Պլազմահոսությունը (պլազմոռագիան) պլազմայի ելքն է արյունատար հունից: Պլազմահոսության հետևանք է անոթի պատերի և շրջակա հյուսվածքի ներծծումը պլազմայով` պլազմատիկ ներծծումը: Պլազմահոսությունը անոթային թափանցելիության խանգարումների դրսևորումներից մեկն է: Անոթների թափանցելիությունը բնականոն վիճակում ապահովում է անդրամազանոթային (տրանսկապիլյար) փոխանակությունը: Այդ փոխանակությունը տեղի է ունենում միկրոշրջանառության հունի անոթներում: