի պսիխոպաթներն այնքան են ընտելանում իրենց իսկ երևակայության արգասիք հանդիսացող իրավիճակներին, որ իրենք էլ են սկսում հավատալ դրանց։

Անբարենպաստ իրադրության ազդեցությամբ հիսթերիկ պսիխոպաթների շրջ

անում առաջանում են նևրոզներ, դաշտանադադարի շրջանում հաճախ սրվում են բնավորության ախտաբանական գծերը։ Սոցիալական լավ պայմաններում հնարավոր է տևական կոմպենսացիա։

Անկայուն պսիխոպաթներն անկամ, թույլ բնավորության տեր մարդիկ են, հեշտությամբ ընկնում են շրջապատի ազդեցության տակ, ընկերների կամքին են ենթարկվում, հեշտ և արագ ընդօրինակում են ուրիշներին։ Նրանք չունեն խոր գիտելիքներ, չեն հաստատում ամուր մտերմական կապեր, մի խմբից հեշտությամբ անցնում են մյուսին, առանց երկմտանքի փոխում են որոշումներն ու նպատակները։ Դպրոցում վատ են սովորում, չնայած մտավոր ունակությունները կարող են վատ չլինել։ Նույն տեղում երկար չեն աշխատում պարապուրդների և աշխատանքային կարգապահության խախտումների հետևանքով։ Նրանք փնտրում են հաճույքներ և թեթև կյանք, զբաղվում հարբեցողությամբ, մոլեխաղերով, օգտագործում թմրանյութեր, վարում անկանոն ապրելակերպ ստեղծելով պատահական կապեր, քանի որ տանել չեն կարողանում միայնությունը։ Անուշադրության մատնվելով «անկայուններն» աստիճանաբար գլորվում են կյանքի «անդունդը»։ Իսկ բարենպաստ սոցիալկան պայմանները հարազատների հոգատարությունն ու վերահսկելը, նրանց սահմանած խիստ ռեժիմը նպաստում են զգալի կոմպենսացիային։

Շիզոիդ պսիխոպաթները մի կողմից ամաչկոտ են, երկչոտ, խոցելի, նրբազգաց, մյուս կողմից անտարբեր, չոր, մանրախնդիր, մռայլ կամ համառ, դաժան, բարձրագույն նպատակներին հասնելու մեջ հաստատակամ։ Բայց նրանց բոլորին միավորում է մեկ ընդհանուր գիծ աուտիզմը։ Բոլորի մոտ դիտվում է զգացմունքների սառնություն, տարօրինակություններ, որոնք արտահայտվում են վարքի, շարժումների, գործողությունների ոլորտում։ Նրանց շարժումները անբնական են, դիմախաղը զուրկ է աշխուժությունից։ Հետաքրքրությունները միակողմանի են, յուրօրինակ, արտասովոր։

Կապերը շրջապատի հետ սահմանափակ են, անմարդամոտ են կամ էլ անբնական մարդամոտ (որը պայմանավորված է անհրաժեշտությամբ)։ Շիզոիդները ծածկամիտ են, երբեք չեն կիսվում ներքին ապրումներով։ Նրանց արտահայտությունները կարճ են ու կտրուկ, երբեմն վատ հասկանալի, հաճախ դիմում են սիմվոլներին, դատարկաբանության։ Ազատ ժամանակը նվիրում են «աուտիստական» զբաղմունքներին՝ ընթերցանությանը, միայնակ զբոսանքներին, բնությամբ զմայլվելուն։ Շիզոիդ բնավորության հիմքը, ըստ Կրեչմերի, այսպես կոչված, պսիխէսթետիկական համամասնությունն է, այսինքն զերզգայնության (հիպերէսթեզիայի) և զգացմունքային սառնության (անեսթեզիայի) զուգակցումը։ Հիպերէսթեզիայի գերազանցման դեպքում խոսքը զգայական շիզոիդների մասին է միմոզանման, խոցելի, իսկ անէսթեզիան (զգացմունքային սառնությունը) հատուկ է էքսպանսիվ շիզոիդներին։

Զգայական շիզոիդները «գերնրբազգաց», հիվանդագին զգայնություն ունեցող, վարքագծի կանոնները պահպանող անձնավորություններ են։
էքսպանսիվ շիզոիդները սթենիկ, կամային անձնավորություններ են, որոնք հաշվի չեն նստում մյուսների հետ։ Մեծամիտ, սառը, սկզբունքային մարդիկ են, անտարբեր են մարդու ճակատագրի նկատմամբ։
Պարանոյալ պսիխոպաթները բնութագրվում են նեղ հետաքրքրություններով, մտածողության միակողմանիությամբ։ Նրանք էգոցենտրիկ են, տառապում են արտահայտված մեծամտությամբ։ Այն ամենը, ինչ սերտորեն կապված է նրանց ու նրանց շահերի հետ, ուշադրության արժանի է թվում։ Նրանք համառորեն պաշտպանում են իրենց համոզմունքները, եթե նույնիսկ բոլորին էլ ակնհայտ է դրանց անճշտությունը, և տրամաբանական հետևություններն ու փաստարկները բոլորովին էլ չեն կարող սասանել նրանց վճռականությունը դրված խնդրի իրականացման գործում։ Աթենիկ են, համառ, կասկածամիտ. յուրաքանչյուրը, ով համաձայն չէ իրենց հետ, արժանանում է թշնամի, չարակամ, նախանձ կոչմանը։

Պարանոյալ պսիխոպաթների արժանիքները և ճշմարտացիությունը շրջապատի մարդկանց կողմից չճանաչելը հանգեցնում են, ենթադրվող թշնամիների դեմ պայքարի։ Անհաջողությունները նրանց չեն կանգնեցնում, այլ նոր ուժ են տալիս այդ պայքարում, որը կարող է երկար շարունակվել, առավել ևս, որ պարանոյալ պսիխոպաթների տրամադրության ֆոնը իջած է լարվածության երանգով։ Ֆիքսվելով վիրավորանքների վրա, չցուցաբերելով բավարար քննադատական վերաբերմունք նրանք վրեժի ծրագրեր են մշակում, մեկը մյուսի հետևից բողոքներ գրում, որոնք ամբոջական հատորներ են կազմում (հայցամոլներ, դատամոլներ), և այս ամենը հաճախ արդարության համար պայքարի տեսք է ընդունում «հանուն արդարության»։
Պարանոյալ պսիխոպաթների հիմնական կլինիկական հատկանիշը գերարժեքային մտքերի ձևավորումն է՝ իրենց բարձր դիրքի, կարևոր նշանակության մասին և խանդը։ Ի տարբերություն զառանցանքների դրանք սերտորեն կապված են ռեալ իրադարձությունների հետ, սակայն հիմնավորումը հաճախ միակողմանի բնույթ է կրում, որպես ապացույց է վերցվում այն, ինչ շահավետ է իրենց, և ընդհակառակն, ուշադրության չեն արժանանում էական հանգամանքները, եթե դրանք չեն ամրապնդում պարանոիկների հայացքները։
Սեռական աղավաղումներ (պերվերզիաներ)։ Սեռական աղավաղումները կարող են առաջանալ տարբեր պսիխոպաթիաների ժամանակ, բայց ավելի հաճախ դրանք դիտվում են գրգռվող, անկայուն, հիսթերիկ պսիխոպաթների շրջանում, ինչպես նաև տարբեր հիվանդությունների ժամանակ (շիզոֆրենիա, նևրոզներ, էնդոկրին հիվանդություններ, գլխուղեղի օրգանական ախտահարումներ և այլն)։
Սովորաբար պսիխոպաթների սեռական աղավաղումների ձևավորման նախապայման է վաղ զարգացող և սեռական ուժեղ գրգռելիությունը։ Մեծ նշանակություն ունի նաև միջավայրի ազդեցությունը, ալկոհոլիզմն ու թմրամոլությունը. որոշակի դեր կարող է խաղալ տարիքը (երիտասարդ, նախածերունական և ծերունական հասակ, երբ պերվերզիվ մղումներն ուժեղանում են)։

Սեռական աղավաղումներից են.

Հոմոսեքսուալիզմ, հակում միևնույն սեռին պատկանող անձանց հանդեպ։ Կանանց շրջանում դա լեսբիականությունն է, տրիբադիան, տղամարդկանց շրջանում պեդ

երաստիան, արվամոլությունը։
Սադիզմ. սեռական բավարարվություն, որն առաջանում է սեռական հարաբերությունը զուգընկերոջը տանջելու հետ (ընդհուպ մինչև գազանային խոշտանգումներն ու նույնիսկ սպանությունները)։
Մազոխիզմ, սեռական բավարարվածություն զուգընկերոջ կողմից նվաստացումների ենթարկվելու ձևով։
Տրանսվեստիզմ. սեռական բավարարվածություն հակառակ սեռի հագուստը կրելու միջոցով։ էքսհիբիցիոնիզմ. սեռական բավարարվածություն հակառակ սեռի անձանց ներկայությամբ սեռական օրգանները ցուցադրելով։
Ֆետիշիզմ։. հակառակ սեռին պատկանող հագուստի առանձին առարկաները (սպիտակեղեն, կոշիկ և այլն) հավաքելով, սա բնորոշ է տղամարդկանց։
Պեդոֆիլիա .սեռական հակում երեխաների հանդեպ։
Ինցեստ .սեռական հակում բարեկամների հանդեպ։
Գերոնտոֆիլիա. սեռական հակում ծերունիների հանդեպ։
Նեկրոֆիլիա .սեռական հակում դիակների հանդեպ։
Սոդոմիտ. սեռական հակում կենդանիների հանդեպ։
Պիգմալիոնիզմ .սեռական հակում արձանների հանդեպ։
Նարցիսիզմ (աուտոէրոտիզմ). ինքնասիրահարվսսծություն, սեռական գրգռումն առաջանում է սեփական մարմինը զննելիս կամ դրա արտացոլումը հայելու մեջ նայելիս։
Սկոտոֆիլիա, վիզիոնիզմ. սեռական գրգռումն առաջանում է սեռական հարաբերություն, միզարձակություն կամ դեֆեկացիա գաղտնի նայելիս։
Օնանիզմ. սեռական օրգանների մեխանիկական գրգռում սեռական բավարարվածություն ստանալու նպատակով (ֆիզիկական օնանիզմ) կամ տարփանքի հասնել էրոտիկ թեմաներով ուժեղ երևակայության միջոցով (հոգեկան օնանիզմ):

Պսիխոպաթիաների պատճառականությունը, դինամիկան,

Պսիխոպաթիաները կարող են լինել բնածին և ձեռքբերովի։ Բնածին փսիխոպաթիաների մասին խոսում են սաղմի կամ պտղի վրա վնասակար նյութերի ազդեցության դեպքում, նշանակություն ունեն ժառանգական գործոնը, ծննդաբերական վնասվածքները, վաղ հետծննդյան շրջանի ախտաբանությունը, սիֆիլիսն ու ալկոհոլամոլությունը, բեղմնավորումը հարբած վիճակում (ֆրանսիայից հեղինակների «շաբաթ օրվա երեխաները»), էմբրիոպաթիաները, ինֆեկցիաներն ու թունավորումները։

Պսիխոպաթիայի ձևավորմանը մեծապես նպաստում են շրջապատի անբարենպաստ պայմանները (դաստիրակությունը, հոգեկան տրավմաները)։

Վիճելի է այն հարցը, թե հոգեծին վնասվածքի ազդեցությամբ առաջացած անձի ախտաբանական զարգացումը կարելի՞ է արդյոք որակավորել որպես պսիխոպաթիա։ Պսիխոպաթիաների բնածին ձևերի դինամիկան հիմնականում բնութագրվում է քանակական կարգի փոփոխություններով, այսինքն պսիխոպաթիկ առանձնահատկությունների ուժեղացմամբ կամ թուլացմամբ։ Դա արտահայտվում է տրամադրության տատանումներով, հոգեկան տրավմաների դեպքում ցուցաբերվող հիվանդագին ռեակցիաներով։

Հոգեախտաբանական առանձնահատկությունների նման սրացումներ առաջանում են պսիխոպաթ անձնավորության համար անբարենպաստ հանգամանքների (ալկոհոլի չարաշահում, մարմնական հյուծում) ազդեցությամբ, երբեմն էլ՝ առանց որևիցե կողմնակի գործոնի։ Դրանք համարվում են դեկոմպենսացիայի վիճակներ, որոնք կարող են առաջանալ նաև անցումային շրջաններում, դաշտանի, հղիության, ծննդաբերության ժամանակ։ Եվ ընդհակառակը, տարիքին զուգընթաց պսիխոպաթիային բնորոշ բնավորության անհամաչափ զարգացման գծերը կարող են հարթվել։

Երեխայի կամ դեռահասի բնավորության ձեռքբերովի ախտաբանական զարգացումը սերտ կապի մեջ է գտնվում կոլեկտիվում կամ ընտանիքում դաստիարակության դրվածքի հետ, ընդ որում առկա է անձի փոփոխությունների ձևի համապատասխանություն՝ պայմանավորված սխալ դաստիարակության առանձնահատկություններով։ Այսպես, եթե երեխան ենթարկվում է նվաստացումների, անտեղի խիստ պատիժների, գուրգուրանքի չի արժանանում, դա նպաստում է անձի զարգացման արգելակային ձևի կազմավորմանը։ Երեխայի բոլոր ցանկությունների կատարումը, նրա արարքների նկատմամբ մշտապես ցուցաբերվող հիացմունքը, նրան ներշնչելը, որ ինքը սովորական չէ, տաղանդավոր է, նպաստում է եսասիրության ու եսամոլության զարգացմանը, միշտ ուշադրության կենտրոնում գտնվելու ձգտմանը, այսինքն անձնավորության հիսթերիկ գծերի ձևավորմանը։ Հետևաբար միջավայրի անբարենպաստ պայմանները, հատկապես մանկական և դեռահաս տարիքում, երբ ձևավորվում են բարձրագույն նյարդային գործունեության առանձնահատկությունները, կարող են հանգեցնել այնպիսի շեղումների, որոնք առկա են բնածին պսիխոպաթիայի ժամանակ։ Իսկ դա հանգեցնում է նրան, որ հեռավոր փուլերում ախտաբանական զարգացումն իր կլինիկական պատկերով չի տարբերվում բնածին պսիխոպաթիայից։

Բայց ի տարբերություն պսիխոպաթիայի, անձի ախտաբանական կերտվածքի սկզբնական փուլը ձևավորվում է որոշակի ժամանակահատվածում. հենց այդ ժամանակից սկսած դրսևորվում են բնավորության ախտաբանական գծերը, ի հայտ է գալիս պսիխոպաթներին բնորոշ վարքագիծը, այսպես կոչված, «նախապսիխոպաթային» վիճակն Է։ Այս փուլում դեռահասը տարբեր միջավայրերում իրեն տարբեր կերպ է պահում, դպրոցում ցուցաբերում է արգելակվող պսիխոպաթներին բնորոշ վարքագիծ, քանի որ համադասարանցիները ծաղրում են ու նեղում նրան, իսկ հասակակիցների հետ հարաբերությունները լավ են, և նա չի ցուցաբերում պսիխոփաթիկ որևէ առանձնահատկություն։

Ինչպես կորիզային պսիխոպաթիայի, այնպես էլ անձի ախտաբանական զարգացման գործում կարևոր դեր է խաղում արբունքի շրջանը։ Այդ շրջանում արդեն արտահայտվող պսիխոպաթիկ առանձնահատկությունների դեպքում սկսվում է դրանց կայունացում կամ, ընդհակառակն, անձը դառնում է ներդաշնակ, տեղի է ունենում նրա բնավորության աղավաղված գծերի մեղմացում։ Այդ պատճառով էլ մինչև արբունքի շրջանի ավարտը անհրաժեշտ է մեծ զգուշությամբ ախտորոշել պսիխոպաթիան։

Ախտորոշումը և բուժումը.
Պսիխոպաթիայի կամ անձի ախտաբանական զարգացման ախտորոշման համար կարևոր են ոչ այնքան հիվանդի ասածները, նյարդաբանական, էլեկտրաուղեղագրի կամ փորձարարական հոգեբանական հետազոտության տվյալները (դրանք կարող են ոչինչ էլ չտալ), որքան առօրյա կյանքում տարբեր աղբյուրներից օբյեկտիվ վկայությունները։ Բնածին պսիխոպաթիաները ու ախտաբանական զարգացումներն անհրաժեշտ է տարբերակել գլխուղեղի օրգանական վնասվածքների, էպիլեպսիայի, շիզոֆրենիայի և այլ հիվանդությունների դեպքում առկա պսիխոպաթանման վիճակներից։ Այդ հիվանդությունները կարող են առաջացնել անձի պսիխոպաթացում, երբ հիվանդության կլինիկական պատկերն արտահայտում է պսիխոպաթանման բնավորություն։ Սակայն այդ պսիխոպաթանման վիճակները ցուցաբերում են տարբեր հիվանդություններին բնորոշ ախտանիշներ։ Այսպես, շիզոֆրենիայի հասարակ ձևի ժամանակ անձի ու բնավորության փոփոխությունները հիշեցնում են պսիխոպաթիա, սակայն տարբերակման դեպքում հայտաբերվում են շիզոֆրենիային բնորոշ ինչպես արգասավոր, այնպես էլ բացասական ախտանշաններ, որոնք վկայում են շիզոֆրենային դեֆեկտի ձևավորման մասին։ Նման դեպքում անամնեզն ու կլինիկական հետազոտությունը թույլ են տալիս հայտնաբերել հիվանդության սկիզբն ու դրա հետ կապված բնավորության յուրահատուկ փոփոխությունը։ Անձի ախտաբանական զարգացմանը և պսիխոպաթիաներին բնորոշ են հակվածությունը ալերգիկ ռեակցիաների հանդեպ, ինչպես նաև դիսֆորիաները։ Նրանք վատ են տանում ալկոհոլային խմիչքները (նույնիսկ փոքր քանակությամբ)։

Պսիխոպաթիաների բուժումը ներառում է ինչպես դեղորայքային թերապիան, այնպես էլ բժշկամանկավարժական միջոցառումներն ու հիվանդների սոցիալ-աշխատանքային ապահովումը։ Խորհուրդ է տրվում պսիխոթերապիայի և հոգեբանական ներգործման լայն կիրառում։ Հոգեբանական բուժման ժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ պսիխոպաթիաների դեպքում դեղորայքի հանդեպ կարող է լինել փոփոխված հակազդեցություն։ Պսիխոտրոպ միջոցների փոքր դեղաչափերի համակցումը մեղմ հակադեպրեսանտների և հանգստացնող դեղամիջոցների հետ նվազեցնում է աֆեկտիվ լարվածությունը և նպաստում սոցիալ-աշխատանքային հարմարմանը։
Աշխատանքային փորձաքննություն։ Պսիխոպաթիաների ժամանակ աշխատունակության կորուստը կարող է առաջանալ դեկոմպենսացիաների դեպքում և կրել ժամանակավոր բնույթ, նման դեպքերում հիվանդին տրվում է հիվանդության թերթիկ։ Ձգձգվող դեկոմպենսացիաների դեպքում հիվանդին տրվում է երրորդ խմբի հաշմանդամություն։
Դատահոգեբուժական գնահատականը։ Պսիխոպաթները հիմնականում մեղսունակ են ճանաչվում, քանի որ չեն կորցնում իրենց գործողություններին հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ընդունակությունը։ Հազվադեպ արտահայտված հիվանդագին վիճակների դեպքում (գիտակցության մթնշաղային վիճակներ, ծանր դեկոմպենսացիաներ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին